Արցախյան պատերազմում գերի ընկած սիրիացի վարձկանները ազատություն են պահանջում. «Մենք համաձայն չենք, որ կալանքի ժամկետը երկարացվի»

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմում գերի էին վերցրել Սիրիայի քաղաքացիներ, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը Հայաստանում են։

Այդ մասին «Մեդիալաբի» հետ զրույցում տեղեկացրեց երկու արաբների փաստաբան, հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

«Նման տեղեկություններ չունեմ, եթե նման բան լիներ, առաջինը ես տեղեկացված կլինեի։ Նրանք երկուսն էլ այժմ գտնվում են կալանքի տակ»,- ասաց փաստաբանը՝ հերքելով սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, թե հայկական կողմը վերադարձրել է սիրիացի վարձկաններին։

Յուսեֆ Ալաբեթ ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ Շխերը մեղադրվում են Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։

45-ամյա Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերն ասել էր, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Նա խոստովանել էր, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին:

Նա ասել էր նաև, որ իրենց խոստացել են 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Նախքան ռազմաճակատ բերվելը նրանք մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

32-ամյա Յուսեֆ Ալաբեդ ալ Հաջին ավելի վաղ Հայաստանի իրավապահներին պատմել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգի Զիադիա գյուղի բնակիչ է, գրել-կարդալ չգիտի, հայրենիքում ընտանիքը պահել է անասնապահությամբ և հողագործությամբ։ Պատմել է նաև, որ դեռևս հոկտեմբերին իրենց հարևան գյուղի իր ծանոթ բնակիչը՝ Իբրահիմ անունով, ում դիմում են նաև որպես Աբու Ահմադ, իր տուն է եկել և հայտնել, որ Ադրբեջանում եռամսյա զորավարժություններ են, կարող է մասնակցել, ինչի համար ամսական 2000 դոլար կստանա։ Թեպետ ընտանիքը դեմ է եղել, նա համաձայնել է և հոկտեմբերի 18-ին 500 այլ վարձկանների հետ եկել է Ադրբեջան։ 

Դեռևս նոյեմբերին կալանավորված վարձկանների կալանքի երկամսյա ժամկետը վերջերս ավարտվել էր, և Քննչական կոմիտեն դարձյալ միջնորդություն էր ներկայացրել ևս երկու ամսով վարձկաններին կալանավորելու համար։ Սակայն նրանց փաստաբան Էդուարդ Աղաջանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով ազատ արձակել նրանց կալանքից։

«Իմ կողմից կալանավորման ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Հայցադիմումս մուտք է արվել, ընդունվել է վարույթ, այս քանի օրերի ընթացքում նիստ կկայանա, և մեր բողոքները կլսվեն»,-ներկայացրեց փաստաբանը։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիմքով է նման պահանջ ներկայացրել Վերաքննիչ դատարան, սակայն փաստաբանը դժվարացավ հստակ պատասխան տալ՝ նշելով, որ վաղուց է բողոքը մուտք արել, բովանդակությունը չի հիշում։ «Տարբեր հիմքեր են դրվել բողոքի հիմքում։ Մենք ուղղակի համաձայն չենք, որ կալանքի ժամկետը երկարացվի»,- հավելեց փաստաբանը։

Մյուս հարցին, թե արդյոք դա նրա՞նց ցանկությունն է եղել, Աղաջանյանը արձագանքեց․ «Իրենց ցանկությունն է եղել, իրենց իրավունքն է եղել, որը իրացվել է»։

Այլ հարցերի հանրային պաշտպանը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը և փաստաբանական էթիկայի կանոնները․ «Ես իմ պաշտպանյալների հետ չեմ համաձայնեցրել, թե ինչ ծավալով տեղեկություն կարող եմ հանրայնացնել»։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am