Տեղի ունեցածը հիշեցնում է Սարի թաղի դեպքերը, երբ լրագրողներին հավաքեցին մի տեղ ու հատուկ միջոցներ կիրառեցին. Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը 

– Պարո՛ն Մելիքյան, հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության գործողություններից տուժել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչպե՞ս եք գնահատում լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքը։

– Մենք, իհարկե, ուշադիր հետևել ենք իրադարձություններին ու արձանագրել ենք փաստերը, մեր գործընկեր լրագրողական կազմակերպությունների հետ հրապարակել ենք հայտարարություն այդ ամենի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ սա հետհեղափոխական Հայաստանում առաջին դեպքն է, երբ լրագրողների նկատմամբ բազմաթիվ ֆիզիկական բռնություններով ու ճնշումներով իրադարձություն է տեղի ունենում։ Մեր արձանագրած տվյալների համաձայն՝ տուժել են 10-ից ավելի լրագրող ու օպերատոր նաև լուսաձայնային նռնակների պայթյունների հետևանքով, առաջացած հրմշտոցներից կան նաև վնասվածք ստացողներ։ 

Հերթական անգամ մենք արձանագրում ենք, որ ոստիկանությունը չի բարեփոխվել, հատկապես երբ տեսնում ենք «Ֆոտոլուր» լրատվական գործակալության նկարը ու մի շարք տեսանյութեր, որոնցում երևում է, որ նռնակներն նետել են նաև մի տեղում հավաքված լրագրողներին ու օպերատորներին, որտեղ տեսախցիկներն են տեղադրված։ 

Որոշ առումով դա հիշեցնում է 2016 թվականի հուլիսյան իրադարձությունները Սարի թաղում, երբ լրագրողներին հավաքեցին մի տեղ, ու նրանց նկատմամբ կիրառեցին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ և այլն։ Գործելաոճը ցույց է տալիս, որ ոստիկանական համակարգը չի բարեփոխվել, որքան էլ հռչակում են այդ մասին։ 

Ես առիթ ունեցել եմ տեսնել, թե ինչպես են ցրում բողոքի ակցիաներն արտերկրում,  այնտեղ սկզբում կիրառում են ջրցան մեքենաներ, այնուհետև, երբ ոստիկանների ու ցուցարարների միջև տարածություն է առաջանում, նոր կիրառում են այդ լուսաձայնային նռնակները։ Իսկ մեզանում այդ նռնակները գցել են ցուցարարների ու լրագրողների խմբված տեղերում, ինչն անթույլատրելի է։

– Դատելով տեսանյութից ու նկարներից՝ կարո՞ղ ենք ասել, որ միտումնավոր է արվել դա, որպեսզի խոչընդոտվի մեր գործընկերների աշխատանքը։

– Կարող է լինել նման ենթադրություն, համենայնդեպս, հրապարակված նկարը խոսում է այն մասին, որ այն վայրը, որտեղ հավաքված են լրագրողներն ու օպերատորները, նռնակ է պայթում, ու շատ քիչ հավանական է, որ դա միտումնավոր չէ: Բայց չեմ բացառում, որ նաև միտումնավոր եղած լինի, որովհետև արդեն վատ ավանդույթ է դարձել, որ ոստիկաններն ամեն ինչ անում են, որպեսզի լրագրողները նվազագույնս կարողանան լուսաբանել այդ գործողությունները, որոնք կատարում են ուժային կառույցները։

– Պարո՛ն Մելիքյան, հիշեցիք 2016-ի դեպքը, բացի դա՝ նմանատիպ այլ դեպքեր եղե՞լ են լրագրողների նկատմամբ։

– Եթե մենք անցնենք 30 տարիների պատմությունը, ապա կտեսնենք, որ բոլոր իշխանությունների ժամանակ այսպիսի աղաղակող փաստեր եղել են։ Դա եղել է և՛ 1996 թվականի բողոքի ակցիաների ժամանակ, և՛ 2000-ականների սկզբին, երբ նախագահի ընտրության արդյունքները կեղծվում էին, ու մարդիկ դուրս էին գալիս փողոց: 

Բնականաբար, լրագրողները, որոնք լուսաբանում էին այդ իրադարձությունները, ենթարկվում էին ֆիզիկական բռնությունների, նրանց նկարած կադրերը ոչնչացվում էին և այլն։ Այսպես շարունակ կարող ենք վերհիշել 2015-ի «Էլեկտրիկ Երևանը», որտեղ 20-ից ավելի լրագրողներ ֆիզիկական բռնությունների, ճնշումների ու հետապնդումների արժանացան, ինչպես արդեն նշեցի՝ Սարի թաղի դեպքերը, որտեղ նույնպես 20-ից ավելի լրագրողներ բռնության ու հետապնդման ենթարկվեցին։ Այնպես որ, բոլոր իշխանությունների օրոք այս ամենը եղել է ու շարունակում է լուրջ խնդիր մնալ։

– Այս դեպքն ինչպե՞ս է անդրադառնալու Հայաստանում ազատ խոսքի, լրագրողների ազատության ցուցանիշի վրա։

– Բնականաբար այս իրադարձություններն ու արձանագրված փաստերը չեն վրիպի միջազգային կառույցների աչքից, այդ փաստերը նաև մենք մեր զեկույցներում կարտացոլենք, ու, կարծում եմ, որ սա իսկապես կարող է շատ բացասաբար անդրադառնալ միջազգային կառույցների կողմից Հայաստանում խոսքի ազատության վիճակի գնահատման վրա, ու մեր երկրի վարկանիշը կարող է իջնել, ինչը շատ մտահոգիչ է: Սակայն նման պարագաներում միշտ ասում եմ, որ միջազգային կառույցների համար չէ, որ պետք է պայքարենք լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների համար, դա առաջին հերթին մեզ է պետք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am