«Բժիշկները երկընտրանքի առաջ կարող են կանգնել՝ զինվորի կյանքը փրկել, թե՞ Covid-ով հիվանդի»․ Արտաշես Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը

– Պարո՛ն Թադևոսյան, Հայաստանում գրանցվող կորոնավիրուսի դեպքերն աճում են, ի՞նչ պետք է անել համավարակը կանգնեցնելու համար։

– Պետքն է հետևել այն կանոններին, որոնք մասին ասվում է՝ սոցիալական հեռավորության պահպանում, դիմակ կրել, ձեռքերն ախտահանել։ Ցավոք սրտի, սա հետևանք է այս շրջանում անթիվ-անհամար հուղարկավորությունների ու հոգեհանգստյան արարողությունների։ Ոչ ոք դիմակ չի կրում ։ Բազմիցս տեսել եմ՝ մի քանի հարյուր մարդ է հավաքվում մի տարածքում, ոչ ոք դիմակ չի կրում։

Պատվաստանյութին սպասելն անիմաստ է, մեծ հարց է՝ ե՞րբ կլինի, լինելուց հետո էլ որքանո՞վ արդյունավետ կլինի։ Միակ ելքն այն է, որ պետք է ինչ-որ կերպ դանդաղեցնել տարածումը։ Իսկ դա շատ պարզ մեթոդ է՝ վերոնշյալ երեք միջոցառումները պետք է պահպանվեն։ Հիվանդներն անպայման պետք է ընտանիքով հանդերձ մեկուսանան։ Հատկապես կարևոր է դիմակ կրելը փակ տարածքում։ Ես կողմնակից չեմ, որ փողոցում ու բացօթյա տարածքում դիմակներ կրեն, բայց փակ տարածքում պարտադիր պետք է կրել։ Այսօր խանութներ, այլ փակ տարածքներ մտեք ու տեսեք՝ փակ տարածքում ոչ ոք դիմակ չի կրում։ Եվ հետևանքը սա է։

Իսկ միգուցե այդ ամենի պատճառը նաև այն է, որ վերահսկող մարմիննե՞րն են թուլացրել իրենց վերահսկողությունը, օրինակ՝ ոստիկանությունը նախկինում ակտիվ հետևում ու տուգանում էր դիմակ չկրողներին։

– Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց ամբողջ հարցն այն է, որ ամեն խաչմերուկում, բանկի ու խանութի դռան դիմաց հնարավոր չէ մահակը ձեռքին ոստիկան կանգնեցնել։ Ի վերջո, հասուն մարդիկ են, երեխա չեն, իրենք պետք է հետևեն իրենց առողջությանը։ Այո՛, վերահսկողությունը գուցե անհրաժեշտ է, գուցե պետք է ավելի խստացնել, բայց դա որևէ արդյունք չի տա, եթե բնակչությունը ինքն ընդառաջ քայլ չկատարի։

Եթե անդրադառնանք օրական թեստերի քանակին ու դրական հաստատվող դեպքերին, վիճակը շա՞տ մտահոգիչ է։ Օրինակ՝ մոտ 4000 թեստից 1500-ին մոտ դրական դեպք է հաստատվում։

– Մոտ 30-40 տոկոսը դեպքերը դրական են։ Ես կարծում եմ՝ դա խոսում է այն մասին, որ իրենք գնում ու փնտրում են կոնտակտները։ Այդ պատճառով է հաստատվող դեպքերի թիվը մեծ։ Դա նշանակում է, որ իրենք բավական արդյունավետ են գործում, կոնտակտների հետևից են գնում՝ ընտանիքի անդամներ, կոլեկտիվում աշխատողներ և այլն։

Առաջիկայում այդ թիվն էլ ավելի՞ կարող է աճել։

– Միանշանակ աճելու է, որովհետև մեկ հիվանդը 2-4 մարդու վարակում է։ Իսկ եթե հիվանդների թիվն ավելանում է, դա նշանակում է, որ նրանց հետ շփման մեջ գտնվողների թիվն էլ է աճում, և վարակի տարածումը կմեծանա։

– Առողջապահության համակարգի վրա ծանրաբեռնվածության տեսանկյունից եթե նայենք խնդրին, հիմնական բեռը խոցելի՞ խմբերն են։

– Ես կարող եմ ասել, որ առողջապահության համակարգի վրա բեռ են բոլորը, որովհետև երիտասարդներին էլ են այսօր հիվանդանոց պառկեցնում։ Երեկ կորոնավիրուսից մահացածների թվում կար 40 տարեկան տղամարդ, որը ոչ մի քրոնիկական հիվանդություն չուներ։ Երիտասարդ, առողջ տղամարդ, բայց մահացավ այդ հիվանդությունից։

Կարո՞ղ ենք ասել, որ հասել ենք այն փուլին, որ առողջապահության համակարգում ստիպված են ընտրել՝ վիրավոր զինծառայողի՞ն բուժօգնություն ցուցաբերել, թե՞ կորոնավիրուսով հիվանդին։

– Կարծես թե այդ փուլում ենք։ Եվ սա առողջապահության համակարգն ու բժիշկներին երկընտրանքի առաջ է կանգնեցնում։ Նրանք երդվել են, որ բոլորին պետք է օգնեն, որ համակարգը ստեղծված է բոլորին օգնելու համար, և հիմա կանգնած են մի օրհասական վիճակի առաջ։ Ես չեմ կարող պատկերացնել, թե այդ որոշումն ընդունողը ո՞նց է ընդունելու, որովհետև դա մարդու իրավունքների, Հիպրոկրատի երդման, առողջապահության ամբողջ գաղափարի խախտում է։

– Ի՞նչ կոչ կուղղեք մարդկանց։

– Կոչ կանեմ խելք հավաքել, զգոն լինել, խնդրին լուրջ մոտենալ։ Հիվանդության տարածման առաջին ամիսներին շատ էին ասում՝ «չենք հավատում, էս ի՞նչ հիվանդություն է որ»։ Բայց արդեն 10 ամիս է՝ դուք տեսնում եք իրավիճակը, էլ ինչի՞ն չեք հավատում։

Մինչև ժողովուրդը խելքը գլուխը չհավաքի, կամավոր չանի քայլեր, որոնք կանխարգելելու են համավարակի տարածումը, ոչինչ չի փոխվի։ Այդ մշակույթը չի զարգանում մեզ մոտ։ Ինչպես մենք ասում ենք՝ 5000 տարվա մշակույթ ունենք, այդ 5000 տարվա մակարդակի վրա էլ մնացել ենք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am