Ինչո՞ւ է թշնամին ընտրել Երասխի ուղղությունը. ըստ տնտեսագետի՝ Երասխը առանցքային կետ է

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, այս օրերին Երասխի ուղղությունը ադրբեջանական կողմը ակտիվ հարձակումների է ենթարկում, ՊՆ-ի հաղորդմամբ՝ կիրառվում են նույնիսկ ականանետներ: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է ընտրվել հենց այդ ուղղությունը:

– Երասխը, բնականաբար, հանդիսանում է Հայաստանի հյուսիսը հարավին կապող հանգուցային կետ և նաև միջազգային՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Պարսից ծոցը Սև ծովին կապող աշխարհաքաղաքական միջանցքի հանգուցային կետ:

Այս պարագայում այդ կետի ընտրությունը պատահական չէ, քանի որ դեպքերի անբարենպաստ զարգացումների դեպքում կարող է խաթարվել հաղորդակցությունը նախևառաջ Հայաստանի մայրաքաղաքի և հյուսիսային, հարավային շրջանների միջև կապը:

Բացի այդ, այդ ճանապարհի հետ որոշակի պլաններ ունեցող Իրանը, Հնդկաստանը այս ամենից հետո կարող են ձեռնպահ մնալ ու ստեղծված լարվածության պատճառով հրաժարվել այդ տեղանքով հաղորդակցություն իրականացնելու մասին ծրագրերից:

Այսինքն՝ ստեղծվում է մի իրավիճակ, որ Ադրբեջանն ու Թուրքիան կյանքի կոչեն Արևելք-Արևմուտք Պարսից ծոցը Սև ծովին կապող ճանապարհը, որն անցնելու է Ադրբեջան Նախիջևան-Թուրքիա հիմնական ուղղությամբ:

– Այսինքն՝ Սյունիքում միջանցք չստանալու արձագա՞նքն է սա:

– Խնդիրը հետևյալն է. Երասխում ստեղծված իրավիճակը ավելի շատ ահաբեկելու և հայկական կողմին մտածելու առիթ տալու նպատակ ունի: Այսինքն՝ ուզում են ցույց տալ, որ Հայաստանի համար լուրջ հետևանքներ կարող են տեղի ունենալ: Սա զուտ ճնշում է Հայաստանի վրա, որպեսզի հնարավորինս շուտ տրամադրվի Սյունիքում Ադրբեջանի արևմտյան շրջանը Նախիջևանին կապող ճանապարհային հաղորդակցության կապը, որը չեմ ուզում միջանցք անվանել:

Ադրբեջանն օր առաջ ուզում է այն ստանալ, և, բնականաբար, քանի դեռ աշխարհաքաղաքական իրավիճակը պահպանվում է, փոփոխություններ չկան, դրա համար կան նպաստավոր պայմաններ: Մինչդեռ երբ փոխվեց աշխարհաքաղաքական իրավիճակը, Ադրբեջանը կարող է հայտնվել ոչ շահեկան վիճակում:

Գիտեք՝ Սյունիքում, Գեղարքունիքում ադրբեջանական զորքերի ներխուժումը համարժեք արձագանքի չարժանացավ, հայ հանրության շրջանում լուրջ խնդիր չստեղծեց, հիմա մտածում են՝ ինչու ոչ, և փորձում են այս ուղղությունը՝ թատերաբեմը մոտեցնելով Երևանին, ավելի հանգուցային կետի տարածքում:

Այդպիսով, նրանք մտածելու տեղիք են տալիս թե՛ Հայաստանի բնակչությանը, թե՛ իշխանություններին, որ դեպքերի՝ իրենց համար ոչ բարենպաստ զարգացումների դեպքում կարող են նման սադրանքներով խոչընդոտել և ընդհուպ կապը խզել Հայաստանի հյուսիսի և հարավի միջև: Շատ առանցքային կետ են ընտրել:

Պետք է նկատի ունենալ նաև, որ Երասխից ոչ շատ հեռու գտնվում է Տիգրանաշենը, որի հանդեպ տարածքային հավակնություններ ունեն այսպես կոչված անկլավի կարգավիճակով, և սա նաև հիշեցում է, որ մենք այստեղ ունենք տարածքային հավակնություններ:

– Դուք ասացիք՝ եթե աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվեց, Ադրբեջանը կարող է հայտնվել ոչ շահեկան վիճակում: Ի՞նչ նկատի ունեք, պարո՛ն Սարգսյան, նկատի ունեք ԵՄ-ից հնչող հայտարարություննե՞րը, դիրքորոշո՞ւմը նաև:

– Այո՛, ցանկացած բան կարող է փոխվել: Նախևառաջ, հիշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չայցելեցին Շուշի, ինչը սառը ցնցուղ էր Ադրբեջանի համար: Դա նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Ադրբեջանի միջև առանցքային տարաձայնություններ կան. Ադրբեջանը փորձում է լիովին հաժարվել ԼՂ հարցից՝ համարելով դա լուծված, իսկ Մինսկի խումբը, բնականաբար, շեշտում է, որ այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ու հովանու ներքո:

Նոր զարգացումներ կարող են առաջ բերել նաև ԵՄ-ից հնչող հայտարարությունները, ինչպես նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը, որոնք ամեն օր կարող են փոփոխվել՝ կապված Աֆղանստանի, հարևան երկրների ու Թուրքիայի նկատմամբ ունեցած քաղաքականության հետ:

Արդյունքում կարող է լիովին այլ իրավիճակ ստեղծվել: Դրա համար Ադրբեջանը փորձում է այս կարճ ժամանակում հասնել իր համար առավելագույն արդյունքի՝ հայտնվելով բարենպաստ դիրքերում:

– Իսկ առավելագույն արդյունքի հասնելու շանսեր ունի՞ Ադրբեջանը:

– Ես ինքս կարծում եմ՝ մեծ բախումներ, առճակատումներ չեն լինելու, քանի որ Ադրբեջանը նման արկածախնդրության չի գնա: Հակառակ դեպքում գործի կդրվի ՀԱՊԿ գործիքակազմը, և Ադրբեջանը որևէ շանս չի ունենա ու ստեղծված իրավիճակից կարող է տուժած դուրս գալ:

Այդ դեպքում անգամ Թուրքիայի գործոնը չի կարող օգնել, քանի որ ինքն է խախտել ՀՀ պետական սահմանը, ինքն է հրահրել բախումը: Դա կդատապարտվի նաև միջազգային հանրության կողմից:

Սա ուղղակի Հայաստանի հանրությանը վախեցնելու, հոգեբանորեն ճնշելու փորձ է՝ հաշվի առնելով նաև այն, որ պատերազմից հետո մեր հասարակությունը հոգեբանական ծանր վիճակում է: Նրանք կարծում են, որ այս ուղղությամբ ճնշելով՝ Հայաստանը կմոռանա Արցախը, կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԼՂ-ն իր կազմում, և Արցախի հարցը, այսպես ասած, կփակվի: Դա իրենց երազած տարբերակն է:

Մեր գործողությունները պետք է տրամաբանություն ունենան: Մենք պետք է պատրաստ լինենք, հոգեբանորեն ամուր լինենք, հասկանանք, որ գործ ունենք նման թշնամու հետ, ու ամեն րոպե սպասենք նոր սադրանքների: Ընդունելի չէ վախի մթնոլորտում գնալ ինչ-որ զիջումների:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am