«Աշխարհքի կողմից մոռացված ապրում ենք».Նուբարաշենի գարշահոտ թագավորության այցելուները

«Աշխարհքի կողմից մոռացված ապրում ենք».Նուբարաշենի գարշահոտ թագավորության այցելուները
«Աշխարհքի կողմից մոռացված ապրում ենք».Նուբարաշենի գարշահոտ թագավորության այցելուները

52 հա տարածք զբաղեցնող Նուբարաշենի աղբանոցում աղբատար մեքենաների ելք ու մուտքից, անընդհատ օդ բարձրացող փոշուց ու մետրերով տարածվող աղբի գարշահոտությունից երկինք են թռչում աղբակույտերին հավաքված ճայերը:

Աղբակույտերի գարշահոտության մեջ կանայք, տղամարդիկ եւ նույնիսկ անչափահաս երեխաները փորփրում են կույտերը, փնտրում, շուռ տալիս. նրանց համար սովորական են դարձել համատարած աղմուկը, կեղտոտ միջավայրը, աղբի մեջ թափառող շները:

Նրանք ամեն օր գալիս են աղբանոց պլաստմասե ու կապրոնե շշեր հավաքելու, ոմանք՝ պղինձ, ալյումին ու երկաթ, որը վաճառում են իրենց ամենօրյա հացի գումարը վաստակելու համար:

27-ամյա Հովիկ Ղազարյանը պատմում է, որ 9 տարեկանից աղբանոցի այցելուներից է, ասում է, որ սովորել է գարշահոտությանը:

«Ամեն օր առավոտը 9-ից մինչեւ 3-ը ստեղ եմ: Հավաքում եմ կապրոնից ու պլաստմասից շշեր: Մի մեշոկին 1000 դրամ փող են տալիս: Օրվա մեջ մի 3-5 հատ սենց մեշոկ լցեմ, հերիքա»,- ասում է նա՝ ցույց տալով կողքը դարսած, իր հասակից բարձր կապույտ պարկերը, որոնց մեջ լցված են կեղտոտ շշերը:

Նա ապրում է Նուբարաշենում, ամուսնացած է, ունի մեկ երեխա եւ ընտանիքը պահում է աղբանոցի շնորհիվ:

«Կրթություն չեմ ստացել, դպրոցում չեմ էլ սովորել նորմալ,- ասում է արեւից աչքերը անընդհատ կկոցող Հովիկը,- Մենք էնքան ենք սովորել էս աղբին, որ մեզ ոչ մի բան էլ չի կպնի: Ձեռնոցներ եմ հագնում աշխատելուց, որ շուշա, բան չճղի, բայց վախում եմ գնամ բժշկի, էնքան բաներ կա, հազիվ տուն եմ պահում»:

Աղբակույտերի մեջ դրված հնամաշ ու կեղտոտ բազկաթոռին նստած կինը ծխում է ու խռպոտ ձայնով խոսում կողքին կանգնածների հետ, որոնցից մեկը` մրոտ շորերով ու գլխին կեղտոտ ցիլինդր` բղավում է.

«Ես 20 տարի ա ստեղ հաց եմ աշխատում, որ գոնե գիշերը սոված չքնեմ ու էդ մասին ամբողջ հանրապետության 80 տոկոսը գիտի, բայց հնարավորություն չեն տալիս: Որովհետեւ բացի ստեղը, հըլը փողոցներով անցեք, տեսեք քանի զիբիլի յաշիկի մեջը, քանի մարդ ա մտած քանդում: Էդ ո՞վ չգիտի, բոլորն էլ գիտեն էս ու ոչ մի բան էլ չի փոխվելու»:

Պլաստմասե ու կապրոնե շշեր, տոպրակներ, գունավոր մետաղներ, կենցաղային տարբեր տեսակի իրեր, հագուստի լոսկուտներ, ավտոմեքենաների հին, մաշված անվադողեր, փոշոտ ու կեղտոտ բազկաթոռներ, անձրեւանոցներ…

Քիչ հեռու աղբի մեջ կանգնած է քրքրված բութսիներով, սպիտակ, բայց աղբից լրիվ կեղտոտված, սեւացած վերնաշապիկով ու դեղին գլխարկով մի կին, ով ամուսնու հետ աղբանոցում աշխատում է արդեն 15 տարի. պատմում է, որ միշտ չէ, որ նման կյանք է ունեցել:

«Ես ժամանակին մանկավարժ եմ եղել, գծագրության դասատու, բայց փողը քիչ էր դուրս եկա, հիմա էլ նեռվեր չունեմ: Ստեղ լավա էլի, գունավոր մետաղներ, կապրոն, շիշ հավաքում ենք, օրական 5000 ստանում, հերիքումա մեզ: Մենք սրա վրա ենք սովորել, տնօրեն չունենք, որ ասի մի հել, մի նստի, արագացրու: Ես տանս գործերն արել եմ, հիմա էս ժամին եկել եմ, որ աշխատեմ»,- ասում է դեղին մազերով ու արեւից սեւացած դեմքով 43-ամյա կինը եւ կատակելով բոլորի հետ բարձրանում վերեւ՝ նստելու աղբանոցից գտած եւ տեղադրած մեծ, հին հովանոցի տակ:

Աղբանոցում աշխատող շուրջ 20 մարդկանց մեջ դժվար չէ նկատել ամենաերիտասարդ 16-ամյա Արթուր Գեւորգյանին, ով համեմատած մյուսների լուռ է:

«Ես գալիս եմ հորթերիս համար կեր տանելու, հաց, կարտոֆիլի կլեպ»,- ասում է Արթուրը սեւ, կիսամրոտ դեմքից՝ ձեռքով քշելով մոծակներին ու ճանճերին:

Նա ապրում է Նուբարաշենում եւ նշում է, որ մի քանի ամիս է, ինչ գալիս է «կեր հավաքելու»:

«Էս 3 ամսվա ընթացքում մենակ մի հատ պորտման եմ գտել մեջը 35 հազար դրամ: Բայց եղել ա, որ մարդիկ դոշակի մեջ փող են գտել կամ գնդակի մեջից ոսկի: Ստեղ սաղն էլ մի բան գտնում են, մեկը հեռախոս, մեկը մի ուրիշ բան: Ով ինչ գտավ` իրաննա»,- ասում է Արթուրը:

Աղբանոցի այցելուները նշում են, որ առանձին հատկացված տարածքներ չկան, ով որտեղ ուզում է եւ երբ ուզում է, գալիս է, սկսում աղբ հավաքել: Միայն գիշերը չեն աշխատում:

Սակայն, կյանքն առավոտյան սկսում է կրկին ակտիվանալ: Երբ օրվա ընթացքում մոտ չորս հարյուր մեքենա-մեխանիզմ Նուբարաշենում դատարկում են Երեւանի օրվա աղբը, աղբանոցում փնտրտուքները մտնում են ամենօրյա ռիթմի մեջ, նոր բան գտնելու հույսերը` մեծանում:

Աղբանոցի շուրջ բոլորը բաց է, չկա ցանկապատ, ինչն ավելի է հեշտացնում ամեն կողմից մուտք գործելու հնարավորությունը:

Այստեղ գրեթե բոլոր աղբ հավաքողները ճանաչում են միմյանց եւ նշում են, որ տարեցտարի աղբանոցում ապրուստ փնտրողների թիվն աճում է:

Աղբանոցի «պլաշադկա» կոչվող տարածքին կից գտնվում է նաեւ սեւ հողերի հատվածը, որն, ըստ աղբ հավաքողների, ժամանակին նույնպես եղել է աղբանոց, հետո մնացել է հողի մեջ ու սեւացել, իսկ այժմ միջից միայն մետաղներ կարելի է հանել:

Աղբատար մեքենաները սեւ հողերի հատվածում չեն լցնում աղբ, այլ դատարկում են միայն «պլաշադկա» կոչվող ընդարձակ տարածքում, որտեղ էլ եւ աշխատում են մարդիկ:

35-ամյա Ռուզան Մակարյանը, ով իր տարիքից բավականին մեծ է երեւում, սեւ հողերի միջից պղինձ ու ալյումին է հավաքում: Ասում է, որ միակ դստեր հետ ապրում է Նուբարաշենի դոմիկներից մեկում:

«Ապրում եմ անլույս ու անջուր պայմաններում դոմիկի մեջ իմ 4-րդ դասարանի աղջկա հետ: Հո իմ հերն ու մերը ինձ չե՞ն պահի, մարդի էին տվել, հետո բաժանվեցի, հիմա իմ երեխուն ինչո՞վ պահեմ: Ուր գնում եմ աշխատելու, ասում են` ատամներդ թափած ա: Դիմում եմ գործակալություն աշխատանքի համար, ասում են 5 հազար դրամ մուծի, որ աշխատանք գտնենք, հենա կգամ ստեղ կաշխատեմ, երեխա կպահեմ, հինգ հազարը որնա՞: Աշխարհքի կողմից մոռացված ապրում ենք»,- ասում է Ռուզանը նստած աղբի վրա ու նայելով վերեւ բարձրացող աղբատար մեքենաներին:

Մեկ տարի է, ինչ նա Նուբարաշենի աղբանոցում է օրվա ապրուստը հոգում: Մինչ այդ աշխատել է հավաքարար, իսկ այսօր դժվարանում է նունիսկ հավաքարարի աշխատանք գտնել:

«Հավաքարար էլ ըլնի, զուգարան մաքրել էլ ըլնի, կեթամ կմաքրեմ, մենակ իմ երեխու գոյությունը պահեմ,- ասում է Ռուզանը,- Հավաքարար, որ աշխատում էի 45 հազար դրամ էի ստանում, իսկ ստեղ օրա լինում` 3000, օրա լինում` 4000 դրամ: Պղնձի կիլոն 1500 դրամ ա, ասենք 2 կգ, եթե օրը հավաքում եմ, դե 3000 դրամ ստանում եմ, հաց եմ առնում, ձու, պեսոկ, գազ եմ լցնում»:

Ռուզանը սովորել է մինչեւ 8-րդ դասարան, այնուհետեւ չի շարունակել ուսումը ոչ մի տեղ: Ասում է . «բախտս էլ էդ էր»:

«Ես զոբ ունեմ, սիրտս էլ լավ չի, բժիշկն էլ փող ա ուզում: Ո՞նց տամ: Ոչ նպաստ եմ ստանում, ոչ թոշակ, միայնակ անապահով մայր եմ: Քուրս էլ ա ստեղ աշխատում, բայց ոչ մեկ մեզ բանի տեղ չի դնում, չի օգնում, ես էլ ամեն ինչ անում եմ, որ աղջկաս պահեմ»,- ասում է նա:

Հսկայական աղբի թագավորությունում յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, հոգսերն ու խնդիրները: Սակայն, ամեն օր Նուբարաշեն գալով նրանք չեն կորցնում հույսը, որը գարշահոտ իրականության մեջ մեծ հարստություն կամ գումար գտնելով մի օր էլ իրենց կյանքը կփոխվի:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` Կարապես Սահակյանի 

© Medialab.am