«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը
– Պարո՛ն Խաչատրյան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարն առաջարկել է քաղաքական ուժերին միավորվել՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ: Նախ կխնդրեմ գնահատեք պարո՛ն Կարապետյանի առաջարկը, ու քանի որ մինչև ընտրությունները կոնկրետ ձեր քաղաքական թիմի և «Ուժեղ Հայաստանի» համախմբումը տեղի չունեցավ, այս անգամ ինչպե՞ս եք գնահատում կոնկրետ ձեր թիմի միավորման շանսերը:
– Քաղաքականությունը պետք է գնահատել արդյունքներով, այլ ոչ թե՝ շանսերով կամ հնարավորություններով: Այս պահին, մեծ հաշվով, արդյունավետ համագործակցության մասին հաջողված պատմություն դեռ չունենք: Այնուամենայնիվ, Սամվել Կարապետյանի առաջարկը, բնականաբար, գովելի է, որովհետև ընդդիմության համախմբումը միշտ էլ առավել արդյունավետ գործելու հնարավորություն է տվել:
Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա, երևի տեղյակ եք, որ Հայ ազգային կոնգրեսը երեկ արել է համախմբման իր կոչը, ու այն շատ հստակ մի քանի ստրատեգիական ուղղությունների վերաբերյալ է: Կարծում եմ, որ ցանկացած համախմբում քաղաքականության մեջ պետք է ունենա իր հստակ օրակարգը՝ ի՛նչ քայլեր անել ինչի՛ հասնելու համար: Մենք կարծում ենք, որ այսօր Հայաստանի առջև ծառացած է հերթական մարտահրավերը, ինչպես վերջին ութ տարիներին, մենք դա կոչում ենք Հայաստանի ադրբեջանացում ու գտնում ենք, որ կան անհրաժեշտ քայլեր անելու, որպեսզի հնարավոր լինի կանխել այդ չարագույժ պլանը:
Դա իսկապես հնարավոր կլինի անել, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը կամ գոնե նրանց մեծ մասը համախմբված հանդես գան: Այնպես որ, թե՛ Սամվել Կարապետյանի, թե՛ մեր կողմից համախմբված հանդես գալու, կոորդինացված աշխատելու ջանքը արտահայտված է, մնացածը ցույց կտա ժամանակը:
– Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որ այս անգամ այդ համախմբումը տեղի ունենա, ու մենք ականատես չլինենք նույն արդյունքին, երբ բոլորը ի վերջո հանդես են գալիս առանձին-առանձին:
– Չասենք, թե մշտապես նույն արդյունք է եղել, որովհետև մենք ունենք 2008-ի հաջողված փորձը, երբ ըստ էության ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունների գերակշիռ մասը սատարում էր Լևոն Տեր-Պետրոսյանին: Մենք ունենք 2012-ի համախմբված գործելու հաջողված փորձը՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը, որն ավելի քան հինգ տարի փողոցում քաղաքական պայքար էր մղում, ու ժողովրդի ամբողջ ընդդիմադիր հատվածն այդ միավորման կողքին էր: Մենք երկու անգամ հնարավորություն ունեցանք պարտադրել իշխանություններին քաղբանտարկյալների նկատմամբ համաներում հայտարարել, Ընտրական օրենսգրքում արմատական փոփոխությունների գնալ: Այսինքն՝ համախմբման հաջող փորձեր եղել են, հետևաբար վերջին երկու-երեք չհաջողված փորձերը չպետք է տարածել մեր քաղաքական պատմության նորագույն շրջանի վրա:
Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը գուցե որոշ ուժեր չհասկացան, բայց հիմա արդեն ակնհայտ է, որ եթե համախմբված գործեին Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, ապա այդ մազից կախված իշխանության մազը կտրվելու էր, ու այդ իշխանությունը հայտնվելու էր անդունդում: Հիմա պետք է գնալ այդ ճանապարհով՝ քաղաքական օրակարգերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար:
– Պարո՛ն Խաչատրյան, կոնկրետ ձեր քաղաքական ուժն արդեն հանդիպում ունեցե՞լ է Սամվել Կարապետյանի թիմի հետ, քննարկումներ եղե՞լ են:
– Եթե մենք ըստ էության դեմ լինեինք համախմբմանը, ապա համախմբման կոչ չէինք անելու, մնացածը դետալային քննարկումներ են՝ ինչի՛ շուրջ, ինչպե՛ս, ի՛նչ միջոցներով, ի՛նչ ճանապարհով, կարծում եմ, որ դա մեկ կամ երկու օրվա քննարկման հարց չէ: Այո՛, դրանք քննարկման ենթակա հարցեր են, բայց դա չպետք է վերաբերի միայն ՀԱԿ-ին և «Ուժեղ Հայաստանին», դա պետք է վերաբերի ողջ ընդդիմադիր դաշտին կամ այն կուսակցութուններին, որոնք իրապես դիրքավորված են ընդդիմադիր դաշտում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















