Մենք մեր քայլն անում ենք, թող մերժողի դերում լինի Թուրքիան. Չաքրյանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությունների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

– Պարո՛ն Չաքրյան, ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում, որ ժամանակն է սահմանները բացելու։ Այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում, եթե նկատի ունենանք այն, որ սահմանը փակել է ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան։

– Հիմա Էրդողանի դիրքորոշումը փոխվել է, որովհետև իրավիճակն է փոխվել, ելնելով այն հանգամանքից, որ ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, Գերմանիայի ու մյուս երկրների, նաև ԱՄՆ-ի բարերար ազդեցությամբ՝ Հայաստանի հանդեպ սկսել է մեղմ քաղաքականություն վարել Թուրքիան, այսինքն՝ թշնամանքից գուցե չի հրաժարվել, բայց, համենայնդեպս, թշնամական հայտարարություններով հանդես չի գալիս։ 

Այսինքն՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նրան կարգի են բերել, ու հասկացել է, որ չի կարող երկար ժամանակ հակադրվել և՛ ԱՄՆ-ին, և՛ ԵՄ-ին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը, փաստորեն, ընդառաջում է վերջիններիս հայաստանանպաստ գործունեությանը իր հայտարարությունով։ 

– Իսկ Թուրքիան կգնա՞ այդ պայմանավորվածությունների կատարմանը։

– Եթե անգամ չգնա էլ, մենք մեր քայլն անում ենք, թող մերժողի դերում լինի Թուրքիան։ Համենայնդեպս, քանի դեռ կա ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությունը, մենք վախենալու շատ բան չունենք։ 

– Պարո՛ն Չաքրյան, Միրզոյանն ասել է նաև, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները չի դիտարկում Ադրբեջանի հետ հարաբերությունների կոնտեքստում, այլ առանձին։ Ճի՞շտ է նման քաղաքականություն որդեգրել այն պարագայում, երբ նույն Թուրքիան բազմիցս ասել է, որ ինքը դա դիտարկում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կոնտեքստում։ 

– Այո՛, Թուրքիան դա բազմիցս հայտարարել է, բայց վերջին շրջանում դադարեցրել է դա, երևի Իսրայելի հետ կապված Իլհամը զայրացրել է Էրդողանին, երբ վերջինս Իսրայելին մեղադրում է ցեղասպանության համար, իսկ Ալիևը նրա հետ նորանոր համաձայնություններ է կնքում։ 

Բայց խնդիրը դա չէ, Հայաստանի՝ ԱՄՆ-ից ու Եվրոպայից ստացած միջազգային աջակցությունը կաշկանդում է Թուրքիային։ Արարատ Միրզոյանը ճիշտ է արել, փաստորեն Թուրքիայի առաջ հորիզոն է բացել, որ նոր քայլեր կատարի, եթե չկատարեց՝ պարզ կդառնա, որ Էրդողանն անկեղծ չէ։

– Ձեր գործընկերներից ոմանք նշում են, որ եթե Ադրբեջանը պատերազմական գործողություններ սանձազերծի Հայաստանի դեմ, ապա Թուրքիան նրան չի օգնի։ Թուրքիան երբևէ մենակ կթողնի՞ իր եղբայր Ադրբեջանին։

– Ադրբեջանը հիմա չի կարող նման քայլի դիմել, որովհետև, արդեն ասացի, Հայաստանի նկատմամբ միջազգային աջակցության մասին, բայց Թուրքիան չի թողնելու Ադրբեջանին մենակ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am