Երևանի մետրոպոլիտենի ժետոնները փոխարինվել են նորերով

Շուրջ տասը տարի Երևանի մետրոպոլիտենի ուղևորներին ծառայած ժետոնները փոխարինվել են նորերով: Դրանք գործածության մեջ են մտել սեպտեմբերի 25-ից:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ` ժետոնների գույնը և տեսքը նույնն են մնացել:

«Նպատակահարմար չգտանք փոխել ժետոնի գույնն ու տեսքը, քանի որ դա հավելյալ ծախս է: Մեր առաջ նպատակ էինք դրել թարմացնել ժետոնները, որովհետև եղածներն արդեն պիտանի չէին օգտագործման համար»,- նշեց Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը:

Նա ընդգծեց, որ մոտավորապես տասն օրվա ընթացքում արտադրվել է ավելի քան 200  հազար ժետոն, որոնք բաժանվել են բոլոր կայարաններում: Ընդհանուր առմամբ նոր ժետոններ ստանալու համար ծախսվել է մեկ միլիոն դրամ:

Ավետիսյանը նշեց, որ աշխատում են մշտապես դրական փոփոխություններ կատարել մետրոպոլիտենում, բայց անելիքները շատ-շատ են, որովհետև մետրոպոլիտենը 24-ժամյա աշխատող հիմնարկ է, որի շահագործման ընթացքում բազմաթիվ ծախսեր են առաջանում: «Մեր առաջնահերթություններից է նաև գնացքների և այն ամենի արդիականացումը, ինչ կապված է  անվտանգության հետ»,-ասաց Ավետիսյանը:

Անդրադառնալով մետրոպոլիտենի ծառայություններից օգտվողների քանակին` տնօրենն ընդգծեց, որ, ամենամսյա և ամենամյա տվյալների համաձայն, ուղևորների թիվը  գնալով մեծանում է: «Անցյալ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ուղևորների հոսքն աճել է քսան տոկոսով: Օրվա ընթացքում  60-70 հազար ուղևոր է մտնում մետրո»,-նշեց Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ այն մարդիկ, որոնց մոտ պահպանվել են հին ժետոններ, կարող են մոտենալ մետրոյի դրամարկղ և դրանք փոխարինել նորերով: