Թվում է՝ 79-ամյա տիկին Ռոզան չի ենթարկվում ժամանակի օրենքներին։ Բարձրակրունկներով անշտապ կտկտացնելով՝ սեթևեթանքով քայլում է միջանցքով, ձախ ձեռքի նուրբ շարժումով ուղղում ակնոցն ու, բոլորին ժպտալով, բարևելով անցնում առաջ։ Ձեռքին՝ ծխացող խնկաման։ Առավոտները հենց այդպես է սիրում սկսել:
«Կյանքը ինձ չի սիրել, բայց ես իրեն շատ եմ սիրում։ Ճակատագիրս դաժան է եղել, ու երիտասարդ տարիքից կյանքի հետ պայքարի մեջ եմ եղել։ Բայց ես ուժեղ մարդ եմ ու գտել եմ ճակատագրին հաղթելու իմ տարբերակը։ Հագնվում-կապնվում եմ ու բոլորին էլ խորհուրդ տալիս, որ միշտ իրենց հետևեն»,– ասում է տիկին Ռոզան։

Ռոզա Սարգսյանը արդեն 10 տարի է, ինչ ապրում է Նորքի շուրջօրյա խնամքի կենտրոնում: Ասում է՝ ծանր պատանեկություն է ունեցել։ Երբ պատմում է իր անցած օրերի մասին, ասում է, որ ակնոցը զուտ գեղեցիկ աքսեսուար չէ իր համար, այլ թաքցնում է իր կյանքի վրա մեծ հետք թողած խնդիրը՝ աչքի կուրությունը։
«Ծնվել եմ շատ սիրող ընտանիքում, բայց 15 տարեկանում ճակատագիրը չար կատակ խաղաց։ Ավտովթարից մայրս մահացավ, ես էլ վնասեցի ձախ աչքս, ու դրանից ամբողջ կյանքում կոմպլեքսավորվեցի, ամաչում էի մարդկանց նայել: Հետագայում արդեն պլաստիկ վիրահատություն արեցինք, մի քիչ աչքերիս հավասարակշռությունը պահպանվեց, բայց բարդույթներս, մեկ է, մնացին»,– պատմում է Ռոզա Սարգսյանը և նշում, որ չի ամուսնացել, քանի որ «ինքս ինձ արժանի չէի համարում»։
Կյանքի դժվարությունները սկսվեցին մոր մահից հետո։ «Ծանր որբություն եմ ունեցել»,– ասում է նա։ Հայրը չորս անգամ էր ամուսնացել, իսկ վերջին կինը՝ եղբորից էլ փոքր, սեփական երեխան ուներ։ Տունը դարձել էր դժոխք․ նա ամեն կերպ փորձում էր ազատվել ինձնից։
«Էդ կինն ասեց՝ հերդ պարտավոր չի քեզ պահել։ Դրանից հետո դուրս եկա դպրոցից, որ աշխատեմ։ Ուսուցիչս փորձեց համոզել, որ թողնեն շարունակեմ սովորել, բայց անչափահաս էի, ընդունվեցին հացի գործարան։ Գիշերները գունդ էի անում, երբեմն՝ երկու հերթափոխով։ Դպրոց էլ չէի կարողանում գնալ՝ քունս տանում էր։ Աշխատավարձս էլ ես չէի ստանում, պապաս էր գալիս վերցնում»,– հիշում է ժպտադեմ տիկին Ռոզան՝ ակնոցի տակից աչքերը սրբելով։
Չնայած ապրած դժվար տարիներին՝ տիկին Ռոզան միշտ կոկիկ ու գեղեցիկ հագնված է, հարդարված, մեծ, աչքի ընկնող զարդերով։ Բարձրակրունկներով բարդ չի քայլելը հարցին միշտ պատասխանում է՝ շատ հարմար է: Խնամքի կենտրոնի իր պահարանի դարակներում տեսակ-տեսակ զարդեր են ու արդեն դատարկված օծանելիքների սրվակները։ Պահարանում խնամքով պահած հագուստներն ու լայնեզր գլխարկներն է ցույց տալիս։ Միշտ սիրել է աչքի ընկնել ու լավ հագնվել։

«Երբեք չեմ մոռանա, մի անգամ փողոցում մի դպրոցական աղջիկ դուրս եկավ դիմացս, ինձ նայեց ու ասեց՝ «Վա՜յ, տատի ջան, դու վերջն ես»»,– ծիծաղում է, – «Հարցրեցի՝ ինչի՞, աղջիկ ջան, դո՞ւրդ եկա, ասեց՝ հա, ասեցի՝ դե դու էլ միշտ ինձ պես կլինես։ Ինձ որ ասում են՝ գեղեցիկ եմ, նեղվում եմ, որովհետև գիտեմ, որ գեղեցիկ չեմ, բայց մեկ-մեկ էլ հարցնում եմ՝ իրո՞ք գեղեցիկ եմ»։
Ռոզա Սարգսյանի մասին կենտրոնում բարի խոսքով են հիշում, ասում են՝ հաճախ հարևանների ծննդյան օրվա առիթով տորթ կամ նվերներ է գնում, փորձում ուրախացնել։
«Ես ինձ լավ եմ զգում։ Իհարկե, եթե ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենայի, մի քիչ սենյակը կմեծացնեի։ Փոքր է տարածքը, տեղաշարժվելը դժվար է, բայց սենյակակցիս՝ Գայանեի հետ հարմարվում ենք»,– ասում է տիկին Ռոզան ու ցույց տալիս մահճակալի մոտ շարված գրքերը։ Ասում է՝ կարդալ շատ է սիրում, գրախանութում հաճախ է լինում, իր համեստ թոշակի մի մասը միշտ գրքերին է տալիս, դե մի մասն էլ՝ հագուստին: Ասում է՝ ամեն հագուստ գնելիս մտածում է, որ դա վերջինն է, ու ամենալավն է գնում։
Ամեն օր առավոտյան պարտադիր զբոսանքի է գնում։ Եթե անգամ տարածքից շատ հեռու չի գնում, ապա կենտրոնի տարածքում անպայման զբոսնում է, բայց ինչպես միշտ՝ իր բարձրակրունկ կոշիկներով:

«Հիմա խնդիրներ չունեմ, կարելի է ասել՝ մի քիչ ուշ տարիքում վայելում եմ կյանքը։ Միակ դժվարությունը խորդուբորդ ճանապարհներն են։ Առաջ կանգառը մեր կենտրոնին մոտ էր, հիմա տեղափոխել են, մի քիչ դժվարանում եմ էդ ճանապարհներով կրունկներով քայլել, բայց տենց դժվարություններ եմ հաղթահարել»,– ծիծաղում է տիկին Ռոզան:
Երիտասարդ տարիքում միշտ աշխատել է, սեփական կարիքները ինքնուրույն հոգացել։ Ասում է՝ 52 տարվա աշխատանքային ստաժ ունի։ Աշխատել է երկու կոշիկի գործարանում որպես փաթեթավորող, եղել է արհմիության նախագահ, կոմկուսի քարտուղար, լավ աշխատանքի համար ստացել է բազմաթիվ պատվոգրեր, կրծքանշաններ ու մեդալներ: Նաև Արիության մեդալ: Կարողացել է ոչ միայն իր, այլև հարազատների կարիքները հոգալ։ Բայց խորթ մոր վերաբերմունքը դրանից չի փոխվել։
«Մի գեղեցիկ, նոր դարսերով շրջազգեստ ունեի, դասընկերուհուս քույրն էր կարել, դա հագիս էր։ Առավոտ արթնացա, խորթ մայրս կանաչ լոբով ապուր էր եփել։ Լցրեցի, որ ուտեմ՝ եկավ, խփեց ձեռքիս, ճաշը թափեց շորիս վրա ու ասաց, որ իր եփածը չուտեմ։ Լացելով գնացի, հայրիկիս շորս ցույց տվեցի, ասեց՝ «մունդառ լակոտ, դե չի թողում, մի՛ կեր, էլի»։ Էդ դեպքից հետո մորաքույրս ինձ իր մոտ տարավ»,– դառնությամբ հիշում է զրուցակիցս, բայց չի մոռանում ավելացնել, որ հորը շատ է սիրել ու տնից գնացել է, որ նրան էլ նեղություն չտա։
Մորաքրոջից էլ դժգոհություն չունի, բայց մորաքրոջ մի արտահայտությունն էլ պատճառ է դարձել, որ նրանից էլ հեռանալու ցանկություն առաջանա։ Հիշում է՝ մի օր մորաքրոջ հետ խանութ գնալիս հարևանին է տեսել, հարցրել է, թե ով է այդ երեխան, ու մորաքույրն ասել է՝ քրոջս եթիմն է, ես եմ պահում։

«Ես արժանապատվություն ունեի։ Զանգեցի եղբորս, ասացի՝ խնդրում եմ, մի ճար արա միասին ապրենք, ես չեմ ուզում ինձ պահեն, ես աշխատեմ, փող բերեմ ու ինձ պահե՞ն»,– պատմում է նա։
Հետագա տարիներին եղբոր հետ նրա զոքանչի տանն է ապրել։ Եղբոր մահից հետո մի քանի տարի ապրել է նախկին գործատուի տրամադրած սենյակում, մինչև տարիքը լրացել է, ու կարողացել է խնամքի կենտրոն տեղափոխվել։ Այստեղ արդեն հարմարվել է, իրեն լավ է զգում։ Ընկերներ ունի։
«Էստեղ գալու միտքը ինձ նույնիսկ երջանկացրեց։ Ես բնակարան ստանալու հերթում էի, բայց այնքան իմ տեղը զիջեցի ուրիշներին, որ ամեն ինչ ավիրվեց, ու էդպես էլ տուն չստացա։ Եկա էստեղ, ու հիմա ես անկախ մարդ եմ»,– ասում է տիկին Ռոզան։
Շուտով կլրանա նաև մեկ տարին, ինչ մարզասրահ է այցելում կենտրոնի երեք շահառուների հետ։
«Ասեցի՝ գնամ տեսնեմ էս ինչ է։ Եթե Աստված ինձ էս տարիքում նման հնարավորություն է տալիս, ուրեմն գնամ»,– ծիծաղում է նա։
Ասում է՝ մարզվելն իրեն դուր է եկել, մարզվելուց հետո իրեն ավելի լավ է զգում, մեջքի ցավերն էլ են անցել: Մարզասրահում իրենց շատ լավ են վերաբերվում, միայն թե, ասում է, մի քիչ ամաչում է։
«Լինում է, որ մարզիչն ասում է՝ պառկի, էս շարժումն արա, ամաչում եմ, ասում եմ՝ չեմ անի։ Կամ՝ որ շատ տղամարդիկ են լինում, շրջանցում եմ, ուրիշ կողմով եմ գնում։ Երբ նոր էինք գնացել, մարզիչը օգնում էր ինձ, որ մարզասարքի վրա վարժություն անեմ, լսում եմ, որ քթի տակ ասում ա՝ մանիկյո՜ւրը, ես էլ ասեցի՝ բա մեռածի պամադե՜ն։ Սկսեցինք ծիծաղել ու միանգամից իրար հասկացանք»,– պատմում է նա։

Մարզասրահի ղեկավարության նախաձեռնությամբ նաև Ղալթախչիի հայտնի Սուրբ Հովհաննես մատուռ է գնացել։ Հիշում է՝ էլի բարձրակրունկներով էր, դժվարությամբ, բայց հասավ մատուռ: Ասում է, որ բոլորի համար աղոթել է, որ բոլորը լավ լինեն։
Մարզասրահ գնալուց հետո շատ բան է փոխվել՝ ասում է։ Իրենց շատ լավ են վերաբերվում, ամեն ինչից գոհ է։ Եվ երբ անգամ եղբոր որդիները, հարազատները առաջարկում են տեղափոխվել իրենց տուն, հրաժարվում է։
«Ասում եմ՝ մեկ ա՝ մի օր դուք էլ եք ասելու՝ պահում եք։ Ինձ պետք չի պահել, ես ինքս ինձ կպահեմ։ Կյանքն ինձ էդպես էլ ոչինչ չտվեց, տառապանքից բացի»,– դառնությամբ, բայց էլի ժպիտը դեմքին եզրափակում է 79-ամյա կյանքով լի տիկին Ռոզան։
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am