«Երբ իմացանք, որ եռյակ է ծնվելու, չէինք հավատում, բժիշկները կատակում էին՝ թե բանակը բերել, կանգնացրել ա». Գայանեն՝ Արցախից 

Մեկ տարեկան Տարոնն ու Հենրին, որ միայն վերջերս են սկսել քայլել, մի անկյունում Արցախից բերված ու փոքրիկ տանը իրենց համար այդպես էլ տեղ չգտած հագուստներով լի ճամպրուկներն են համառորեն փորձում քանդել։ Նրանց հասակակից եղբայրը՝ Տիրանը, որ դեռ չի քայլում, եղբայրների չարաճճիություններին հեռվից է հետևում ու բացականչություններով կարծես ոգևորում նրանց։ Տղաները Արցախում ծնված վերջին եռյակն էին։

Ցանկացած չարաճճիության, որ գոնե մի քանի րոպե զբաղմունք է դառնում երեխաների համար, Գայանեն կողմ է, 39-ամյա եռյակի մայրը այդ ընթացքում հասցնում է գոնե գործերից մեկն առաջ գցել։ Շատ դժվար է միայնակ եռյակին մեծացնելը, բայց, դե, դժվարությունների՝ իրենց բաժին հասած չափաքանակից արդեն մի տեսակ իմունիտետ են ձեռք բերել, ասում է Գայանեն։

«Երբ իմացանք, որ եռյակ է ծնվելու, բոլորն ասում էին՝ մի՛ մտածի, կգանք, կօգնենք, կպահենք։ Հիմա բոլորին ասում եմ՝ բա ո՞ւր եք, դե եկե՛ք,- ծիծաղում է Գայանեն ու միանգամից դառը ժպիտ է իջնում դեմքին,- կգային, եթե Արցախում լինեինք, հիմա բոլոր բարեկամներով ցիրուցան ենք եղել, նույնիսկ մայրս մոտ չի ապրում, որ կարողանար ինձ օգնել»,- ասում է Գայանեն։

Մինչև եռյակի ծնունդը, Գայանեն երկու երեխա ուներ՝ 12-ամյա Արեգն ու 10-ամյա Լիան։ Երրորդ բալիկին ունենալու միտք դեռ չուներ, Արցախում իրավիճակն անորոշ էր, պատերազմի վտանգը՝ գլխներին կախված, բայց, դե, ճակատագրից չես փախչի։ Վատ ինքնազգացողությամբ ու երրորդ հղիության կասկածանքով Գայանեն բժիշկի է գնում, սոնոգրաֆիան հաստատում է հղիությունը։

«Ճիշտն ասած՝ չէի ուզում, բայց բժիշկ Գոհար Տոնյանը այնքան ջերմ սկսեց խոսել ու ոգևորել, որ մի տեսակ քաջություն եկավ մեջս։ Սոնոգրաֆիայի ընթացքում մեկ էլ պարզվեց՝ զույգ է։ Անբացատրելի զգացողություն ունեցա»,- պատմում է Գայանեն։

Միջանցքում սպասող ամուսինն էլ ոգևորվել է զույգ ունենալու մտքից ու կնոջը սիրտ տվել՝ ամեն ինչ լավ կլինի, սիրով կմեծացնեն երեխաներին։ Բայց ամենահետաքրքիրը հաջորդ այցին էր պարզվելու՝ ոչ թե զույգ, այլ եռյակ է ծնվելու։

«Բժիշկները ծիծաղում են, ես լացում եմ։ Չգիտեի՝ ինչ էր կատարվում հետս, ավելի շատ ուրա՞խ էի, թե վախեցած։ Մի պահ նույնիսկ չհավատացի, մտածեցի՝ երիտասարդ բժիշկ ա, կարող ա սխալվում ա։ Մամաս էլ չէր հավատում ու ամեն բժիշկի գնալուց հարցնում էր՝ հը՞ն, հաստատ երեքն են, չի՞ սխալվել։ Ես էլ բժշկին ասեցի՝ կարո՞ղ ա հաջորդ անգամ էլ գամ՝ ասեք չորսն են»,- հիմա արդեն ժպիտով հիշում է Գայանեն։

Ամուսինը, որ 44-օրյա պատերազմի օրերին եղբորն էր կորցրել, հույսեր էր փայփայում, որ եռյակից գոնե մեկը տղա կլինի ու եղբոր անունը կդնեն, բայց ուլտրաձայնային հետազոտության ժամանակ ասել էին, որ երեխաները աղջիկ են: Սակայն, բոլորին անակնկալ էր սպասվում: Եռյակ տղաների ծնունդից հետո, մեկը հորեղբոր՝ Հենրիի անունով կնքվեց։ 

«Տղաներիս ծնունդը բոլորը մեծ ոգևորությամբ են ընդունել, ինչը ինձ շատ էր ուժ տալիս։ Բժիշկները ուրախացել էին, կատակում էին՝ թե բանակը բերել, կանգնացրել ա։ Բժիշկները նկարում էին երեխաներին, իրոք շատ էին ուրախացել բոլորը։ Կարծեմ վերջին անգամ Արցախում 10 տարի առաջ էր եռյակ ծնվել։ էլ չեմ ասում՝ ինչքան զանգեր էի ստանում: Պալատում աղջիկները ասում էին՝ դու մենակ նկարվի ու հեռախոսով խոսի»,- հիշում է Գայանեն։ 

Մինչ Գայանեն փոքրիկներին մեծացնելու դժվարություններից էր վախենում, դեռ չգիտեր, թե ճակատագիրն իր ու բոլոր արցախցիների համար ինչ դժվարություններ է պատրաստել։ 

Արցախում բլոկադա սկսվեց։ Խնուշինակ գյուղում բնակվող ընտանիքը, ի տարբերություն շատերի, սննդի սուր պակաս չի ունեցել, բայց լուրջ խնդիր է եղել վառելիքի հայթայթումը։ Խնուշինակից մինչև Մարտակերտի հիվանդանոց հասնելու համար ամեն անգամ ամուսինը դժվարությամբ վառելիք էր հայթայթում, բայց մտավախություն կար, որ մի օր դա էլ հնարավոր չի լինի հայթայթել։ 

Երեխաների ծնվելուց 1 ամիս առաջ Գայանեին Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխել, որովհետև Մարտունու հիվանդանոցում անհրաժեշտ պայմաններ չկային։ Կարմիր խաչի միջոցով Երևան տեղափոխվելու բոլոր առաջարկները Գայանեն մերժել է, ուզում էր Արցախում մնալ։ Երեխաների ծնունդից 1 ամիս հետո Գայանեն դուրս է գրվել փոքրիկների հետ ու տուն վերադարձել։ Հենց այդ ժամանակ էլ ամենածանր ապրումներն է ունեցել:

«Տենց մի օր չի եղել, որ գլուխս հանգիստ բարձին դնեմ, առանց վախենալու ու մտածելու երեխաների կաթնախառնուրդի մասին։ Շատ ծանր էի տանում, շատ մեծ վախեր ունեի, որ կաթնախառնուրդ չենք կարողանա գտնել։ Նաև տակդիրի խնդիր կար, ամեն անգամ երեխաներին Ստեփանակերտ՝ բժշկի հասցնելու խնդիր կար, բայց, փառք Աստծո, ամեն ինչ իր հունով գնում էր, մինչև որ եկավ ամենածանր ժամանակը՝ գաղթի ժամանակը»,- ասում է նա։

Շրջափակում, պատերազմ, գաղթ․ Արցախում ծնված վերջին եռյակը իրենց կյանքի առաջին 5 ամիսների ընթացքում ամեն դժվարության հանդիպեցին։ Միայն մի քանի ձեռք տաք հագուստ են վերցրել, նստել մեքենան ու դեպի անհայտ ապագան ուղևորվել։ Մի քանի ժամվա ճանապարհը 2 օրում են անցել։ Անվերջանալի ու երբևէ կյանքում անցած ամենածանր ճանապարհն էր։ Երեք փոքրիկ երեխաների լաց, դժվարանցանելի ճանապարհներ ու խցանումներ և, որ ամենավատն էր՝ վախ ադրբեջանցիների միջով սահմանն անցնելու։

«Երեխաներս անընդհատ լացում էին, չէինք էլ կարողանում առաջ անցնել, տեղ էլ չէին տալիս, ասում էին՝ բոլորի մեքենաների մեջ էլ երեխաներ կան, մեկի մոտ հիվանդ կա։ Ասում էի՝ Աստված ջան, մի՞թե ինձ էս երեխաներին տվել ես, որ հիմա չկարողանա՞մ փրկել նրանց։ Ինձ թվում էր՝ մենք տեղ չենք հասնի, երեխաներս չեն փրկվի, անասելի վախեր ունեի»,- Գայանեն հիշում է ծանր ապրումները։

Բայց ինչպես բոլորը, իրենք էլ անցան գաղթի ճանապարհն ու Սիսիան հասան։ Բարի մարդկանցից մեկը նրանց օթևան տվեց, մինչև մեծ դժվարությամբ կարողացան փոքրիկ տուն գտնել Երևանում։ Բարձր վճարով երկուսենյականոց բնակարանի համար, որտեղ 9 հոգով են բնակվում՝ Գայանեն ամուսնու, հինգ երեխայի, սկեսուր-սկեսրայրի հետ, ընտանիքը շուրջ երեք հարյուր հազար դրամ է վճարում։ Ասում է, երբ տուն էին փնտրում,  խնդիրը բարդ էր, երբ տանտերերը իմանում էին, որ ընտանիքում երեխաներ կան: 

Խնդիրները ընտանիքի համար շատ են, սակայն շնորհակալ է, որ անհատները ևս աջակցել են ինչով կարողացել են:

Գայանեն հիմա միայն երեխաների խնամքով է զբաղվում, իսկ Արցախում 2006-ից աշխատել է, պատմության ուսուցչուհի էր ու դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ։ Մինչև 2023-ն աշխատել է, ընդմիջումը եղել է միայն ֆիզարձակուրդի ժամանակ։ Հիմա դեռ աշխատանք գտնելու մասին մտածել չի կարող, հազիվ է հասցնում երեխաների խնամքով զբաղվել։ 

«Իմ կյանքում ուրախալի պահեր քիչ են եղել, տղաներիս ծնունդը ամենաերջանիկ օրերից մեկն է եղել, բայց դրանից հետո շատ բան իմ կյանքում փոխվեց, կտրուկ փոխվեց։ Ես ինձ հպարտ ու ինքնավստահ էի զգում Արցախում, հիմա առաջվանը չեմ ու չեմ կարողանում դեռ ինձ վերագտնել»,- ասում է Գայանեն։

Արցախում ընտանիքը թողեց իր նորակառույց տունը, որ ամուսինն իր ձեռքերով էր կառուցել։ Բոլոր հարմարությունները ստեղծել էին, բայց չհասցրին երկար վայելել: 

«Հիմա փորձում ենք ամեն ինչ նոր կետից սկսել՝ հույսով, որ տղաներիս համար մեր պատկերացրած ապագան կկարողանան նաև այս նոր միջավայրում ստեղծել»,-հույս ունի նա։ 

Սաթենիկ Հայրապետյան

Լուսնկարը՝ անձնական արխիվից

MediaLab.am