«Ամեն մի սնարյադի հետ մի մազ սպիտակում էր». որդիների հետևից առաջնագիծ մեկնած հայրերի պատմությունները

Արցախյան պատերազմների ժամանակ բազմաթիվ հայրեր են մեկնել առաջնագիծ՝ գտնելու իրենց որդիներին, նրանց մասին տեղում որևէ լուր ստանալու կամ ուղղակի նրանց կողքին լինելու համար։ Որոշ հայրեր կարողացել են կռվել իրենց որդիների կողքին, մյուսները զոհվել են՝ այդպես էլ չհասնելով իրենց զավակներին։ 

44-ամյա Արամիս Պետրոսյան

Արցախի Շուշիի շրջանի Քարինտակ գյուղից եմ։ Հեռախոսիս մեջ պահում եմ գյուղի նկարները, բայց մեր գյուղն արդեն չկա։ 

92 թվի պատերազմին եղել եմ 12 տարեկան երեխա, թուրքերը մտել են մեր տուն, մամայիս հենց դեմս կրակել են ու սպանել։ Մեծացել ենք երկու ախպերներով ու հերս։ Շատերն իմ մասին խոսելիս ասում էին՝ ուժեղ մարդ, բայց չգիտեմ, թե իմ ուժից հիմա ինչն ա մնացել։

Ես թիթեղագործ եմ։ Տարիներ շարունակ զբաղվել եմ տանիքներ կառուցելով, բայց շատ աշխատելու հետևանքով մեջքի խնդիրներ ունեցա ու անցա ծառայության հայտնի «Եղնիկներ» զորամասում։

Ինը տարի ծառայելուց հետո 2020-ին թողեցի ծառայությունը, Լաչինում էի աշխատում։ Կինս զանգեց ասաց, որ պատերազմ է սկսվել։ Մենք՝ ծառայող տղերքի հայրերով, կամավորական ջոկատ կազմեցինք, ու քանի որ խառը և անհասկանալի իրավիճակ էր, առանց որևէ տեղ գրանցվելու, առանց պաշտպանության բանակին դիմելու գնացինք առաջնագիծ։ Որպես հին կռվողներ՝ ուզում էինք էնտեղ լինեինք, երեխեքի մոտ լինեինք, օգնեինք։

Ամեն մեկս մեր համար խրամատներ էինք գնացել ու կռվում էինք, բայց մեր տղերքին հասնել չկարողացանք։ Գիտեի՝ իմ տղեն որտեղ ա, փորձեցի իրան հասնել, չհասա։ Մի բլուր էր մեզ խանգարում։ Մի կողմում տղես էր, մյուս կողմում՝ ես։ 

Մեր 40 հոգանոց կամավորական ջոկատից ութ հոգին ողջ մնաց։ Մյուսները կամ զոհվել են, կամ կորել։ 

Տղես չգիտեր, որ ես իրեն էդքան մոտ եմ։ Միայն երբ ինքը վիրավորվում ա, իմանում ա, որ մոտակայքում եմ։ 

Ոտքերն են վիրավորվել, մատներն են, մի մատը չկա, մինչև հիմա շատ բեկորներ կան մեջը, բայց բժիշկները չեն երաշխավորում, որ կարող են դրանք անվտանգ հեռացնել։ Երկար չի կարողանում քայլել, ծանր աշխատանք չի կարողանում անել, ոտքը բռնվում է, մեկ-մեկ գիշերը չի կարողանում քնել։ 

Վիրավոր որդուս ուղեկցեցի Երևան՝ Մուրացանի հոսպիտալ, հետո անմիջապես վերադարձա Արցախ՝ արդեն եղբորս գտնելու։

23 թվին էլ փոքր տղես էր ծառայում, փորձեցի նրա մոտ գնալ, չստացվեց։ Տասը օր մնացել են զասադի մեջ, մինչև կարողացել են գալ հասնել Ստեփանակերտ։ Սպասեցինք, մինչև նա հասավ, նոր դուրս էկանք Արցախից։ Ամենավերջին մարդկանցից էինք, որ դուրս եկան Ստեփանակերտից։ 

Հիմա հա՛մ ես, հա՛մ որդիներս աշխատում ենք՝ ինչքան որ ներում է մեր առողջությունը։

45-ամյա Հակոբ Գրիգորյան

Խաղաղ ժամանակ եղել եմ արհեստավոր, պատերազմի ժամանակ՝ հրետանավոր։ 2020-ի պատերազմում ոտքերից վիրավորվել եմ, բայց կարճ ժամանակից վերադարձել եմ առաջնագիծ։ Իսկ 2023-ի սեպտեմբերի պատերազմին ա մասնակցել նորակոչիկ որդիս, որի կողքին լինելու համար ես մի քանի անգամ գնացել եմ առաջնագիծ ու տղերքին հաց եմ տարել։ 

Երբ տղես բանակ զորակոչվեց, բլոկադա էր։ Մտածում էինք՝ տղա ա, թող գնա ծառայի, բայց իհարկե շատ անհանգիստ էինք։ Երկու անգամ ոտով գնացինք տեսանք։ 

Երբ պատերազմը սկսվեց, աղջիկներս դպրոցում էին, ռմբակոծությունների տակ գնացի բերեցի, ու էլ մտածելու բան չկար՝ նստեցի մեքենան, որ գնամ տղայիս գտնեմ։

Դեպի Գանձասար գնացող ճամփեն հրթիռակոծել էին, դեռ փոշին բարձրանում էր, ճամփին է՛լ դիակ, է՛լ վիրավոր… Հասկացանք, որ շարունակելը վտանգավոր է, վիրավորին հասցրինք գյուղի բուժկետ… Աստծուն խնդրել եմ, որ մեր արածը տեղ հասնի, վիրավորը ողջ մնա… Հետ գնացինք, հարցուփորձ անելով իմացանք, որ տղերքին գյուղից հանել են, շրջանաձև պաշտպանության են անցել, հերթապահություն են անում։ Հրամանատարությանը տեսա։ Նրանցից անչափ գոհ եմ, քանի որ ճիշտ ու գրագետ մոտեցում են ունեցել։ Նորակոչիկներին՝ մալադոյներին առանձնացրել են, պահել են ամենավերջին ռեզերվի համար, քանի որ նրանք իրանց գործին դեռ լավ չէին տիրապետում։

Էդ պահին ոնց որ երկու քարի արանքում լինեի՝ մի կողմից ուզում էի տղուս կողքին լինել, բայց մյուս կողմից էլ ընտանիքս ռմբակոծվող Ստեփանակերտում էր։ 

Ի վերջո որոշեցի վերադառնալ Ստեփանակերտ։ Չցանկացա տղուս հետս վերցնել, հանել ծառայությունից։ Ո՞նց կլինի, եթե ինքը կարող ա մնալ ու ինչ-որ մեկի կյանքը փրկել։ Եթե որդուս վերցնեի հետս Ստեփանակերտ բերեի, ինձ բան չէին ասի, բայց ինքս որոշեցի, որ նա պետք է մնա ծառայության մեջ… 

Երկու օրից լուր տարածվեց, որ էն տեղանքը, որտեղ որդիս էր, թուրքերը վերցրել են։ Ո՜նց են վերցրել՝ անցած գիշերն էնտեղ էի։ Սկսեցի մտածել, թե էդ դեպքում ինչ ա եղել տղերքի հետ, որդուս հետ։ Ոչ մի տեղեկություն հնարավոր չէր գտնել։ Մի զինվորի հոր պատահաբար հանդիպեցի, ասեց, որ որդին կարողացել է զանգել, որ տղաները նահանջել են, Սրաշեն գյուղում են։

Ինչքան մեր, հարևանների տանը սնունդ կար՝ հավաքեցի ու գնացի տղերքի մոտ։ 

Հասա, մեքենաները ծառերի տակ պահած, տղերքն ահավոր վիճակում էին, ամբողջությամբ ցեխի մեջ… Որդուս որ տեսա, շատ հուզվեցի։

Վստահանալով, որ որդիս լավ ա, նորից վերադարձա Ստեփանակերտ, իսկ երկու օրից զինվորները զորացրվեցին, նաև՝ որդիս։ 

Հիմա զբաղվում եմ արհեստավորի իմ գործով։ Չգիտեմ, թե մեզ ինչ է սպասում, բայց էս պահին ամենակարևորն էն ա, որ ընտանիքս ապահով ա, իսկ որդիս արդեն կամաց-կամաց հաղթահարում է պատերազմում իր ապրածի ու տեսածի ծանր հետևանքները։

Էրիկ Սարգսյան, 53 տարեկան

Ես Հադրութից եմ։ 21 տարի բանակում ծառայելուց հետո թոշակի էի անցել, աշխատում էի «Արցախէներգո»-ում։ Մասնակցել եմ բոլոր պատերազմներին։

Տղես ժամկետային զինծառայող էր, ծառայում էր Հադրութում, հինգ ամիս հետո պիտի տուն վերադառնար, բայց… չվերադարձավ։

Կռվի ժամանակ ինքն էր գալիս ինձ մոտ, ես էի գնում իրա մոտ։ 

Ես ամբողջ կյանքս ծառայել եմ, տղես էնտեղ լիներ թե չլիներ, մեկ ա, ես գնալու էի։ Բայց էս դեպքում ուզեցի հենց տղայիս մոտ, քանի որ Հադրութի դիրքերը անգիր գիտեի։ Բայց զինկոմիսարիատն ինձ որպես աշխարհազոր Ֆիզուլի ուղարկեց։ Հադրութի ու Ֆիզուլիի դիրքերն իրար մոտ էին։ Ամեն երեկո, երբ իրավիճակը մի քիչ հանդարտվում էր, կամ ես էի գնում իրա մոտ, կամ ինքն էր գալիս իմ մոտ։ 

Ոչ մի ձև չես կարող պատմել էս օրերի մասին։ Էն, որ տեսնում ես՝ տղես մեքենայից դիակ ա հանում, վիրավոր ա իջեցնում, որ ինքը էդ ամենի մեջ է… էդ պատմելու բան չի։ Իրար հետ շատ էինք խոսում, նաև վիճում էինք։ Ինքն ասում էր՝ մամային վերցրու, գնացեք Երևան, ես էլ ասում էի՝ ա՛յ տղա, էդ ինչե՜ր ես ասում։ 

Ամենալավ պահն էն էր, երբ ռմբակոծությունների ավարտից հետո գալիս էր մոտս, շունչ էի քաշում, մտածում էի՝ էսօր էլ ողջ մնացինք։ Շատ էինք զրուցում, խոսում էինք ամեն ինչի մասին, բացի պատերազմից։ 

Հիշում եմ՝ ես Ֆիզուլիում կանգնած եմ, սնարյադը տղայիս կողմը պայթում է… Մինչև պատերազմը սպիտակ մազ չեմ ունեցել։ Երբ վիրավորվեցի ու Երևան տեղափոխվեցի, մի օր հայելու մեջ նայեցի՝ լրիվ սպիտակած էի։ Ամեն մի սնարյադի հետ մի մազ սպիտակել է…

Վերջին անգամ հանդիպեցինք հոկտեմբերի 11-ին։ Հինգ վիրավոր էր բերել Ֆիզուլիի հոսպիտալ, եկավ մեր զորամաս… մյուս օրը ես վիրավորվեցի։

Դրանից հետո մի քանի անգամ տեսազանգով խոսել ենք, ամեն օր նույն ժամին զանգում էր։ 

Նոյեմբերի 7-ին չզանգեց։ Նոր վիրահատված վիճակում հիվանդանոցից դուրս եկա ու գնացի Արցախ։

Միայն հինգ ամիս հետո գտանք որդուս մարմինը

Լուսանկարները և պատմությունը՝ Անի Գևորգյանի

MediaLab.am