Սպասման 16  ամիս. Մնացականյանների ընտանիքը` Խաչմաչից Նուբարաշեն՝ կորուստների ու հույսի միջև

Անահիտը նոր մասնագիտություն ունի՝ վարսահարդար է։ Ստեփանակերտում աշխատում էր խանութում, հետո ծնվեց երեխան, ֆիզարձակուրդ գնաց։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո հասկացավ, որ առանց նոր մասնագիտության հնարավոր չի լինի հոգալ ընտանիքի կարիքները։ 

Այսօր Մնացականյանների յոթ հոգուց բաղկացած ընտանիքը՝ սկեսուրը՝ Ելիզավետան, սկեսրայրը՝ Բորիկը, տեգրոջ կինը՝ Սիրանուշն ու երկու երեխաները, Անահիտն ու փոքր դուստրը՝ չորսամյա Մանեն, ապրում են մի հարկի տակ՝ Նուբարաշենում:

Անահիտի ամուսինը՝ Լեռնիկը, ու ամուսնու եղբայրը՝ Եղիշեն, անհայտ կորել են Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող Հայկազովի վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ՝ 2023-ի սեպտեմբերի 25-ին։

Ելիզավետա Մնացականյանն Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղից գնացել էր Ստեփանակերտ, երբ սկսվեց սեպտեմբերի 19-ի հարձակումը. աղջկա և տղայի ընտանիքների համար հաց էր տարել։ Դա վերջին անգամն էր, որ գյուղից դուրս եկավ։ Ելիզավետան ու ամուսինը՝ Բորիկը, Խաչմաչ գյուղում էին ապրում և մինչ հարձակումը բլոկադայի մեջ գտնվող Արցախում գյուղից Ստեփանակերտ աղջկա՝ Լիլիթի և որդու՝ Լեռնիկի ընտանիքի համար հաց էին տարել: 

«Եթե Բորիկը մի քիչ ուշ գնար՝ Սիրուշն ու երեխաներն էլ գերի էին ընկնելու»,- պատմում է Ելիզավետան։

Սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Արցախի մի շարք գյուղերի շուրջն արդեն ադրբեջանցիներ կային, հարձակումից հետո շատերն այդպես էլ հնարավորություն չունեցան գնալ տուն, որովհետև թշնամին արդեն գյուղում էր։ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանցիները խոշտանգումներ ու սպանություններ էին կատարել։

Ինչպես բազում ընտանիքներ, Մնացականյանները ևս, հապճեպ դուրս գալով տնից,  ոչինչ չեն վերցրել, գումարը, ոսկին՝ ամեն ինչ մնացել են տանը։

Մի քանի օր հետո ողջ ընտանիքը միասին էր՝ երկու որդիներն ու նրանց ընտանիքները, աղջկա ընտանիքն ու ամուսինը։ Ստեփանակերտում սպասում էին՝ վառելիք գտնեն, որ կարողանան միասին դուրս գալ Արցախից։

«Այդ պահին մտածում էինք, որ մեր տղաների բախտը բերել է․ քանի անգամ են մասնակցել պատերազմի ու վերադարձել»,- ասում է Ելիզավետան ու հավելում, որ դրանք իրենց վերջին երջանիկ ժամերն էին։

Ելիզավետան հիշում է, որ սեպտեմբերի 25-ին որդիները մի քանի բարեկամների հետ գնացին վառելիքի հետևից։ Հազարավոր մարդիկ արդեն Հայկազով կոչվող տեղամասում էին՝ առաջին և ամենամեծ կետում, որտեղ վառելիք էին բաժանում։

Հայկազովի վառելանյութի պահեստի պայթյունը տեղի ունեցավ ժամը 18։00-19։00-ի արանքում։ Մոտակայքում ապրողները հստակ հասկացան, որ պայթյուն է։ Այդ ժամերին Ստեփանակերտում ուժեղ անձրև էր տեղում, և բացառիկ այդ երևույթը շատերին պարզապես որոտի ձայն էր հիշեցրել։

Տեղացող անձրևի ժամանակ դժվար էր տարբերել՝ որոտ էր, թե՞․․․ 

Բենզինի հետևից մեկնած 34-ամյա Լեռնիկ և 33-ամյա Եղիշե Մնացականյաններն այդպես էլ չվերադարձան: Նրանց անհետ կորելուց անցել է 16 ամիս: 

«Մեզ համար տեղահանությունը սկսեց որոնելով՝ հիվանդանոցներ, դիահերձարաններ, նույնիսկ ճանապարհին ռուսական ու ադրբեջանական  ուղեկալներին էինք ցույց տալիս Լեռնիկի և Եղիշեի նկարները՝ հուսալով որևէ լուր իմանալ»,- պատմում է Անահիտը՝ Լեռնիկի կինը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ասկերանի շրջանի Հայկազով վայրի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով 238 է քաղաքացի է զոհվել, 23 քաղաքացի անհետ կորած է համարվում: 

Մայրը նշում է, որ որդիներն առ այսօր չունեն որևէ կարգավիճակ։ Ամիսների ընթացքում որևէ տեղեկություն չստանալով՝ անհայտ կորածների հարազատները սկսել են սեփական հետաքննությունը։

«Էլ տեղ չի մնացել որ չդիմենք, մի անգամ Կարմիր խաչից զանգեցին, մտածեցինք՝ նորություն ունեն, պարզվեց՝ իրենք են մեզ հարցնում՝ որևէ նորություն կա՞»,- ասում է տիկին Ելիզավետան։

Սպասման 16 ամիսների ընթացքում Մնացականյանների ընտանիքը տարբեր արժանահավատ և անհավատալի պատմություններ է լսել, ասում են, որ սահմանից ստացած տեղեկությունները հանգիստ չեն տալիս իրենց, ինչը և հույս է տալիս սպասել, հավատալ, որ տղաները դեռ ողջ են: 

Նուբարաշենում են ապրում՝ հարյուրավոր կիլոմետրեր հեռու հարազատ Խաչմաչից, որտեղ  հողի հետ կռիվ տալով տուն ու տեղ էին դրել, այգիներ էին մշակում, տուն էին գնել Ստեփանակերտում և երբեք չէին մտածում, որ մի օր կյանքը կարող էր  իրենց այլ եզերք բերել։

Երկրորդ անգամ են բնակարան փոխում։ Տունը, որտեղ ապրում են՝ ոչնչով նման չէ իրենց տանը։ Սեփական տուն ունեին՝ ողջ գերդաստանով կարելի էր այնտեղ ապրել։ Հիմա ամեն ինչ նեղ է՝ իրենց սրտի պես ճնշված։

Տիկին Ելիզավետայի առաքելությունը հիմա երեք թոռներին խնամելն է, մինչև մայրերը աշխատանքից կգան։ Սիրանուշը՝ Եղիշեի կինը, մանկապարտեզում է աշխատում։

Եղիշեի ու Սիրանուշի  երեխաները 7 և 6 տարեկան են։ Աղջիկը՝ Սվետլանան, 2023-ից հետո  ինքնամփոփ է դարձել, լսում է մեծերի խոսակցությունը, ու հայրիկի սպասումը ծանրանում է։ Վերջերս են ավարտել հոգեբանի հետ աշխատանքը։ Յուրին՝ որդին, ձեռքերում պահում է հեռախոսը, որի վրա հայրիկի նկարն է։

Տեղահանությունից հետո հոգեբանների աշխատանքի յուրահատուկ կողմերից մեկը հենց երեխաների հետ աշխատանքն էր․ տասնյակ ծնողներ հասկացան, որ նոր միջավայրը հաղորդակցության խնդիրներ է ստեղծում։ Կորուստ ունեցած երեխաները առավել շատ ունեին հոգեբանի հետ աշխատելու անհրաժեշտություն, այս դեպքում՝ առավել շատ, քանի որ երեխաներին դժվար է ասել ու բացատրել՝ ինչ է կատարվել, որտեղ են իրենց հայրերը և երբ կգան, կգա՞ն արդյոք։

Փոքրիկ միջանցքում, որտեղ բազմոց ու սեղան չկան, աթոռներին նստած են հարսներն ու սկեսուրը։ Երբ հարցրի միասին ապրելու որոշման մասին, չզարմացան, հաճախ են այդ հարցը լսել՝ ինչպե՞ս է, որ միասին են ապրում։ 

«Երբ սեպտեմբերի վերջին օրերին որոշում կայացրին դուրս գալ Արցախից՝ տղաները որոշեցին՝ կգնանք, մի տուն կվարձենք ու միասին կապրենք»,- հիշում է Սիրանուշն ու ասում, որ սա իրենց ամուսինների ցանկությունն էր, ու իրենք պարտավորված են համարում ապրել ամուսինների ծնողների հետ, հավատով, որ մի օր ընտանիքը նույն կազմով կլինի։

Անահիտի կանաչ աչքերում կարոտը արցունք է դառնում։  Լեռնիկի մասին խոսելիս հաճախ է ժպտում, ասես վերապրում է միասին անցկացրած կարճ, բայց երջանիկ կյանքը, որի գլխավոր նվաճումը չորսամյա  Մանեն է։

Մնացականյանները (Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից)

Թոռների մեջ որդիներին է տեսնում տիկին Ելիզավետան, հիշում, թե ինչպես է մեծացրել երեք երեխաներին, քանի անգամ պատերազմ ուղարկել ու հավատացել, որ տուն են գալու։ Այսօր էլ հավատը չի լքում իրենց, կառչում են ամեն մի տեղեկությունից, փաստերն իրար համադրում։

«Ասել են, թե 30-40 հոգու տարել են Աղդամի հոսպիտալ», «23 հոգու մասին որևէ տեղեկություն չկա», «պայթյունից անճանաչելի են, պիտի բուժվեն»՝ կցկտուր խոսակցությունների մեջ միշտ որդիների ստվերն է փնտրում, նույնիսկ երազներից պատառիկներ պատմում․․․

Վերջերս ադրբեջանական դատարանում ռազմաքաղաքական ղեկավարության «արդարադատության իրականացման» ժամանակ են անգամ փնտրել որդիներին, բայց  ապարդյուն․․․

Մնացականյան եղբայրները որևէ կարգավիճակ չունեն։

«Ասել են՝ պիտի երեք տարի անցնի, որ կա՛մ անհայտ կորածի, կա՛մ զոհվածի կարգավիճակ տան»,- հուզվում է 60-ամյա Ելիզավետան, բայց իրենք ոչ թե կարգավիճակին, այլ տղաներին են սպասում։

«Վերջին անգամ որ խոսեցինք, Լեռնիկն ասեց՝ շուտով մեր հերթն է,  բենզինը վերցնում ենք գանք»,- պատմում է Անահիտը։  

Որդու հետ խոսելուց 16 ամիս է անցել։ ԴՆԹ նմուշներ չեն հայտնաբերվել։ Լեռնիկն ու Եղիշեն ու ևս 21 հոգի անհայտ կորած են համարվում՝ առանց կարգավիճակի հաստատման։ Թեև որևէ պաշտոնական տեղեկություն չկա, որ տղաները ողջ են, բայց և չկա որևէ հաստատում հակառակի մասին, ինչը ընտանիքներին հույս է տալիս, որ մի օր նրանք անպայման վերադառնալու են: 

Մարիամ Սարգսյան

MediaLab.am