Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու․ Սարիկ Մինասյան

Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին, գրել է Գյումրիում ՔՊ-ի կողմից առաջադրված Սարիկ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար: Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը: Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել ապահովելով կրկնակի քվեներ` ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ Գյումրիի 81 տեղամասերի քվեների հաշվարկի արդյունքում ոչ մի ուժի չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։ Անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ. Սարիկ Մինասյան, «ՔՊ»- 36.21%, Վարդան Ղուկասյան, «ՀԿԿ» – 20.5%, Մարտուն Գրիգորյան, «ՄՔ դաշինք» – 15.5%, Ռուբեն Մխիթարյան, «ԻՀՀ» – 8.08%, Կարեն Սիմոնյան, «ՄՀ դաշինք» – 6.11%։