«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը
– Տիկի՛ն Հովհաննիսյան, հաջակցություն Բաքվի բանտերում գտնվող Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայ ռազմագերիների տեղի են ունենում բողոքի ակցիաներ, նաև հացադուլի տեսքով: Ինչպե՞ս եք գնահատում այս գործողությունները, որքանո՞վ կարելի է այս ամենն արդյունավետ միջոց համարել:
– Գերիների թեման ամենածանրն ու բարդն է: Այստեղ ամենակարևորն այն է, որ մենք գործ ունենք միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների հետ և ոչ միայն: Խոսքը կոնվենցիոն իրավունքների խախտումների մասին է, մասնավորապես՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի երրորդ համաձայնագրի, մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային դաշնագրերի ու համաձայնագրերի, ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի բոլոր նորմերի ու պահանջների կոպտագույն խախտումների:
Սրանք իրականում մարդասիրական ու բժշկական կազմակերպությունների համար առաջին հերթին պետք է լինեն հստակ կոչնակ, հատկապես բողոքի վերջին ալիքները ու նաև ապացույցները, ինչու ոչ, որովհետև այդ ապացույցներն արդեն իսկ մատնացույց են անում, որ տվյալ դատավարությունները, ինչպես և մենք ի սկզբանե գիտեինք, ոչ թե դատավարություններ են, այլ հերթական նվաստացման ու հանրային ծաղրի գործընթացներ են հայազգի անձանց դեմ, որոնք հանդգնել են բարձրաձայնել ինքնորոշման իրավունքի մասին, պետականության վերաբերյալ ունենալ պատկերացումներ ու միջազգային իրավունքին համապատասխան գործելով, խաղաղ կերպով փորձել են ձևավորել նոր պետություն, որն ունենա ինքնորոշման իրավունք իր էթնիկ հանրույթի համար:
Հիմա այդ դատավարությունները բավական ցուցադրական ու նվաստացուցիչ են, ու նաև վերջին իրադարձությունները ապացուցում են, որ կարող են լինել ոչ միայն հոգեբանորեն ճնշող, այլև՝ ֆիզիկական սպառնալիք: Տեսնում ենք սարսափելի կադրեր, խոշտանգման կոնկրետ ապացույցներ՝ մասնավորապես Ռուբեն Վարդանյանի դեմքին, ու սա արդեն իսկ թույլ է տալիս մտածել, որ իրավիճակը օրհասական է ու պետք է արագ գործել: Թե ինչո՛ւ Հայաստանի Կառավարությունը, խորհրդարանը անհապաղ քայլեր չեն ձեռնարկում ու ընտրել են լռելու քաղաքականությունը, ես ոչ միայն չեմ կարող ասել, այլ միայն կարող եմ ասել, որ դա անընդունելի է:
Հայաստանը պետք է հստակորեն պահանջ հնչեցնի ԱԺ-ին ու Կառավարությանը՝ տալ հստակ գնահատականներ ու դնել հստակ պահանջներ՝ անկախ նրանից, թե մենք ի՞նչ ենք ակնկալում հետագայում: Այդ ակնկալիքները ևս հիմնված են առաջին հերթին մարդասիրական իրավունքի նորմերի ու սկզբունքների պահպանման վրա, եթե մենք ակնկալում ենք խաղաղության որևէ գործընթաց, քանի որ եթե չկա մարդասիրական տարրերի պահպանում, ապա մենք չենք կարող ունենալ վստահելի խաղաղություն: Մենք ինչպես կարող ենք վստահ լինել, որ որևէ համաձայնագիր չի խախտվի, երբ խախտվում է միջազգային կոնվենցիան, որին միացել ու որն ընդունել են ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները:
Երկրորդ ամենակարևոր հանգամանքը, որ մենք տեսնում ենք, միջազգային կազմակերպությունների որոշակի լռությունն է, ինչը, անկախ նրանից, թե Հայաստանի Կառավարությունը, գործող էլիան որքանով կարող են լինել իրենց իրավունքների կրողը, կան միջազգային իրավունքներ, ու միջազգային կառույցները պարտավոր են մարդու իրավունքները դիտարկել որպես ցանկացած քաղաքական հարաբերությունների առանցք: Այստեղ երկրորդ թիրախն է միջազգային հանրությունը՝ որպես լռության ու ամենաթողության մթնոլորտ ապահովող, Ադրբեջանի հանցագործ ռեժիմի համար փափուկ պայմաններ տրամադրող որոշակի կառույցների ցանկ:
– Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին, այսօր էլ՝ Ալեն Սիմոնյանը ասել են, թե իրենք տեսանելի քայլեր չեն անում, որովհետև դա կարող է վտանգել ռազմագերիներին ու թույլ չտալ նրանց վերադարձը, բայց դա չի նշանակում, թե իրենք չեն զբաղվում ռազմագերիների հարցով:
– Ամենակարևորն այն է, որ ցանկացած բարձրաձայնում ունի նաև կանխարգելիչ նպատակ, ու երբ երկիրը խաղաղության գործընթացի շրջանակներում բարձրաձայնում է անհապաղ ազատ արձակել գերիներին ու այդ կետից սկսել, ապա դա դարձյալ միջազգային իրավունքի պահանջ է: Եթե մենք չունենք բազային վստահություն, որ կարող է միջազգային իրավունքը գործել, ու սկսենք այդ կետից, ապա ինչպե՞ս ենք հաջորդ քայլը կազմակերպում, որը կարող է գործել միայն ու միայն վստահության մթնոլորտում:
Իրականում անընդունելի եմ համարում այն արդարացումը, որ իշխանության ներկայացուցիչներն առաջ են քաշում, թե այս մոտեցումը որոշակիորեն հնարավորություն է տալիս անհավասար պայմաններում սկսել բանակցային գործընթացը, որն արդեն իսկ բանակցություն չէ, որովհետև հատկապես խաղաղության վերաբերյալ բանակցություններում կողմերը պետք է ունենան հավասար դիրքեր: Չպետք է լինեն գերության մեջ գտնվող մարդիկ, ու այդ գերության վիճակը չպետք է որևէ կերպ ազդի կամ շահարկվի այն կողմի միջոցով, որի մոտ գտնվում են գերիները: Դա նշանակում է շանտաժի մեթոդ, ինչն ամենևին չի կարող ապահովել դրական գործընթաց ու չի կարող հանգեցնել դրական առաջընթացի:
– Բողոքի այս ակցիաները որքանո՞վ են օգնելու հայ ռազմագերիներին, տիկի՛ն Հովհաննիսյան:
– Ակցիաները պետք է շարունակվեն, ես, իհարկե, ավելի բավարարված կլինեի, որ այս դերը ստանձնեին Կառավարությունն ու Ազգային ժողովը՝ որպես հավաքական, ընտրովի մարմին ու պետականորեն բարձրաձայնեին այդ հարցի մասին, որովհետև դա միջպետական ու միջազգային կառույցներին հրատապ ահազանգ հնչեցնելու ավելի հիմնավոր ու արդյունավետ միջոց է: Եթե սա չեն անում Ազգային ժողովն ու Կառավարությունը, ապա դա պետք է անեն հանրային խմբերը՝ տարբեր տիպի ակցիաներով, որպեսզի խնդիրը հասնի միջազգային մակարդակի ու հասնել շոշափելի արդյունքների, որովհետև անտեսելով մարդու իրավունքները՝ որևէ քաղաքական որոշում, առաջընթաց մենք երբևէ չենք կարող ունենալ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















