«Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին մահացու զենքերի մատակարարումը, հակաադրբեջանական դիրքորոշումը չեն ծառայում խաղաղությանը»․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ. Factor

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոյի՝ տարածաշրջանում լարվածության վերաբերյալ հայտարարությանը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահացու զենքերի մատակարարումը, ինչպես նաև երկարատև հակաադրբեջանական դիրքորոշումը, որոնք չեն ծառայում խաղաղությանը, հակասում են նախարար Ժան-Նոել Բարրոյի արտահայտած մտահոգությանը տարածաշրջանային լարվածության վերաբերյալ։ Այս երկվությունը բացահայտում է Ֆրանսիայի երեսպաշտությունը»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ըստ Հաջիզադեի՝ «թեև խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքների ավարտը կարևոր զարգացում է, խաղաղության համաձայնագրի ստորագրումը և երկարատև կայունությունը պահանջում են լուծել հիմնական խնդիրները, մասնավորապես, Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջների հարցը, դադարեցնել անկայունացնող արտաքին միջամտությունները, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից»։

«Ավելին, մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական ​​գործընթացներին խոչընդոտելը ոչ միայն միջամտություն է ներքին գործերին, այլև խաթարում է նման հանցագործությունների համար պատասխանատվությունը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի կապակցությամբ։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես շատ մտահոգված եմ սահմանին լարվածության աճով։ Հուսով եմ, որ տեղում տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել՝ այս լարվածությունը վերահսկելու և զսպելու համար։ Հիմա անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր և ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին ու բանտարկվածներին»,- ասել է Բարրոն։