Թեհրան, IRNA – Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների ընդլայնումը չպետք է հանգեցնի ճանաչված սահմանների փոփոխության:
Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բաղային ընդգծել է, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների վերաբերյալ մնում է անփոփոխ:
Պատասխանելով Հարավային Կովկասում զարգացումների մասին IRNA-ի հարցին՝ խոսնակը նշել է, որ տվյալ պահին քննարկվում են երկու հիմնական հարց. դրանցից առաջինը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասությունների խաղաղ լուծումն է:
Բաղային նշել է, որ Իրանը մշտապես ընդգծում է այդ հարցի հրատապությունը և համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ հավատալով, որ դա կնպաստի տարածաշրջանային կայունությանը։ Նա հավելել է, որ Իրանը խրախուսում է Հայաստանին՝ լրջորեն շարունակել գործընթացը:
Ինչ վերաբերում է տրանսպորտային երթուղիներին՝ Բաղային նշել է, որ Իրանը կարևորում է տնտեսական աճն ու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը։ Սակայն տրանսպորտային ուղիների ընդլայնումը, ըստ նրա, չպետք է հակասի պետությունների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը կամ հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության կամ ճանաչված սահմանների փոփոխության:
Խոսելով արտաքին դերակատարների ներգրավվածության մասին՝ Բաղային նշել է, որ Իրանն իր պաշտոնական դիրքորոշմամբ հայտնել է, որ նման միջամտությունը շահավետ չէ տարածաշրջանի անվտանգության և զարգացման համար։ Նա դրական է գնահատել այն հանգամանքը, որ որոշ արտատարածաշրջանային ուժերի ներգրավման մասին շրջանառվող լուրերը հերքվել են տարբեր դերակատարների կողմից։
Բաղային նշել է, որ Թեհրանը ուշադիր հետևում է զարգացումներին, քանի որ դրանք առնչվում են Իրանի ազգային շահերին։



















