Հոկտեմբերի 1-ից գործող որոշումը կնպաստի պատվաստման գործընթացն ավելի լայն թափով իրականացնելուն. Նարեկ Վանեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային բժշկական պալատի նախագահ, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը

– Պարո՛ն Վանեսյան, հաշվի առնելով համաճարակային ներկա իրավիճակը՝ պատվաստումային գործընթացն ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում: Կարո՞ղ ենք ասել, որ այն տապալվել է:

– Տապալվելու մասին կարող ենք խոսել, երբ այդ գործընթացն ավարտված կլինի, փաստացի, պատվաստման գործընթացը շարունակվում է, և դրա տապալման մասին որևէ մեկը չի կարող ասել: 

Այլ բան է, որ, ասենք, գործընթացը դանդաղ տեմպով է առաջ գնում, կամ տեմպն արագացել է: Հաշվի առնելով առողջապահության նախարարի վերջին որոշումը, որ հոկտեմբերի 1-ից սկսած գործատուն աշխատողից պետք է պահանջի կա՛մ պատվաստումը հաստատող վկայականը, կա՛մ 14 օրը մեկ նմուշառման բացասական արդյունքով թուղթը, կարծում եմ, որ այն կնպաստի, որպեսզի պատվաստվողների տեսակարար կշիռն ավելի շատանա, և դա դրական արդյունքներ կտա՝ անկախ նրանից, որ այս որոշումը սոցիալական ցանցերում քննարկման նյութ է դարձել, բայց կարծում եմ, որ այս որոշումը կնպաստի պատվաստման գործընթացն ավելի լայն թափով իրականացնելուն:

– Սոցիալական ցանցերում տարածված քննադատությունների մասին ասացիք, ոմանք նշում են, որ նախարարի այս որոշումը որևէ հիմք չի տալիս, որ աշխատողին, որը կհրաժարվի այս երկու տարբերակի կատարումից էլ, գործատուն աշխատանքից հեռացնի կամ կասեցնի նրա աշխատանքը: Քննադատողներն ասում են նաև, որ, ըստ էության, սա պարտադիր պատվաստում է նշանակում: Ձեր մեկնաբանությունը կխնդրեմ այս առնչությամբ:

– Մի անձի չպատվաստվելը և իմ երաշխիքները՝ առողջ միջավայրում ապրելու, համընկնում են իրար: Այսինքն՝ ես պետությունից ու առողջապահության նախարարությունից ակնկալում եմ, որ ինքը պետք է հնարավորինս նպաստի անվտանգ ու առողջ միջավայր ստեղծելուն, որտեղ ես պետք է ապրեմ ու ակնկալում եմ նաև, որպեսզի դրա նկատմամբ վերահսկողություն լինի:

Հիմա եթե ինչ-որ մեկը չի ուզում պատվաստվել, բացի այն հանգամանքից, որ, իհարկե, ինքն է որոշում իր առողջության հետ կապված հարցերը, բայց այդ պարագայում խնդիրներ են առաջանում նաև իմ առողջության հետ կապված: Այսինքն՝ այս կոնտեքստում խթանելը, խրախուսելը, որոշակի սահմանափակումներ դնելը աջակցում են պատվաստման տեմպերի արագացմանը: 

Ամբողջ աշխարհն է այս գործընթացով անցնում, բայց անկախ նախարարի անձից՝ սխալ է մեղադրել նրան որոշակի սահմանափակումների համար, որոնք նպաստում են մարդկանց առողջությանը: 

Շատ ավելի զարգացած երկրներում ավելի խիստ սահմանափակումներ կան, ինչը մեզ մոտ բացակայում է: Ցանկացած սահմանափակման դեպքում էլ գտնվում են մարդիկ, որոնք դժգոհ են, բայց այս բնույթի սահմանափակումները, որոնք ուղղված են մարդու, բնակչության առողջության բարելավմանը, ունեն դրական նշանակություն:

 – Պարո՛ն Վանեսյան, ինչո՞ւ հանրության լայն շերտը, այնուամենայնիվ, վստահություն չունի պատվաստման գործընթացի նկատմամբ:

– Ամբողջ աշխարհում հակապատվաստումային գործընթացները սովորաբար երկբևեռ են լինում: Առաջինը քաղաքական առումով է պայմանավորված, սովորաբար, իշխող ուժին ընդդիմադիր ուժերը մեծ մասամբ փորձում են, գուցե նաև արդարացիորեն, քննադատության ենթարկել իշխող ուժի վարած քաղաքականությունը, ինչից անմասն չեն մնում նաև առողջապահության ոլորտին վերաբերող հարցերը: 

Երկրորդը ամբողջ աշխարհում տիրող հակապատվաստումային քարոզչությունն է, ցանկացած հիվանդության դեպքում, միայն COVID 19-ով մի դիտարկեք: 

Ֆեյսբուքյան մեծ խմբեր կան, մեր երկրում ևս, որոնք գտնում են այս կամ այն, երբեմն չապացուցված աղբյուրներ, հղում են տալիս դրանց ու ասում, որ պետք է չպատվաստվել, որովհետև այսպիսի խնդիրներ կան: 

Բնականաբար, պատվաստման արդյունքում կա որոշակի թույլատրելիության աստիճան, որ որոշակի խնդիրներ կարող են լինել, որովհետև պատվաստանյութը, այնուամենայնիվ, դեղորայք է, որ կարող է առաջացնել անհատական ռեակցիա, իսկ դա չի կարելի հիմք ընդունել ու ներկայացնել, թե վտանգավոր է ու չի կարելի մասսայաբար պատվաստվել: 

Այսինքն՝ այս հակաքարոզչությունը երկբաղադրիչ է, և, բնականաբար, այս ամենը հաշվի առնելով, գիտակից հասարակությունը, առողջապահության նախարարությունը պետք է բացատրական ավելի լայն աշխատանքներ իրականացնեն՝ հեղինակավոր անձանց ներգրավելով այդ գործընթացներում: Այստեղ անելիք ունեն նաև առողջապահական հասարակական կազմակերպությունները, և եթե ԱՆ-ն դիմի այդ կազմակերպություններին, իմ անունից եմ ասում, վստահաբար զգալի մասը կհամաձայնի մարզ առ մարզ շրջել ու հանրությանն ավելի ճշգրիտ ու մատչելի բացատրել պատվաստման կարևորությունը: 

Մեր իրականության մեջ կա նաև երրորդ բաղադրիչը՝ պատվաստման գործընթացի տեմպերի դանդաղեցման, որ մարդիկ սպասում են Հայաստան ներկրվի այն պատվաստանյութը, որն ընդունելի է նաև աշխարհում, որպեսզի երկրից դուրս գալու պարագայում խնդիրներ չունենան:

 – Որպես առողջապահության կազմակերպիչ՝ առողջապահության նախարարության թույլ տված ի՞նչ գլխավոր թերություն կառանձնացնեք, որը պատվաստման գործընթացի հենց սկզբից խոչընդոտեց ավելի շատ մարդկանց ներգրավումը, որ մարդիկ ավելի շատ հավատացին հակապատվաստումային քարոզչությանը, քան գիտական ապացուցված դեպքերին:

– Յուրաքանչյուր բժիշկ, որը որևէ ձևաչափով կարող է մասնակցություն ունենալ պատվաստման գործընթացի կազմակերպմանը, առաջինը պետք է ինքը հասկանա, թե ինչն է թերի անում, որովհետև նախարարությունը, այնուամենայնիվ, իր նպատակային ծրագրերը մեծ մասամբ իրականացնում է բուժաշխատողների միջոցով: 

Երկրորդ հանգամանքը, կարծում եմ, 44-օրյա պատերազմով է պայմանավորված, որ մարդիկ այդ ամենի հետևանքով ավելի ուշադրություն չեն դարձնում սեփական առողջությանը ու պասիվություն են դրսևորում: 

Նախարարությունը պետք է շատ ռեսուրսներ, ժամանակ ծախսի հանրայնացնող գործընթացների վրա: Իհարկե հանրայնացված է, որ այս համավարակը շատ վտանգավոր է, բայց միևնույն ժամանակ կանխարգելմանն ուղղված ու ավելի առողջ ապրելուն միտված մարկետինգային քաղաքականությունը պետք է ավելի ուժեղ ձևով իրականացվի: 

Եվ անկախ նախարարի անձից, կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է սատար կանգնի առողջապահության նախարարությանը՝ անկախ քաղաքական ու այլ հայացքներից, որպեսզի այս գործընթացը լավագույնս կազմակերպվի: Եթե պատվաստման գործընթացը չիրականացվեց, այս հիվանդության դեմ տարվող պայքարն ավարտուն տեսքի չմոտեցավ, մեր երկրում այլ բաների մասին խոսելն ավելորդ է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am