Տեսնում եմ խմբավորումներ, որոնք կարող են մի դեպքում աչք փակել օրենքի և իրավունքի խախտման վրա, մյուս դեպքում ջերմեռանդորեն վկայակոչել օրենքը. Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը մտահոգություն է հայտնում Հայաստանում օրենքի ոչ հավասար կիրառման վերաբերյալ՝ նշելով, որ արդարադատությունը հաճախ գործում է ըստ նախասիրությունների։

«Օրենքը բոլորի համար է, և օրենքի առջև հավասարության սկզբունքը պետք է տարածվի բոլորի վրա, անկախ նրանից, թե ինչ հանրային, քաղաքական, կրոնական կամ մշակութային դիրք է զբաղեցնում անձը։ Բայց, ես ակնհայտ տեսնում եմ երկրում կոնկրետ խմբավորումներ, որոնք կարող են մի դեպքում աչք փակել օրենքի և իրավունքի խախտման վրա, մյուս դեպքում ջերմեռանդորեն վկայակոչել օրենքը։ Օրենքի կիրառումը ըստ նախասիրության, ճաշակի ու սիրել-չսիրելու ևս ընտրողաբար իրականացվող արդարադատություն է, որն, ի վերջո, իրավունքի խախտման է հանգեցնում։

Մենք իրավունքը սկսել ենք ընկալել ֆանատների խմբերի նման, երբ կոնկրետ թիմի երկրպագուն ես, սկսում ես նույնիսկ չնկատել, հաճախ նաև խրախուսել, երբ քո սիրելի թիմը թույլ է տալիս ակնհայտ խախտումներ, կարող է քացով հարվածել մեկ այլ ֆուտբոլիստի, հրել ու նույնիսկ թքել վրան։ Բայց եթե ֆուտբոլային խաղի ժամանակ առնվազն կա դատավոր, որի գործառույթն է խաղի արդար, կարգավորված և անվտանգ անցկացումն ապահովելը, այս դեպքում ո՞վ պետք է լինի անկախ, եթե դատարանների հանդեպ վստահությունը շատ ցածր է։

Չգիտեմ, թե այս ամենն ուր է մեզ հասցնելու, բայց ենթադրում եմ, որ ոչ մի լավ տեղ։ Ամեն դեպքում պետք է կարողանանք որևէ արժեքային առանցքի շուրջ համաձայնեցված ապրել, դա է հասարակությունն ու պետությունը, հակառակ դեպքում մենք միայն գործելու ենք անձնական նախասիրություններից ելնելով, ակնհայտ խտրական մտածելակերպով»։