Դավոս մեկնող Թրամփի ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է Վաշինգտոն

Ինքնաթիռը, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնում էր Շվեյցարիայի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին, վերելքից կարճ ժամանակ անց վերադարձել է Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» ավիաբազա։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ պատճառը «փոքր էլեկտրական խնդիրն» է եղել։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Boeing 747 ինքնաթիռից Թրամփը տեղափոխվել է Boeing 757, որով էլ Դավոս է մեկնել առաջին թռիչքից շուրջ երկու ժամ անց։

Դավոս են ժամանել աշխարհի տարբեր երկրների և միջազգային կառույցների ղեկավարներ։ Մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել էր, որ հստակ պատկերացում չունի, թե ինչ սպասել համաժողովից։ «Եվ այսպես, ես մեկնում եմ Դավոս։ Կարծում եմ՝ ուղևորությունը շատ հաջող կլինի։ Սա հետաքրքիր ճանապարհորդություն է լինելու․ պատկերացում չունեմ, թե ինչ տեղի կունենա», -ասել է նա։