Զելենսկին հայտարարել է Ուկրաինա-Ռուսաստա-ԱՄՆ առաջին եռակողմ հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև առաջին եռակողմ բանակցությունների մասին։

Նրա խոսքով՝ բանակցությունները կանցկացվեն «տեխնիկական մակարդակով» և տեղի կունենան հունվարի 23–24-ին Արաբական Միացյալ Էմիրություններում։

«Ռուսները պետք է պատրաստ լինեն փոխզիջումների։ Բոլորը պետք է պատրաստ լինեն, ոչ միայն Ուկրաինան։ Տեսնենք՝ ինչ արդյունք կլինի», – ասել է Զելենսկին։

Նա նաև ընդգծել է, որ խաղաղության հասնել հնարավոր չէ առանց ԱՄՆ նախագահի աջակցության, և քննադատել է Եվրամիությանը՝ քաղաքական կամքի պակասի համար՝ նշելով, որ ԵՄ-ն չի ցանկանում օգտագործել սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային օգնելու նպատակով։ Զելենսկին հիշեցրել է, որ անցյալ տարի Դավոսում իր ելույթը ավարտել էր այն խոսքով, որ Եվրոպան պետք է կարողանա պաշտպանել ինքն իրեն, սակայն, նրա խոսքով, մեկ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները հաճախ սպասում են ԱՄՆ-ի քայլերին՝ ինքնուրույն գործողությունների փոխարեն։ Նրա խոսքով՝ ներկայում ողջ ուշադրությունը կենտրոնացած է Գրենլանդիայի վրա։ «Բոլորը հույս ունեն, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը կնվազի և սպասողական դիրք են ընդունում։ Նույնը տեղի ունեցավ Իրանում բողոքի ցույցերի, ինչպես նաև Վենեսուելայի դեպքում», – ասել է Զելենսկին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել էր, որ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ նախատեսվող հանդիպումից հետո ամերիկյան պատվիրակությունը կմեկնի ԱՄԷ։ Նրա խոսքով՝ հունվարի 21-ի ուշ երեկոյին ինքը և ամերիկյան պատվիրակության անդամները երկար քննարկումներ են ունեցել ուկրաինական պատվիրակության հետ, որոնց ընթացքում անդրադարձ է եղել նաև Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը և ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորությանը։

Ուիթքոֆը նշել է, որ դեռևս կա մեկ չլուծված հարց, որը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է տարածքների վերահսկողությանը։

Զելենսկու ելույթին նախորդել է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը տևել է մոտ մեկ ժամ և անցկացվել է լրագրողների մասնակցություն չունեցող ձևաչափով։ Թրամփը հայտարարել է, որ հանդիպումը անցել է «շատ լավ», և փոխանցել է, որ իր ուղերձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այն է, որ պատերազմը պետք է ավարտվի։

Financial Times-ի փոխանցմամբ՝ Զելենսկին փորձել է համոզել Թրամփին ստանձնել Ուկրաինային աջակցելու լրացուցիչ պարտավորություններ։ Թերթը գրում է, որ համապատասխան փաստաթղթերը նախապես համաձայնեցվել էին ամերիկացի պաշտոնյաների հետ, սակայն Դավոսում դրանց քննարկումը չի ավարտվել, և փաստաթղթերը չեն ստորագրվել։