2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2026 թվականի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 29-ի նիստում։
Աշխատանքային օրվա տեղափոխումը պայմանավորված է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի անցկացմամբ Հայաստանում։
Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը։ Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը՝ նախատեսվում է շուրջ 50 բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն՝ պետության կամ միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով, Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է դարձել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։
Նախագիծը մշակվել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։
Կառավարության որոշման նախագծի ընդունումը չի պահանջում այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ և չի առաջացնում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների փոփոխություններ։
Նախագիծը պատրաստվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից։



















