Վերլուծական ակնարկ. Բոստոնյան ահաբեկչության կովկասյան արմատները

Վերլուծական ակնարկ. Բոստոնյան ահաբեկչության կովկասյան արմատները
Վերլուծական ակնարկ. Բոստոնյան ահաբեկչության կովկասյան արմատները

Կասկածյալներն ազգությամբ չեչենններ են`Ռուսաստանի հյուսիսկովկասյան շրջանից, եւ չնայած նրանց ինքնությունը պարզվել է, ահաբեկչության դրդապատճառները շարունակում են անհայտ մնալ:  

Ապրիլի 15-ին Բոստոնում անցկացվող մարաթոնյան վազքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության իրականացման մեջ մեղադրվող կասկածյալներն ազգությամբ չեչեն Թամերլան եւ Ջոխար Ցարնաեւ եղբայրներն են`Ռուսաստանի հարավից:

Ահաբեկչության դրդապատճառները, ինչպես նաեւ Ցարնաեւ եղբայրների` Հյուսիսային Կովկասում իսլամիստ զինյալների կամ անջատողականների գործունեության հետ հնարավոր կապերը դեռեւս պարզվում են:

Չնայած տարածաշրջանում երբեմն լինում են բռնությունների դեպքեր, այն վաղուց արդեն դուրս է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնից: Չեչնիայում, որը երկու անջատողական պատերազմ է մղել ռուսների դեմ, Մոսկվայի աջակցությամբ գործող ավտորիտար վարչակարգ է հաստատվել:  

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականի խմբագիր Օլիվեր Բուլլոուն վերլուծում է Չեչնիայում եւ հարակից հյուսիսկովկասյան շրջաններում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ տարածաշրջանում եւ արտասահմանում զինյալների ծավալած գործունեության պատմությունը: 

Չեչեն զինյալները բազմիցս մեղադրվել են Ռուսաստանում կազմակերպված ահաբեկչությունների մեջ. արդյո՞ք նրանք առաջին անգամ են մասնակցում այլ երկրներում կազմակերպված ահաբեկչություններին:

2010 թվականին Կոպենհագենում պայթյուն տեղի ունեցավ, որից հետո, շրջանառվող լուրերի համաձայն, նույնպիսի ահաբեկչական ծրագրեր էին խափանվել Ֆրանսիայի եւ Իսպանիայի ոստիկանությունների կողմից, սակայն նման մասշտաբի իրադարձություն դեռեւս տեղի չէր ունեցել Ռուսաստանից դուրս:

Այնուամենայնիվ, պետք է հստակ սահմանազատել կասկածյալների չեչենական արմատները եւ նրանց`զինյալներ լինելու հավանականությունը: Այս պահին որեւէ տեղեկություն չկա, որը կհաստատի նրանց`որեւէ քաղաքական խմբավորման պատկանելությունը:

Իննսունականների սկզբին, թվում էր`Չեչնիան պատերազմում էր Ռուսաստանից անկախանալու համար, սակայն հետագայում ապստամբությունը վերաճեց ջիհադի` (անհավատների դեմ սրբազան պատերազմի) տարածվելով հարակից հյուսիսկովկասյան հանրապետություններով: Արդյո՞ք անջատողական պատերազմը շարունակվում է, թե այժմ այն կապված է միջազգային ջիհադիստների գործունեության հետ:

Կարծում եմ`չեչենների ճնշող մեծամասնության համար, անգամ նրանց, ովքեր համագործակցում են Ռուսաստանի հետ, անկախությունը գերակա նպատակ է մնում: Այս պահին աստիճանաբար նվազում է առանց այն էլ սակավաթիվ մարդկանց քանակը, ովքեր դեռեւս կողմ են իսլամական պետության ստեղծմանը, որի համար մինչ օրս զինյալները կռվում են Ռուսաստանի դեմ:

Այնուամենայնիվ, քսան տարի շարունակ Ռուսաստանի դեմ պայքարելու համար խիստ ծայրահեղական գաղափարախոսություն է անհրաժեշտ, այդ պատճառով նման կոշտ դիրքորոշումը զարմանալի չէ:

Ի՞նչ նպատակ են հետապնդում զինյալները: Հանուն ինչի՞ են նրանք պայքարում այսօր:

Այս պահին, առաջնային խնդիրը ողջ մնալն է եւ պայքարը շարունակելը: Չեմ կարծում, թե այս պահին զինյալները հույս ունեն, թե կհաղթեն, սակայն նրանք հավատում են, որ Ռուսաստանի քաղաքականությունը կփոխվի դրամի եւ մարդկային ռեսուրսների պակասի պատճառով, եւ նրանք ձգտում են պատրաստ լինել, որպեսզի երբ այդ օրը հասունանա, կարողանան դուրս գալ իրենց լեռնային թաքստոցից ու իշխանության գալ: 

Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն`հյուսիսկովկասյան զինյալները մարտեր են մղում տալիբների եւ այլ զինված խմբավորումների ներկայացուցիչների հետ միասին: Ի՞նչ մակարդակով են այս խմբավորումները իրականում կապված արտասահմանում ջիհադիստիների գործունեության հետ:

Աֆղանստանում եւ Պակիստանում կռվող չեչեն զինյալների մասին լուրերը հաճախ են շրջանառվում, սակայն դրանք երբեք էլ չեն հաստատվել ականատեսների վկայություններով:

Հայտնի է, որ սիրիացի ապստամբների կողմից կռվող չեչեններ կան, հետեւաբար, ջիհադիստների հետ ունեցած կապերի հավանականությունը չի բացառվում: Ավելին, իրադրությունը բարդանում է այն հանգամանքով, որ Սիրիան Ռուսաստանի դաշնակիցն է, հետեւաբար, նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ պայքարը կարող է դիտվել որպես  Կրեմլի դեմ մղվող պատերազմին փոխարինելու միջոց:  

Արդյո՞ք Չեչնիայում եւ հարակից շրջաններում, օրինակ, Դաղստանում շարունակվում է հակամարտությունը: Արդյո՞ք ռուսական կողմը կարողացել է միայն ուժի միջոցով պահպանել տարածաշրջանում կայունությունը:   

Չեչնիայում այս պահին պահպանվում է կայուն իրավիճակակը, չնայած որ այդ կայունությանը հասել են ծայրահեղ վերահսկողության հաստատման գնով: Այստեղ գործող վարչակարգը Ռուսաստանի եւ շարիաթի օրենքների համադրություն է հիշեցնում, որի նպատակն է ամրապնդել սեփական լեգիտիմությունը թե’ տեղացիների, թե’ Մոսկվայի աչքերում: Վարչակարգի հակառակորդները մեկը մյուսի հետեւից վերանում են, եւ ակտիվիստների պնդմամբ, Չեչնիայում խիստ տարածված է խոշտանգումների քաղաքականությունը:

Դաղստանում, որը 90-ականներին խաղաղ ապաստան էր հանդիսանում չեչեն փախստականների համար, այս պահին իրադրությունը շատ ավելի լարված է. այստեղ պարբերաբար կրակոցներ են հնչում եւ պայթյուններ են տեղի ունենում: Չեչնիայի արեւմտյան շրջանը`Ինգուշեթիան, նույնպես բռնությունների օջախ է դարձել: Բացի այդ, ողջ հյուսիսկովկասյան տարածաշրջանում անվտանգության տեսանկյունից իրադրությունն անկայուն է:  

Ցարնաեւ եղբայրներից մեկը, ըստ որոշ տեղեկությունների, ծնվել է Ղրղզստանում`Կենտրոնական Ասիայում, որը բավական հեռու է կովկասյան տարածաշրջանից: Արդյո՞ք այս հանգամանքը որեւէ նշանակություն ունի տվյալ համատեքստում:

Այո, էթնիկական չեչենների համայնքները հաստատվեցին կենտրոնական Ասիայում, երբ Ստալինը ողջ չեչեն ազգաբնակչությանն արտաքսեց Հյուսիսային Կովկասից: Երբ 1994-ին սկսվեց առաջին չեչենական պատերազմը, փախստականները, բնականաբար, որոշեցին միանալ իրենց հայրենակիցներին եւ աջակցել նրանց պայքարի ընթացքում: Ղազախստանում եւ Ղրղզստանում չեչենական մեծաքանակ համայնքներ կան, որոնք սերտ կապեր են պահպանում Չեչնիայի հետ, եւ փախստականներն ազատ ճանապարհորդում են այս ուղղություններով:

Օլիվեր Բուլլոու

Լուսանկարում Սուլեյմանովների ընտանիքը: /Ռոյթերզ/

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից։ www.iwpr.net