Խորապես հիասթափեցնող է․ Նենսի Փելոսին՝ Վենսի ջնջված գրառման մասին

ԱՄՆ Կոնգրեսի նախկին նախագահ, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին X հարթակում արձագանքել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից Հայոց ցեղասպանության մասին արված և հետագայում հեռացված գրառմանը՝ այն գնահատելով որպես հիասթափեցնող քայլ։

Փելոսիի հայտարարությունը հաջորդել է այն բանից հետո, երբ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ում գրել էր, որ ինքը և երկրորդ տիկին Ուշա Վենսը այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ավելի ուշ այդ գրառումը հեռացվել էր։

Փելոսին գրել է․

«Երբ 2022 թվականին՝ որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, այցելեցի Հայաստան, մեր կոնգրեսական պատվիրակությունը կանգնեց Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց Հայոց ցեղասպանության մասին՝ որովհետև ճշմարտությունը կարևոր է։

Այդ ճշմարտությունը վերահաստատվեց, երբ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին ճնշող մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձևը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, և երբ նախագահ Բայդենը 2021 թվականին պաշտոնապես ճանաչեց այն։

Խորապես հիասթափեցնող է, թեև ոչ զարմանալի, տեսնել, որ փոխնախագահը ջնջում է այդ ճշմարտությունը ընդունող գրառումը։ Պատմության ջնջումը վիրավորում է զոհերի հիշատակը և թուլացնում մեր հանձնառությունը մարդու իրավունքներին՝ ամբողջ աշխարհում»։