Պետական գաղտնիքին առնչվող ներքին աուդիտը պետք է մնա պետության ձեռքում. «Սասնա ծռեր»

Պետական գաղտնիքին առնչվող ներքին աուդիտը պետք է մնա պետության ձեռքում. «Սասնա ծռեր»
Պետական գաղտնիքին առնչվող ներքին աուդիտը պետք է մնա պետության ձեռքում. «Սասնա ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հանրային հատվածի կազմակերպությունների (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ, պետական կամ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններ, հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններ) ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեությունը դադարեցնելու և ներքին աուդիտը հրավիրված կազմակերպությունների միջոցով իրականացնելու գործընթաց:

Ցավով արձանագրում ենք, որ սա ՀՀ կառավարության հերթական չկշռադատված և հապճեպ որոշումն է, որը զգալի վնաս է պատճառելու պետությանն ու մասնագիտական ռեսուրսին:

ՀՀ ֆինանսների նախարարությունը, որ ֆինանսական հոսքերի կառավարման կենտրոնական հանգույցն է, առաջինն է վերացրել իր ներքին աուդիտի ստորաբաժանումը և արդեն համապատասխան պայմանագիր է կնքել «Բի-Դի-Օ Արմենիա ՓԲԸ»-ի հետ: Այդ օրինակին են հետևել և արդեն մրցույթներ են հայտարարել մի շարք այլ գերատեսչություններ, այդ թվում՝ ՀՀ Ոստիկանությունը: Տեղեկություններ կան, որ նույն կերպ է վարվելու նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Ի դեպ՝ նշված ընկերությունն առնվազն սերտ կապ ունի Ռուսաստանի Դաշնությունում նույնաբնույթ գործունեություն իրականացնող «Բի-Դի-Օ Յունիկոն» (БДО Юникон) ընկերության հետ: Նրա գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Իգորի Վերենկովը «Բի-Դի-Օ Արմենիա ՓԲԸ»-ի բաժնետեր է:
«Բի-Դի-Օ Արմենիա ՓԲԸ»-ն ՀՀ-ում նման գործունեություն իրականացնող ընդամենը մի քանի ընկերություններից մեկն է, ուստի առնվազն էական մասնակցություն է ունենալու ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտին: Չհաստատված, սակայն համառորեն շրջանառվող լուրեր կան, որ այդ ընկերությունը շահելու է մրցույթների մեծ մասը:

Նշված գործընթացը կառաջացնի պետական գաղտնիքի արտահոսքի մեծացման ռեալ վտանգ, ինչպես նաև առկա իրողությունների պայմաններում կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի մեծացման, մատուցվող ծառայությունների որակի անկման, մասնագիտական ռեսուրսի փոշիացման, շուրջ 200 ծառայողի գործազրկության, պետության նյութական միջոցների վատնման:

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունը ՀՀ վարչապետին հղված ս.թ. հոկտեմբերի 25-ի նամակում և հոկտեմբերի 29-ի նույնաբովանդակ հայտարարությամբ ծանրակշիռ մասնագիտական հիմնավորումներով և օտարերկրյա փորձի վերաբերյալ տեղեկանքով ներկայացրել է դիտարկվող գործընթացի վտանգավորությունն ու վնասակարությունը, սակայն կառավարությունից մինչ օրս որևէ արձագանք չկա, իսկ գործընթացը շարունակվում է:

ՀՀ կառավարությանը հորդորում ենք վերանայել դիտարկվող նախաձեռնությունը և խնդիրը լուծել հետևյալ կերպով.

1)ՀՀ վարչապետին առընթեր ստեղծել Ներքին աուդիտի պետական ծառայություն՝ նրան վերապահելով պետական գաղտնիքի հետ առնչվող ենթահատվածի կազմակերպությունների ներքին աուդիտը,

2)պետական գաղտնիքի հետ առնչություն չունեցող ենթահատվածի ներքին աուդիտն իրականացնել հրավիրված կազմակերպությունների միջոցով: