Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են դեպի խաղաղություն, և միջազգային գործընկերները չպետք է տարածաշրջանը վերադարձնեն հնացած նարատիվների։
«Ադրբեջանի փոխվարչապետն այցելել է Հայաստան, որտեղ երկու երկրների կառավարությունների մակարդակով քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր՝ այդ թվում տնտեսական և առևտրային հարաբերությունները, քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, ինչպես ընդունված է հարևան երկրների միջև»,- ասել է Հաջիևը։
Նա հավելել է, որ Հայաստան որոշակի ապրանքների մատակարարումը դառնում է նոր նորմ երկու երկրների հարաբերություններում։
«Սա նաև նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգության և ընդհանուր բարեկեցության ամրապնդմանը։ Մենք քննարկում ենք որոշ ապրանքների ներմուծման հնարավորությունը, և երկու երկրների բիզնես համայնքներն արդեն համագործակցում են»,- նշել է նա։



















