Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, որոնք մեղադրվում էին Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի օգտին լրտեսություն կատարելու մեջ։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Յակուբ Քարիմպուրը և Նասեր Բեքրզադեն կախաղան են բարձրացվել այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը հաստատել է նրանց նկատմամբ կայացված դատավճիռը։
Գործակալության տվյալներով՝ Քարիմպուրը Իրանի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ է փոխանցել «Մոսադ»-ի գործակալներին՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հակամարտության սրման փուլում։
Նշվում է նաև, որ Բեքրզադեն հավաքել և փոխանցել է տեղեկատվություն օտարերկրյա հետախուզական ծառայություններին՝ կապված կարևոր պետական, նահանգային և կրոնական գործիչների, ինչպես նաև ռազմավարական նշանակության օբյեկտների հետ, այդ թվում՝ Նաթանզի միջուկային համալիրի մասին։



















