Ռուսաստանը հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք քաղաքների, այդ թվում՝ Կիևին և Դնեպրին։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել է։
Ինչպես գրում է Le Monde-ը, ռուսական բանակը կիրառել է «Իսկանդեր-M» բալիստիկ և «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներ։ Պարբերականի գնահատմամբ՝ Ռուսաստանը օգտվում է Ուկրաինայի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի պակասից, քանի որ նման հրթիռները հնարավոր է խոցել հիմնականում այդ համակարգերի PAC-3 հակահրթիռներով։
Ուկրաինական տվյալներով՝ ռուսական հարվածների հետևանքով Դնեպրում զոհվել է 15 մարդ, իսկ Կիևում՝ 5 մարդ։ Մնացած զոհերի մասին տվյալները վերաբերում են հարձակման ենթարկված այլ բնակավայրերին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս հարձակումը Ռուսաստանի «հստակ ուղերձն» է․ եթե Ուկրաինան բավարար պաշտպանություն չունենա բալիստիկ և այլ հրթիռային հարվածներից, դրանք շարունակվելու են։ Նա կրկին կոչ է արել արևմտյան դաշնակիցներին Ուկրաինային ավելի շատ հակահրթիռային համակարգեր տրամադրել։



















