ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները՝ հայտարարելով, որ դրանք անցել են ընդդիմության նկատմամբ «աննախադեպ ճնշումների» և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում։
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքները ցույց են տալիս, որ հաղթանակ հայտարարած «Քաղաքացիական պայմանագիրը» «իշխանության մենաշնորհ չի ստացել», իսկ նախորդ ընտրական ցիկլի համեմատ կուսակցության աջակցությունը «նկատելիորեն նվազել է»։
Զախարովան պնդել է, թե հայկական հասարակությունում կա ռուս-հայկական կապերի զարգացման և եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի մնալու «լայն պահանջարկ»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանի իշխանություններին մեղադրել է ընդդիմադիր ուժերի, նրանց ակտիվիստների ու աջակիցների, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումների մեջ՝ դա որակելով որպես «ժողովրդավարական սկզբունքների և ազատ ընտրությունների ընթացակարգերի կոպիտ ոտնահարում»։
«Մոսկվայում միշտ շահագրգռված են եղել և կլինեն ուժեղ և իսկապես ինքնիշխան Հայաստանով»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ընտրությունները ցույց են տվել, որ հայկական հասարակությունը «ծայրահեղ բևեռացված է»։ Զախարովան նաև հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի հետ հարաբերություններում իր հետագա գիծը կկառուցի՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության «իրական քայլերը»։



















