«Զանգեզուրի կոմբինատի ղեկավարությունը գլխավոր դատախազին հավաստիացրել է՝ ընտրություններից առաջ ապօրինի ներգործություն չի լինելու». Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 7-ին խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի իրավապահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդլայնված կազմով խորհրդակցությունը հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ է:

Հիշեցնենք՝ դեռևս ապրիլին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում դիմավորել էին բողոքի ակցիաներով և պահանջել հեռանալ:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում և Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարելիք այցից առաջ Գլխավոր դատախազի գլխավորությամբ ընդլայնված խորհրդակցության իրական նպատակների մասին «Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին:

Պարո՛ն Աբրահամյան, ՀՀ գլխավոր դատախազը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել: Ճիշտ է, պաշտոնապես հաղորդվել էր, որ ընտրախախտումները կանխելուն էր ուղղված այդ այցելությունը և դրա ընթացքում քննարկումները, բայց գլխավոր դատախազի՝ Սյունիք կատարած այցելության իրական նպատակը ո՞րն է եղել:

-Նպատակը մեր հաղորդագրության մեջ նշել ենք՝ տեղի մարմինների հետ քննարկել հնարավոր ընտրախախտումների դեմ պայքարի ձևերը, մեթոդները, համագործակցության շրջանակը և այլն: Հիմնականում սա է եղել:

Արդյոք դատախազի Սյունիք կատարած այցելությունը պայմանավորված է նաև վարչապետի պաշտոնակատարի վերջին այցի ընթացքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպով, և դատախազը Սյունիքում իր հանդիպումներով փորձում է կախել նման հնարավոր զարգացումները:

-Սյունիքի մարզ այցելությունը Գլխավոր դատախազի եզակի այցը չէ. այս տարի նա արդեն երեք անգամ այցելել է այնտեղ: Բացի այդ, հենց կոնկրետ ընտրախախտումների հետ կապված իրավապահ մարմինների հետ հանդիպումը նաև զգոնությունը բարձրացնելու և հատկապես քաղաքական զսպվածություն ցուցաբերելու մասով ուղերձներ հղելու նպատակ ուներ:

Այդ ուղերձները նա հղում է իր մարզային այցելությունների ժամանակ: Իսկ այցելությունները դեպի մարզեր գլխավոր դատախազը սկսել է երկու շաբաթ առաջ, և Սյունիքի մարզը հերթականն էր:

Բայց Սյունիքի մարզի առանձնահատկությունը պայմանավորված է իր անվտանգային խնդիրներով, որոնք առաջացել են պատերազմից հետո: Այս հանգամանքը հաշվի առնելով շատ խիստ կարևոր է, որ այդ պրոցեսները լինեն հնարավորինս պատշաճ մակարդակի վերահսկելի և օրինականության ապահովման հստակ մեխանիզմներով:

Այսինքն՝ գլխավոր դատախազը վարչապետի պաշտոնակատարի՝ Սյունիք կատարելիք նախընտրական այցն է նախապատրաստե՞լ:

-Գիտեք, Գլխավոր դատախազի այցը Սյունիք վարչապետի պաշտոնակատարի օրակարգի հետ բացարձակապես որևէ կապ չունի: Նա իր առջև դրված գործառույթների շրջանակներում իր ֆունկցիաները իրականացնում է: Կոնկրետ այս քաղաքական պրոցեսների կամ գործադիր իշխանության մարմնի հետ նրա այցելությունները, այդ թվում՝ Սյունիքի մարզ, կապ չունեն:

Բայց մենք տեսանք՝ ինչպես Նիկոլ Փաշինյանին հայհոյախառն արտահայտություններով դիմավորեցին Սյունիքի մարզում, մասնավորապես Մեղրիում, Ագարակում:

-Ես դրա համար ասում եմ՝ Սյունիքի մարզի առանձնահատկությունները հաշվի առնելով է, որ խիստ կարևոր է, որպեսզի նաև ընդլայնված կազմով հանդիպում-քննարկում տեղի ունենար գլխավոր դատախազի գլխավորությամբ: Դուք տեսել եք, որ քննարկմանը մասնակցել են մարզպետը, Կապանի քաղաքապետը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի տեղակալը:

Հենց այդ նպատակով է, որ տեղի է ունեցել նման ընդլայնված կազմով խորհրդակցությունը, որպեսզի ընտրախախտումների հնարավոր դրսևորումները համատեղ ուժերով կարողանան կանխել նաև կոնկրետ այն մարմինները, որոնք չունեն քաղաքական զսպվածության օրենսդրական սահմանափակում, գոնե ի պաշտոնե լծակ չկիրառվի ընտրողների ազատ կամարտահայտման վրա՝ թե ճնշում գործադրելու, թե խրախուսման առումով:

Կոմբինատի ղեկավարության հետ հանդիպումով ստացվում է՝ փորձ է արվել կանխել հնարավոր ակցիաներին կոմբինատի աշխատողների մասնակցությունը: Կոմբինատի տնօրենի տեղակալը հավաստիացրել է, որ աշխատողները չեն մասնակցի՞ վարչապետի պաշտոնակատարի այցելության դեմ հարավոր որևէ ակցիայի:

-Ակցիաների խնդիր չկա, մենք խոսում ենք ընտրական խախտումների մասին: Նրանց կողմից հավաստիացում է եղել, որ որևէ հնարավոր ապօրինի ներգործություն կոմբինատի աշխատակիցների և նրանց միջոցով այլ անձանց նկատմամբ չի լինելու:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am