Պատերազմի հերոսն ու գործող նախագահը. ԼՂ նախագահական ընտրություններին հիմնական պայքարը՝ երկու թեկնածուների միջեւ

Պատերազմի հերոսն ու գործող նախագահը. ԼՂ նախագահական ընտրություններին հիմնական պայքարը՝ երկու թեկնածուների միջեւ
Պատերազմի հերոսն ու գործող նախագահը. ԼՂ նախագահական ընտրություններին հիմնական պայքարը՝ երկու թեկնածուների միջեւ

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, շքանշանների արժանացած վետերանը կլինի գործող նախագահի հիմնական մրցակիցը:
Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կկայանան թվով հինգերորդ նախագահական ընտրությունները: Իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրած գործող նախագահ Բակո Սահակյանին այս անգամ իրական մրցակցություն է սպասվում, չնայած վերջինիս հակառակորդի եւ իր նախընտրական ծրագրերի հիմնարար կետերի միջեւ կտրուկ տարբերություն չկա:
Նախքան 2007-ին նախագահի պաշտոնը ստանձնելը, Սահակյանը 1997-2001 թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի Ներքին գործերի նախարարը, իսկ 2001-2007 թվականների ընթացքում զբաղեցրել է Ազգային անվտանգության նախարարի պաշտոնը:
Հուլիսին կայանալիք ընտրություններին Սահակյանի ամենալուրջ մրցակիցը Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է, որը քաջ հայտնի է տեղական բնակչությանը: Պատերազմի տարիներին վերջինս ինքնապաշտպանական ջոկատներից մեկն է ղեկավարել` դառնալով կամավորական ջոկատներից մեկի հրամանատարը, այնուհետեւ ղեկավարելով Ղարաբաղի շրջաններից մեկի ինքնապաշտպանության մարտերը: Նախքան Խորհրդարան ընտրվելը, Բալասանյանը եղել է ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահը:
Եվս երկու այլ թեկնածուներ` Ագրարային համալսարանի ղարաբաղյան մասնաճյուղի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը, որը նախկինում ընտրվել է Ղարաբաղի խորհրդարան եւ 65-ամյա գործազուրկ Վալերի Խաչատրյանը, լուրջ մրցակցություն չեն ստեղծի հիմնական թեկնածուների համար:
Հետաքրքական է, որ IWPR-ի, ինչպես նաեւ այլ լրատվամիջոցների թղթակիցներին չի հաջողվել զրուցել այս երկու թեկնածուների հետ. նրանք չեն պատասխանում հեռախոսազանգերին, հրապարակային հայտարարություններ չեն անում, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք խուսափում են ԶԼՄ-ների հետ շփումից: Մի շարք վերլուծաբանների կարծիքով, նրանք կարող են զիջել իրենց դիրքերը դեռեւս նախընտրական փուլում:

 

Ի տարբերություն նրանց, Վ. Բալասանյան արդեն իսկ սեփական էջն է վարում Facebook սոցիալական ցանցում, որը, ինչպես պարզվեց հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ընթացքում, հզոր քարոզչական գործիք է:

IWPR-ի թղթակցին Բալասանյանն ասաց, որ ԼՂ օրենքը պաշտոնապես արգելում է նախընտրական քարոզչություն իրականացնել մինչեւ հունիսի 19-ը, սակայն նա ամեն օր թարմացնում է իր Facebook-յան էջը`լուսանկարներ տեղադրելով, կիսելով ընթերցողների հետ իր գաղափարներն ու մտքերը:

«Այս էջը ստեղծել եմ ավելի ակտիվ շփման համար: Այստեղ պատրաստվում եմ ներկայացնել իմ մտքերը եւ գաղափարները, որպեսզի տեսնեմ, թե ինչպես են ընթերցողներն արձագանքում դրանց: Կարծում եմ`վիրտուալ շփումն արդյունավետ կլինի», – նշել է Բալասանյանն իր գրառումներից մեկում:

Արցախի պետական համալսարանի շրջանավարտ Դիանա Մովսեսյանն արդեն իսկ «հավանել» է Բալասանյանի Facebook-յան էջը:

«Համոզված եմ, որ Բալասանյանի թեկնածությունը թույլ է տալիս այլընտրանքային ընտրություններ անցկացնել Ղարաբաղում: Ուզում եմ, որ դրանք անցնեն ժողովրդավարության մթնոլորտում, առանց ճնշումների: Հույս ունեմ`որեւէ պետական կառույց չի չարաշահի իր լիազորությունները նախընտրական շրջանում, այս ընտրությունները կփոխեն մթնոլորտը երկրում եւ դրանցից հետո Ղարաբաղը կվերադարձնի իրեն «մասամբ ազատ» երկրի կարգավիճակը Freedom House-ի զեկույցում», – ասում է Դիանան:

Այս տարվա իր զեկույցում վաշինգթոնյան «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում Ղարաբաղը դասել է «ոչ ազատ» երկրների շարքին, մինչդեռ 2009 թվականին այն համարվում էր «մասամբ ազատ» երկիր: Նույն վարկանշային ցուցակում Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքին, իսկ Ադրբեջանը`«ոչ ազատ»:

Թե´ անցյալ, թե´ ներկայիս ընտրություններին առաջադրված թեկնածուների նախընտրական ծրագրերի միջեւ նշանակալի տարբերություն չկա. գերակա խնդիրները նույնն են`Ղարաբաղի անվտանգություն, նրա կարգավիճակի միջազգային ճանաչում, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում:

Ժամանակին հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն առ այսօր միջազգային ճանաչում չի ստացել, 1988-ին որոշեց դուրս գալ Խորհրդային Ադրբեջանի կազմից: Արդյունքում սկսված լայնամասշտաբ ռազմական գործողությունները հազարավոր մարդկանց կյանք խլեցին, տասնյակ հազարավորներ զրկվեցին իրենց տներից: 1994-ին կողմերը զինադադարի մասին պայմանագիր կնքեցին, սակայն մինչ օրս զինված ուժերի «շփման գծում» հաճախ փոխհրաձգություն է տեղի ունենում, զինծառայողներ են զոհվում:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձգձգվող գործընթացը շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, որը մայիսի կեսին հերթական անգամ այցելեց տարածաշրջան: Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ ՌԴ-ը, իրենց մտահոգությունն են հայտնել «շփման գծի» երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ`կոչ անելով կողմերին առավել զուսպ լինել եւ հրաժարվել վրեժխնդրությունից:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) եւ այլ միջազգային կառույցները հրաժարվում են իրենց դիտորդներին ուղարկել Ղարաբաղ`այստեղ անցկացվող ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով, եւ անցյալում տեղի ունեցած ընտրություններին առաջադրված թեկնածուները բողոքում էին, որ այդ ժամանակ գործող իշխանությունները վարչական ռեսուրսներն են օգտագործել իրենց նախընտրական քարոզարշավների ընթացքում:

Ղարաբաղում անցկացվող ընտրություններից հետո, միջազգային հանրությունը, որպես կանոն, հայտարարում է, որ չի ընդունում այս ընտրությունները, սակայն պաշտոնական Ղարաբաղը մշտապես միջազգային դիտորդներին ընդունելու պատրաստակամություն է հայտնում: Այսպես, 2007-ի հուլիսին 5 թեկնածուների մասնակցությամբ անցկացված նախագահական ընտրությունների ընթացքին հետեւում էին ավելի քան 100 միջազգային դիտորդներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Աբխազիայից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից, Հայաստանից եւ այլ երկրներից:

Քվեարկության ընթացքը լուսաբանվել է 70-ից ավելի տեղական եւ օտարերկրացի լրագրողների, այդ թվում`IWPR լրագրողական առաքելության կողմից:

2007-ին կայացած նախագահական ընտրություններին ձայների 85 տոկոսը ստացած Բակո Սահակյանը խոստացել է, որ երկրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում, հետեւողականություն կդրսեւորի ներկայիս սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագրի իրագործման հարցում:

Իր պաշտոնավարման ընթացքում Սահակյանը սերտորեն համագործակցել է հայաստանյան իշխանությունների հետ, չնայած վերջինս չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

Իսկ Սահակյանի մրցակցի`Վիտալի Բալասանյանի կարծիքով, Հայաստանի իշխանություններն իրենց աջակցությունը ցույց չեն տալիս գործող նախագահին:

«Նրանք պարտավոր են աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընդունած ցանկացած որոշմանը», – ասում է նա

2007-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած, ներկայում ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը հույս ունի, որ գալիք ընտրությունների շնորհիվ ԼՂ քաղաքական դաշտը բազմաբեւեռ կլինի:

«Գալիք ընտրությունները, որոնք անցնելու են այլընտրանքային հիմքով եւ օրենքի շրջանակներում, հնարավորություն են տալիս քաղաքական ուժերին ուղղել 2007-ի նախագահական եւ 2010-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին թույլ տված սխալները: Այդ ընտրությունների արդյունքում, Ղարաբաղում միաբեւեռ քաղաքական դաշտ եւ խորհրդարան ստեղծվեցին, իսկ անկախ մամուլը վերացավ: Եթե «Դաշնակցություն» կուսակցությունն աջակցի ԼՂՀ խորհրդարանում իր խմբակցության անդամ Վիտալի Բալասանյանին, ապա անգամ անհաջողության դեպքում երկիրը կշահի, քանի որ ընտրություններից հետո «Դաշնակցություն» խմբակցությունը կզբաղեցնի ընդդիմության դատարկ բեւեռն Ազգային ժողովում», – ասաց նա IWPR-ին`հավելելով, որ այս ընտրություններին չի առաջադրել իր թեկնածությունը «ներքաղաքական եւ արտաքին բարենպաստ պայմանների բացակայության պատճառով»:

Հուլիսին կայանալիք նախագահական ընտրությունները տարբերվում են մյուսներից, քանի որ 2010-ին ԼՂՀ Ընտրական օրենսգրքում կատարված բարեփոխումների շնորհիվ`այսուհետ թեկնածուները չեն կարող առաջադրվել նախաձեռնող խմբերի կողմից. այժմ այդ իրավասությունը տրվում է կուսակցություններին, բացի այդ, կգործի թեկնածուների ինքնաառաջադրման սկզբունքը:

Պաշտոնական նախընտրական քարոզարշավը կսկսվի քվեարկությունից մեկ ամիս առաջ`հունիսի 19-ին: Թեկնածուների պաշտոնական գրանցման գործընթացը կտեւի մայիսի 30-ից մինչեւ հունիսի 19-ը:

Այն հանգամանքը, որ Բալասանյանի շնորհիվ ԼՂ-ում քաղաքական այլընտրանքի հնարավորություն կստեղծվի, եւ որ նա վճռական է տրամադրված, պարզ է դարձել նրա վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ. «Նախ եւ առաջ, պետք է փոփոխություններ կատարել Ղարաբաղի արտաքին քաղաքականության մեջ: Ես հետամուտ կլինեմ ԼՂ-ի վերադարձին բանակցային դաշտ`որպես լիարժեք կողմ, եւ կպայքարեմ Հայաստանի հետ հնարավորինս արագ միջպետական պայմանագիր ստորագրելու համար, որը Հայաստանին մեր անվտանգության երաշխավորի պաշտոնական կարգավիճակ կտա», – ասաց նա IWPR-ին:

Հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղը զրկված է բանակցային գործընթացում մասնակցության հնարավորությունից, որտեղ երկու պաշտոնական կողմ կա`Հայաստանը եւ Ադրբեջանը:

Բալասանյանի համար գերակա խնդիրներ են մնում Ղարաբաղի անվտանգությունը եւ պաշտոնական կարգավիՃակը:

«Իմ հիմնական դժգոհությունը կապված է Բակո Սահակյանի վարած արտաքին քաղաքականության հետ: Նա բավարար ջանքեր չի գործադրում Ղարաբաղը բանակցությունների առարկայից սուբյեկտի վերածելու համար», – հավելում է նա:

Կարինե Օհանյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):