Ալիև․ Խաղաղությունն արդեն իրականություն է, բայց այն պետք է ամրապնդել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը հաջողությամբ շարունակվում է։

«Խաղաղությունն արդեն այսօր իրականություն է։ Սակայն այն ամրապնդելու և երկարաժամկետ, կայուն խաղաղության վերածելու համար պետք է լուրջ ջանքեր գործադրել»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, իր հերթին, վերահաստատել է Եվրոպական միության աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

Նա հայտնել է, որ Եվրամիությունը շուրջ 200 միլիոն եվրո կտրամադրի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար։ Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ ամրապնդելով տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու աջակցելով տեղական համայնքներին։

«Միասին մենք կարող ենք թղթի վրա գրված խաղաղությունը վերածել գործնական խաղաղության»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Բաքվում նախատեսված հանդիպումներից հետո ֆոն դեր Լայենը կայցելի Երևան։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այցի ընթացքում կքննարկվի, թե ինչպես կարող է Բրյուսելն աջակցել ռուսական առևտրային սահմանափակումների հետևանքով տուժած Հայաստանի տնտեսությանը։