Աղազարյանի պախարակումը Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով է, ինչը խիստ մտահոգիչ է. Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային կառույցներին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը

– Տիկի՛ն Թովմասյան, գրություններ եք ուղարկել ձեր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների` Հովիկ Աղազարյանի մասով: Կխնդրեմ մի փոքր մանրամասներ ներկայացնեք այդ գործընթացի վերաբերյալ։  Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում պատգամավորի նկատմամբ տարվող այս քայլերին։ 

– Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցածը, նկատի ունեմ՝ նրա հեռախոսային զրույցների բովանդակությունը քաղաքական թիմին հասանելի դարձնելու ակնհայտ ապօրինի գործընթացը, խիստ դատապարտելի է, ու ես այդ մասով հրավիրել եմ իմ միջազգային գործընկերների ուշադրությունը, որ Հայաստանում խախտվել է նախ՝ Սահմանադրությունը, որում հստակ արձանագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի գաղտնի խոսակցության, գաղտնի գրագրության իրավունք, ու նաև միջազգային մի շարք նորմեր, որոնցով պահպանվում են անձնական տվյալները, այսինքն՝ անձնական տվյալների գաղտնիությունը ամենապահպանված ու փայփայված իրավունքներից մեկն է: Բայց Հայաստանում, երբ Հովիկ Աղազարյանը համարձակվեց հակադրվել ու չենթարկվել SMS-ի պահանջ-հրամանին, հայտնվեց թիրախում։ 

Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքերում Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն թիրախում է հայտնվել, ու նրանք սկսել են Հովիկ Աղազարյանին մեղադրել տարբեր սեռական կողմնորոշում ունենալու համար, ու ակնհայտորեն պախարակելու գործընթաց է տեղի ունենում։ Սա նշանակում է, որ այս ամենը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով, ինչը խիստ մտահոգիչ է։ 

Երրորդ ասպեկտը՝ ինչո՞ւ է Հովիկ Աղազարյանը թիրախավորվում, որովհետև չի կատարել Նիկոլ Փաշինյանի պահանջը, որովհետև մինչ այդ Հովիկ Աղազարյանը մի շարք անօրինական գործողություններ է կատարել, որոնք մնացել են անպատիժ։ Առաջարկում եմ հիշել Տաթև Արցախի հետ տեղի ունեցած միջադեպը, որ լկտի բառապաշարով ու հայհոյանքներով նամակ էր գրել, հետո արդարացավ, թե իր հեռախոսը կոտրել են և ուրիշներն են գրել։ 

Եռաբլուրում, երբ Աղազարյանը հայհոյեց զոհված զինծառայողների հարազատներին, ի պատասխան ապտակ ստացավ, կալանավորվեցին ապտակողները, այլ ոչ թե նրանց հայհոյած ԱԺ պատգամավորը, որն ակնհայտորեն խուլիգանական վարք էր դրսևորել։ Նա խուլիգանական վարք դրսևորեց նաև հենց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, երբ ՄԻՊ-ի թեկնածուն Էդգար Ղազարյանն էր, ու նրանք թիրախավորված Ղազարյանի նկատմամբ իրականացրեցին հարձակում: Այդ ժամանակ ևս Հովիկ Աղազարյանի պահվածքն առնվազն խուլիգանական էր, բոլոր հնարավոր հանցանքները, ենթադրյալ, որոնք իրականացրել է Հովիկ Աղազարյանը, նա դարձյալ անպատիժ մնաց:

Եթե գանք ավելի վերջին իրադարձություններին, ապա հենց խոշոր կամ մանր եղջերավոր անասունների անխոչընդոտ տեղափոխման մասին պատմությունը, որի համար Աղազարյանը, ըստ մամուլի հրապարակումների, կաշառք է պահանջել, այդ քաղաքացուն՝ կաշառք տալու կամ կաշառքի առնչության մասով կա հարուցված վարույթ, այսինքն՝ ենթադրյալ կաշառք տվողը արդեն մեղադրյալ է, բայց նա, որը կաշառքը վերցրել է, մեղադրյալ չէ, որովհետև նա այն ժամանակ դեռ չէր հակադրվել Փաշինյանին, հետևաբար մեղադրյալ չպետք է լիներ։ 

Դա էլ ներվեց Աղազարյանին, նրան ու իր որդիներին ներվեց նաև ավտոմեքենաների ներմուծման ու դրանից հետո ավելացված արժեքի հարկի հետստացման գործընթացը, որը Արգիշտի Քյարամյանը, որը Քննչական կոմիտեի ղեկավարն էր, որակեց ակնհայտ ապօրինություն: Հիշեցնեմ՝ որակումից բացի՝ կար հարուցված քրեական գործ, ու Հովիկ Աղազարյանը, լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ ու քաջատեղյակ լինելով, որ կա օրենքի բաց, ու դրա հետևանքով է իր որդին կարողանում գերշահույթ ստանալ ու պետությունից 20 տոկոս ավելացված արժեքի հարկը հետ ստանալ, չի գործադրել համապատասխան մասնագիտական ջանքեր, որ այդ բացը վերացնի, այլ օգտվել է իրավիճակից, ինչը նշանակում է շահերի բախում։ 

Շահերի բախման մեկ այլ հստակ օրինակ էր այն, երբ Հովիկ Աղազարյանը խորհրդարանում ուժայինների հետ նիստի ժամանակ հայտարարեց, որ իր որդու մասով քրեական գործը ոչ այնքան արդար է տեղի ունենում: Դա նշանակում էր, որ Հովիկ Աղազարյանը, օգտագործելով խորհրդարանի ամբիոնն ու իր դիրքը, իր մերձավորի հարցերն էր փորձում լուծել, իսկ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ պատգամավորին արգելված է իր հետ փոխկապակցված որևէ անձի կամ իր նպատակներին ծառայեցնել ԱԺ ամբիոնը, պատգամավորի կարգավիճակը և այլն։ 

Այս բոլորի վրա Դատախազությունն աչք է փակել, ու հիմա, երբ նա հրաժարվեց կատարել Փաշինյանի պահանջը, հիշում է ենթադրյալ ապօրինի քայլերը։ Ու հիմա Աղազարյանի փաստաբանի միջոցով տեղեկություն է տարածվում, թե Աղազարյանի հետևից դատախազը պետք է գա ԱԺ, որ նրան անձեռնմխելիությունից զրկի: Սա այն ընտրովի արդարադատությունն է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ 

– Հովիկ Աղազարյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը։

– Պետական գաղտնիք հրապարակողն առաջին հերթին նա է, որն այդ դռնփակ նիստի ժամանակ պետական գաղտնիք է հրապարակում, առաջին հերթին նա պետք է պատասխանատվության ենթարկվի, որովհետև նախապես չի ճշտել՝ այդ դահլիճում բոլո՞րն ունեն գաղտնիության իրավունք, թե՞ ոչ։ 

Երկրորդ՝ նա չի ճշտել, արդյոք այդ գաղտնիության իրավունք ունեցողները ամբողջական գործընթացն ավարտե՞լ են, ստորագրե՞լ են բոլոր փաստաթղթերը, ու կարո՞ղ է նրանց վստահվել պետական գաղտնիք, այսինքն՝ Արարատ Միրզոյանը կամ Նիկոլ Փաշինյանը նախապես պետք է իմանային՝ արժի՞ այդտեղ պետական գաղտնիք բացահայտել, թե՞ ոչ։ 

Պետական գաղտնիքի հանրայնացման առաջին պատասխանատուն իրենք են, հետո նոր, եթե ապացուցվի Աղազարյանի մեղքը, նոր կքննարկվի պատգամավորի վարքն ու գործողությունները, բայց առաջին հերթին պատասխանատուն այն անձն է կամ անձինք, որոնք թիմի ներկայությամբ հրապարակել են պետական գաղտնիք։

– Տիկի՛ն Թովմասյան, ձեր կողմից հիշատակած անձը՝ Տարոն Չախոյանը, գրառում է կատարել, որում, ըստ էության, ձեզ մեղադրում է կուսակցության նիստերից արտահոսք կատարելու, դրանք Սերժ Սարգսյանին փոխանցելու համար, ու, ըստ իրեն, դրանով էլ բացատրվում է այն, որ դուք լծվել եք Հովիկ Աղազարյանին պաշտպանելու գործին։ 

– Տարոն Չախոյանը շատ փոքր ու մանր ֆիգուր է, որպեսզի ես նրան անդրադառնամ, Տարոն Չախոյանով կզբաղվեն իմ իրավաբանները, որովհետև նա իմ մասին հրապարակել է զրպարտություն համարվող տեղեկություն ու պետք է պատասխան տա իր յուրաքանչյուր բառի համար։

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք ձեր միջազգային գործընկերներից այս դիմումների մասով, եթե անգամ արձագանք լինի, գործող իշխանությունը հաշվի առնելո՞ւ է դրանք, թե՞, ինչպես արդեն նախադեպն ունենք, ասելու են, որ «Freedom House-ը չէ, որ պետք է որոշի՝ Հայաստանը ժողովրդավա՞ր է, թե՞ չէ»։

– Ճիշտ եք, գուցե միջազգային գործընկերների արձագանքը այստեղ զրոյական դերակատարում ունենա, բայց ինձ՝ որպես տարիներ շարունակ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող քաղաքական ու հանրային գործչի համար շատ կարևոր է միջազգային գործընկերների հետ փոխհարաբերությունը, ու շատ կարևոր է, որ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին խիստ խոչընդոտում են այսպիսի երևույթները, ու դրանք պետք է արժանանան միջազգային գնահատականի։ Ես վստահ եմ, եթե ոչ հանրային, ապա տետատետ խոսակցությունների ժամանակ մեր միջազգային գործընկերներն ունենում են շատ տհաճ խոսակցություններ գործող իշխանության ներկայացուցիչների հետ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am