Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Դամասկոսի Հին քաղաքի սրճարաններից մեկում սուրճի համար վճարել է Visa քարտով՝ խորհրդանշելով երկրի վերադարձը համաշխարհային ֆինանսական համակարգ։
Ինչպես հայտնում է Euronews-ը, տեսանյութը հրապարակվել է Սիրիայի կառավարության պաշտոնական էջում՝ ԱՄՆ-ի կողմից երկիրը ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից հանելու կապակցությամբ։ «Ավելի քան 15 տարի այս պարզ գործարքն անհնար էր»,– նշված է հրապարակման մեջ։
Ալ-Շարաային ուղեկցող Սիրիայի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմեդ Սաֆվաթ Ռասլանը որոշումը «պատմական քայլ» է անվանել՝ նշելով, որ այն երկիրը վերադարձնում է համաշխարհային տնտեսական համակարգում իր բնական տեղը։
Սիրիան ԱՄՆ-ի՝ ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկում էր 1979 թվականից։ Վաշինգտոնը նախկինում արդեն վերացրել էր երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների մեծ մասը, սակայն այդ կարգավիճակը շարունակում էր խոչընդոտել միջազգային բանկային գործարքներին և ներդրումներին։
Այժմ ամերիկյան ֆինանսական հաստատությունները կարող են սպասարկել սիրիացի հաճախորդներին, իրականացնել սիրիական բանկերի մասնակցությամբ վճարումներ և թղթակցային հարաբերություններ հաստատել դրանց հետ։
Միևնույն ժամանակ շարունակում են գործել Բաշար ալ-Ասադի նախկին վարչակարգի հետ կապ ունեցող, մարդու իրավունքների խախտումների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատու անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Եվրամիությունը ևս ավելի վաղ վերացրել էր Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների մեծ մասը՝ պահպանելով անվտանգության հետ կապված մի շարք սահմանափակումներ։



















