Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանից պահանջել է ամբողջական տեղեկատվություն տրամադրել Սիբիրում ժանտախտի ենթադրյալ դեպքի վերաբերյալ՝ միանալով ԱՄՆ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ թափանցիկության ապահովման կոչերին։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
«Այս շաբաթ արդեն երրորդ անգամ Ռուսաստանին կոչ ենք անում հնարավորինս արագ տեղեկատվություն տրամադրել ժանտախտի վերաբերյալ։ Մենք բավարար տվյալներ չունենք համաճարակաբանական իրավիճակը և այլ երկրների համար հնարավոր ռիսկերը գնահատելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի առողջապահության հարցերով խոսնակ Եվա Հռնչիրովան։
Հայտարարությունը հնչել է ԵՄ առողջապահական անվտանգության կոմիտեի նիստի օրը, որին մասնակցել են Եվրամիության 27 անդամ պետությունների, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի և ԱՀԿ-ի ներկայացուցիչները։
Նիստի ընթացքում քննարկվել են հնարավոր առողջապահական ռիսկերը և դրանց արձագանքելու միջոցները։ Սակայն Ռուսաստանից ստացված տեղեկատվության անորոշության պատճառով կոնկրետ որոշումներ չեն ընդունվել։
Եվրահանձնաժողովը հայտնել է, որ նոր տեղեկությունների ի հայտ գալու կամ իրավիճակի վատթարացման դեպքում պատրաստ է կարճ ժամկետում կրկին հրավիրել կոմիտեի նիստ։



















