Ալբանիայում զանգվածային բախումներ․ վարչապետը մեղադրում է արտաքին ուժերին

Ալբանիայում հակակառավարական ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, հրկիզումների և զանգվածային ձերբակալությունների։ Ցուցարարները պահանջում են 2013 թվականից երկիրը ղեկավարող վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Վերջինս պնդում է, որ անկարգություններին նպաստում են արտաքին ուժերը, իսկ բողոքի ալիքը վտանգում է երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը։

Ինչպես հոկտեմբերի 18-ին հաղորդում է Reuters-ը, Տիրանայում և այլ քաղաքներում հազարավոր երիտասարդներ բողոքում են կոռուպցիայի, գործազրկության և կրթական համակարգի խնդիրների դեմ։ Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հրկիզել պետական շենքեր և բանկեր։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել։

Բողոքի շարժումը սկսվել է մայիսին՝ Ալբանիայի հարավային ափին նախատեսվող շքեղ զբոսաշրջային համալիրի դեմ։ Նախագիծը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Բնապահպաններն ու տեղի բնակիչները դեմ են պահպանվող տարածքների կառուցապատմանը։ «Ֆլամինգոների հեղափոխություն» անունը ստացած շարժմանը հետագայում միացել են ուսանողները՝ պահանջելով նաև սոցիալական բարեփոխումներ և կառավարության հրաժարական։

Հոկտեմբերի 13-ից բողոքի ցույցերը սրվել են։ Մայրաքաղաքի կրթության նախարարության մոտ տեղի ունեցած բախումների ընթացքում վնասվել են շենքեր, վիրավորվել են ցուցարարներ և ոստիկաններ։

Վարչապետ Էդի Ռաման մերժել է հրաժարականի պահանջը՝ հայտարարելով, որ անկարգությունները վտանգում են Ալբանիայի եվրոպական ապագան։ Նրա խոսքով՝ տեղի ունեցողի հետևում նաև արտաքին ուժեր կան։ Ռաման հիշատակել է իր գրասենյակի վրա անօդաչու սարքով ենթադրյալ հարձակման փորձը՝ չնշելով, թե որ երկրին կամ ուժերին է կասկածում։ Արտաքին միջամտության վերաբերյալ նրա մեղադրանքները անկախ ապացույցներով չեն հաստատվել։

Ալբանիան նպատակ ունի մինչև 2030 թվականն անդամակցել Եվրամիությանը։ Ռամայի կառավարությունը պնդում է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ, մինչդեռ ցուցարարները իշխանություններին մեղադրում են կոռուպցիայի, սոցիալական անհավասարության և երիտասարդների համար հեռանկարների բացակայության մեջ։