«Թրամփի ուղին» ու ԱՄՆ-ի քավորությամբ ձեռք բերված ծրագրային դրույթներն այս պահին առժամանակ «սառեցված» են. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

 -Պարո՛ն Կարապետյան, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, չնայած փորձագիտական կարծիքներին, վստահեցնում են, թե TRIPP-ի նախագիծը չի տուժելու միայն նրա համար, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարված են, ավելին՝ վստահեցնում են, թե ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ընթացքում, երբ ԱՄՆ-ն ակտիվ ներգրավված է պատերազմական գործողություններում, կարող է զուգահեռ ձեռնարկել այս նախագծի հետ կապված աշխատանքները:

– Անկախ Իրան-Իսրայել-ԱՄՆ լարվածությունից ու բուն պատերազմական գործողություններից, այն գործընթացները, որ պետք է արդեն իսկ գեներացված լինեին, ու շինարարական աշխատանքների մեկնարկը տրված լիներ, խոսքը վերաբերում է «Թրամփի ուղի» կոչվող ճանապարհի նորոգման աշխատանքներին, դրանք տրված չեն եղել մինչև պատերազմի մեկնարկը: Այսինքն՝ որքան էլ որ համաձայնություններ են ձեռք բերվել, միևնույն է, հողի վրա կիրառելիությունը չենք տեսել: Փաստացի, տեղում դոփում են, ու այդ ձեռք բերված պայմանավորվածությունները որևէ աշխատանքային շրջափուլ չեն մտել: 

Միայն գիտենք, որ հատուկ կազմակերպություններ են ժամանել Հայաստան, մասնավոր այցով եղել են Սյունիքի հարավային հատվածում, որպեսզի հետազոտական աշխատանքներ տանեին տեղանքում ու հասկանային, թե ինչ աշխատանքներ են պետք լինելու: Դրանից հետո ոչ մի պաշտոնական հայտարարություն, լինի մեր կառավարության, թե, օրինակ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից, չի հնչել, այսինքն՝ մինչև այս ռազմական գործողությունների ինտենսիվացումը առհասարակ որևէ գործընթաց տեղի չի ունեցել, ուր մնաց՝ հիմա տեղի ունենա, երբ այժմ ԱՄՆ-ն թաթախված է Մերձավոր Արևելքում ու, մասնավորապես, Իրանի դեմ պատերազմական գոծողություններում, որը նոր խթան է ստացել՝ մանավանդ Հորմուզի նեղուցը փակելուց հետո, կրկնակի փակումով նաև ԱՄՆ-ի կողմից: Հետևաբար, «Թրամփի ուղի» կոչվածը ու ԱՄՆ-ի քավորությամբ ձեռք բերված ծրագրային դրույթները այս պահին «սառեցված» են առժամանակ: 

Այս պահին Սյունիքի հարավում՝ այդ ճանապարհի համար նախատեսված հատվածում, որևէ շինարարական աշխատանք չի տարվում: Եթե Իրանը այս նախագիծը իր համար վտանգավոր համարի ու տեսնի սրանից բխող ռիսկեր, ես ձեզ վստահեցնում եմ, որ որքան էլ հայ-իրանական հարաբերությունները կան, միևնույն է, անգամ այս մեգապրոյեկտը կարող է դիտարկվել որպես թիրախային կետ: Ժամանակը ցույց կտա, թե այն մեգապրոյեկտը, որի մասին խոսվել է, գործնական փուլ կմտնի՞, բայց ես ավելի քան վստահ եմ, որ մինչև Իրանի հետ ռազմական գործողություններն ավարտական տեսքի չբերվեն, այս պրոյեկտի գործնական փուլը չի մեկնարկի: 

– Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, կարո՞ղ ենք ասել, որ վտանգված է լինելու նաև խաղաղության գործընթացի շրջանակներում ԱՄՆ հայտնած պատրաստակամությունը:

– Ընդհանրապես, եթե ԱՄՆ-ն այս պատերազմի վերջում փաստի առաջ կանգնի, և արձանագրվի նրա պարտությունը, որը, իհարկե, նրանք ամեն կերպ ներկայացնում են իբրև հաղթանակ, այդուհանդերձ, աշխարհը, որ ուշի ուշով հետևում է ու հասկանում է, թե իրականում ով հաղթեց, ով պարտվեց, փաստացի դա լինելու է ԱՄՆ-ի հեղինակազրկման շքերթը, որով նա՝ որպես խաղաղության երաշխավորի ինստիտուտ, իր իմիջը, որը Թրամփը կառուցում է բացառապես իր անձի ու քմահաճույքների վրա, հօդս է ցնդելու, հետևաբար, անգամ թուրք-ադրբեջանական տանդեմը սրանից օգտվելու է, եթե պատեհ առիթ լինի: Այս պահին դեռևս շահեկան է, որ որևէ կերպ կասկածի տակ չդրվի նախորդ տարվա ձեռք բերված եռակողմ հայտարարությունը: Ադրբեջանը ուշի ուշով հետևում է Իրան-ԱՄՆ դրամայի կուլմինացիային: 

-Այս իրավիճակում որքանո՞վ է հիմնավորված իշխանությունների պնդումը, որ խաղաղությունը Հայաստանում վտանգված չէ։

– Դա ավելի շուտ խաղաղության իմիտացիա է ու հույսի վաճառք հայ ժողովրդին, որովհետև իրական խաղաղությունը նախ թղթով չի սահմանվում, երկրորդ՝ մեր թշնամին անկեղծ է իր բոլոր ծրագրերում: Հետևաբար՝ նայած թե ինչ իրավիճակ կստեղծվի, ու Ադրբեջանն ինչպես կօգտագործի այդ առիթը՝ իր ծավալապաշտական նպատակներն իրականություն դարձնելու համար՝ հատկապես Հայաստանի հարավի օկուպացիան: Հետևաբար՝ մենք պետք է հասկանանք, որ մեր խաղաղության լավագույն երաշխավորն ու գրավականը բացառապես հայկական բանակն է, ուրիշ ոչ մեկը դա չի կարող լինել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am