Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Բորդոյում, Նիցցայում և Լիոնում, զանգվածային անկարգությունների և թալանի դեպքերի պատճառով մասնակի պարետային ժամ է սահմանվել։ Այս մասին հայտնում է France 24-ը։
Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն չի բացառել երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը՝ նշելով, որ պարետային ժամի սահմանումը որոշ շրջաններում օգնել է գիշերային անդորր ապահովել։
Փարիզի որոշ հատվածներում պարետային ժամը գործում է տեղական ժամանակով 23։00-ից 06։00-ն, իսկ Լիոնում և Նիցցայում՝ 21։00-ից 06։00-ն։
Հոկտեմբերի 17-18-ի անկարգությունների ընթացքում թալանվել են հազարավոր խանութներ։ Դրանից հետո առցանց հարթակներում հայտնվել են ենթադրաբար գողացված ապրանքներ։ Կառավարությունը խոշոր առցանց վաճառողներին կոչ է արել կանխել դրանց իրացումը։
Հանգստյան օրերին Ֆրանսիայում շուրջ 550 հազար մարդ մասնակցել է կյանքի թանկացման և հանրային ծառայությունների, այդ թվում՝ կրթության որակի վատթարացման դեմ ցույցերին։
Անկարգությունների ընթացքում ձերբակալվել է շուրջ 2400 մարդ, վիրավորվել՝ մոտ 1000 ոստիկան և ժանդարմ։
Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստովանել է, որ որոշ քաղաքներում ոստիկանությունը կորցրել էր իրավիճակի վերահսկողությունը։ Նա հրաժարական է ներկայացրել, սակայն նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է այն։



















