«Մեր տուն ոչ միայն գողեր են մտել, այլ նաեւ մարդասպաններ». Տիգրան Խզմալյանը կոչ է անում ` «ոտքի, հայ ժողովուրդ»

«Մեր տուն ոչ միայն գողեր են մտել, այլ նաեւ մարդասպաններ». Տիգրան Խզմալյանը կոչ է անում ` «ոտքի, հայ ժողովուրդ»
«Մեր տուն ոչ միայն գողեր են մտել, այլ նաեւ մարդասպաններ». Տիգրան Խզմալյանը կոչ է անում ` «ոտքի, հայ ժողովուրդ»

Վերջին իրադարձությունների մասին գրառում է կատարել  «Նախախորհրդարան» քաղաքացիական խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Նորից մահ բանակում, սպանություն կամ ինքնասպանություն… Ընդհանուր խոսքեր ասելն ամոթ է, ցասումն էլ կաշկանդում է, չգիտեմ` ինչ ասեմ: Ավետարանական, ապոկալիպտիկ պատկերներ են` ծնողները զինվոր որդու դին գրկած բերում են հրապարակ, որպես հարց, որպես լաց, որպես մեղադրանք ու կոչ, որպես զենք ու բողոք:

Վերջին անգամ նման բան տեսել էի Արցախյան պատերազմի օրերին, երբ Մարտակերտի շրջանից փախստականները ուսերի վրա Ստեփանակերտ էին բերում զոհված որդիների դագաղները, որ նահանջի պահին հողից էին հանել` միայն թե թուրքին չմնան…

Այսօր, քսաներկու տարի անց հայ զինվորի դագաղը էլի բերում են ուսերի վրա, կարծես էլի թուրքից են ուզում փրկել, գոնե մահից հետո: Ուզում են անարդարությունից փրկել, ստից, կեղծիքից, մոռացությունից, բռնությունից ու խեղդող այն արժեզրկումից, որը սպանում է Հայաստանում եւ ապրողներին եւ մահացածներին:

Նրանց ցավին ցավակից է պետք, իսկ նրանց ոստիկաններով ու հատուկ ջոկատներով են դիմավորում, իշխող տականքների աչքից հեռու, նրանց բգից հեռու, նրանց հոգուց հեռու:

Նրանք տոն են անում, նորից վերազավթեցին մեր երկիրը, իսկ էս սգո թափորը եկելա որ ի՞նչ անի: Նրանց տոնը փչացնի՞:

Այս նույն խոսքերն էր, համենայնդեպս, արտասանել նախկին պաշտպանության նախարար, նախկին ներքին գործերի նախարար, նախկին ազգային անվտանգության ծառայության պետ, նախկին վարչապետ ու շատ շուտով նախկին նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս զինվորական գերազմանատանը մեկ այլ արտասվող կնոջ հասցեին…

Սա պատերազմ է, հայրենակիցներ, մեր դեմ, մեր երկրի ու պետականության դեմ, մեր արժանապատվության, մշակույթի, ազատության դեմ մղվող դաժան պատերազմ:

Փողոցներում ու ոստիկանական քաղմասերում, ռեստորաններում ու բանակում սպանված մեր համաքաղաքացիները զոհ են հենց այդ պատերազմի:

Երբ առանց դնչկալի հայտնված թիկնապահներն ու օֆիցիանտները սպա են ապանում. հայոց բանակի օֆիցեր են ծեծելով սպանում «Հարսնաքար» ռեստորանում, իսկ հետո այնտեղ շարունակվում են հարսանիքներ ու քեֆեր, իսկ հիմա նաեւ վերին զանգի խրախճանքներն են նախատեսվում ` սա մեր բոլորիս սպանությունն է:

Մեր արժանապատվության ու փոխադարձ հարգանքի, մեր համերաշխության ու ազգային արժեհամակարգի սպանություն:

Մենք ընդունում ենք այս մարտահրավերը:

Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում ոչ նրա համար, որ այսօր պարտվենք այս տականքներին մեր գյուղերում ու քաղաքներում:

Մեր տուն ոչ միայն գողեր են մտել, այլ նաեւ մարդասպաններ: Ոտքի, հայ ժողովուրդ: Ինքնապաշտպանություն եւ ինքնակազմակերպում է անհրաժեշտ: Համընդհանուր զորաշարժով, մոբիլիզացիայով պատասխանենք այս սրիկաների ոտնձգություններին: Համախմբվենք հենց այսօր: Մենք սկսել ենք, մենք արդեն

Նախախորհրդարան ենք ստեղծել` Հայոց նոր պետության իշխանության սկիզբը: Միացեք դիմադրությանը` միասին կհաղթենք»:

Լուսանկարում` մայիսի 15-ին բանակում սպանված զինվորի հարազատները:

© Medialab.am