Քրեական հետապնդումից` նախագահական ընտրություններ. արդյոք կառաջադրի՞ թեկնածությունը Օսկանյանը

Քրեական հետապնդումից` նախագահական ընտրություններ. արդյոք կառաջադրի՞ թեկնածությունը Օսկանյանը
Քրեական հետապնդումից` նախագահական ընտրություններ. արդյոք կառաջադրի՞ թեկնածությունը Օսկանյանը

Այսօր նախկին արտգործնախարար եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով`(առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գումարի եկամուտներն օրինականացնելու համար): Նա մեղադրանքը չի ընդունել, եւ շարունակում է պնդել, որ իր եւ ԲՀԿ դեմ քաղաքական հետապնդում է իրականցվում:
Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակը «փողերի լվացման» գործով նրա դեմ քրեական գործ հարուցելուց և օրեր առաջ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո, ըստ վերլուծաբանների, վարկանիշի առումով կարող է Օսկանյանին շահեկան դիրքում կանգնեցնել` ընդհուպ այն դեպքում, երբ նա որոշի առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը:
Անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը թեև ասում է, որ վաղ է նախագահական ընտրություններում Օսկանյանի առաջադրվելու մասին ենթադրություններ անել, սակայն նշում է, որ իրավիճակն իրոք կարող է ի նպաստ Օսկանյանի աշխատել, և նախկին արտգործնախարարը կարող է իշխանության համար լուրջ մրցակից դառնալ:

«Չի բացառվում, որ եթե իշխանությունները շարունակեն այսօրինակ գործողությունները, ապա նրա վարկանիշը բարձրանա և բավարար լինի նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու համար: Սակայն այսօր այդ մասին խոսելը դեռ վաղ է»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Միևնույն ժամանակ, նա նշում է, որ համեմատելու դեպքում ներկայումս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարկանիշն ավելի բարձր է, քանի որ «կուսակցության մեքենան աշխատում է այդ ուղղությամբ»:

«Ծառուկյանը կուսակցության նախագահն է, և այսօր հասարակ գյուղացու կողմից ավելի ընկալելի է, քան Օսկանյանը: Այսօր Ծառուկյանն ունի նախագահական ընտրություններում առաջադրվելու և հաղթանակ տանելու բավարար հնարավորութուններ»,- նշում է Բոզոյանը:

Այնուամենայնիվ, Ծառուկյան-Օսկանյան համեմատությունը, ըստ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի, այնքան էլ տեղին չէ, քանի որ նրանք «երկու տարբեր իմիջ ունեցող գործիչներ են»:

«Ծառուկյանն ընկալվում է որպես տնտեսական ոլորտի գործիչ, իսկ Օսկանյանը` հենց քաղաքական,- ասում է Բադալյանը: – Առաջիկա նախագահական ընտրություններում հայ հասարակությունը նախագահ չի ընտրելու այնպես, ինչպես արեց 1998-ին, 2003-ին կամ 2008-ին: Այս անգամ նախագահի թեկնածուն ընտրվելու է աշխարհաքաղաքական կենտրոնների՝ Ռուսաստանի կամ Արևմուտքի կողմից»,- ասում է Բադալյանը:

Նա նշում է, որ եթե անգամ դիտարկենք, որ առաջիկա նախագահական ընտրություններում Օսկանյանը հակակշիռ է Սերժ Սարգսյանին, «ապա Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելը ոչինչ չի նշանակում. եթե Արևմուտքն ուզեց Օսկանյանին ընտրել, ապա նրան էլ կդնի»:

Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ ավելի քան 4 ամիս առաջ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»՝ փողերի լվացում: Ի պատասխան` Օսկանյանը բազմիցս հայտարարել է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանի` ԱԺ ներկայացնելուց հետո երկօրյա քննարկումների ու պարզաբանումների արդյունքում (64 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ) հանգեցրին նրան, որ Օսկանյանն անցյալ շաբաթ զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:

«Ժառանգություն» կուսակցության անդամ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը նշում է, որ շատերն այն կարծիքին են, թե այս կերպ` Օսկանյանին հալածյալի ու հետապնդվողի կերպարում փորձելու են առաջադրել նախագահական ընտրություններում:

«Սակայն ես միանգամայն հակառակ կարծիքի եմ. իշխանությունների կողմից այս կերպ վարվելը Օսկանյանին նախագահությունից ամբողջովին հեռացնելու քայլ էր: Իսկ Օսկանյանին հանելով՝ իշխանությունները ԲՀԿ-ին կանգնեցրին երկընտրանքի առջև: ԲՀԿ-ն պետք է հանդես գա կամ Ծառուկյանի թեկնածությամբ, կամ Ռոբերտ Քոչարյանի, կամ պետք է սատարի Սերժ Սարգսյանին: Այս երեք ընտրության առջև է կանգնած ԲՀԿ-ն»,- ասում է Սաֆարյանը:

Նա հավելում է, որ Օսկանյանի առաջադրվելու վարկածն այլևս հնարավոր չէ, թեև ի տարբերություն Ծառուկյանի` նա ավելի ազատ թեկնածու է, առանց բիզնեսի ու այլ կաշկանդող հանգամանքների:

Իր` նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին անորոշ պատասխան է տվել նաեւ Վարդան Օսկանյանը: Այսօր գրեթե մեկ ժամ ԱԱԾ-ում անցկացնելուց հետո լրագրողների հարցերին պատասխանելով նա ասել է, թե «Դեռևս այդպիսի որոշում չկա»:

© Medialab.am