Բնակարանների կարճաժամկետ վարձակալության Airbnb հարթակը փոխել է իր կանոնները։ Այսուհետ բնակարանների սեփականատերերը չեն կարող հյուրերից պահանջել մեկնելուց առաջ մաքրություն կատարել, այդ թվում՝ հանել անկողնու սպիտակեղենը, լվանալ սպասքը կամ դուրս տանել աղբը։
Ինչպես հաղորդում է Euronews-ը, նոր կանոններով արգելվում է հյուրերից պահանջել այնպիսի աշխատանքներ, որոնք զգալի ժամանակ ու ջանք են պահանջում և սովորաբար կատարում են մաքրության աշխատակիցները։ Օրինակ՝ սեփականատերը չի կարող հյուրից պահանջել լվանալ և տեղավորել օգտագործված սպասքը, սակայն կարող է խնդրել այն թողնել լվացարանի մեջ։ Ընկերությունից հայտնել են, որ նախկինում նման պահանջները հաճախ դժգոհությունների պատճառ էին դառնում։ Հյուրերը բողոքում էին, որ բնակության համար վճարելուց բացի ստիպված են լինում նաև մաքրություն կատարել։
Նոր կանոններով սեփականատերերը կարող են հյուրերին ներկայացնել միայն ողջամիտ պահանջներ, որոնք չեն հակասում Airbnb-ի քաղաքականությանը։ Խախտումների դեպքում հարթակը սեփականատիրոջից կպահանջի հեռացնել համապատասխան պայմանը կամ բողոքարկել որոշումը։
Airbnb-ն նաև հստակեցրել է, որ մաքրության համար գանձվող վճարը նախատեսված է հյուրերի մեկնելուց հետո բնակարանի սովորական մաքրությունն ապահովելու համար։ Սեփականատերերն իրավունք չունեն լրացուցիչ գումար պահանջել այն մաքրության աշխատանքները չկատարելու համար, որոնք նոր կանոններով այլևս պարտադիր չեն։ Փոփոխությունները նպատակ ունեն նվազեցնել հյուրերի դժգոհությունները և բնակարանների վարձակալության պայմաններն ավելի հստակ դարձնել։



















