Չպետք է կտրվենք իրականությունից ու հասկանանք, որ Ռուսաստանը Ադրբեջանի դեմ չի գնա, քանի դեռ իր կենսական շահերը ոտնահարված չեն. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

-Պարո՛ն Բադալյան, Արցախում առկա սահմանային լարվածությունն ինչո՞վ եք բացատրում։ Կոնկրետ այսօրվա սահմանային բախումը, որի հետևանքով ունենք 2 զոհ ու 14 վիրավոր, արդյոք կապվա՞ծ է արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարության հետ, որ Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ՝ ի պատասխան ադրբեջանցի իր գործընկերոջ պահանջին, որ Լաչինի միջանցքը պետք է այլ երթուղով փոխարինել։

– Չեմ կարծում, որ սահմանային լարվածությունը կարող է կապ ունենալ նման հայտարարությունների հետ, կարծում եմ՝ այդ ամենը պայմանավորված է տարածաշրջանում ու դրա շուրջ կատարվող շատ ավելի խորքային զարգացումներով, որովհետև այդ մասշտաբի լարվածությունը անմիջականորեն սկսում է առնչվել նաև ռուսական խաղաղապահ զորակազմին, ու Բաքուն, գնալով այդպիսի լարվածության, անկասկած հաշվի է առնում այդ հանգամանքները ևս:

Իսկ եթե այդ ամենով հանդերձ լարվածությունը տեղի է ունենում ու շարունակվում այն բանից հետո, երբ Զաքիր Հասանով-Շոյգու հեռախոսազրույց է տեղի ունեցել, վկայում է, որ մենք գործ ունենք շատ ավելի խորքային քաղաքական օրակարգերի հետ։

– Ըստ ձեզ՝ որո՞նք են այդ խորքային քաղաքական օրակարգերը։

– Իհարկե շատ բարդ է ասել, որովհետև գործնականում այնպիսի միջազգային իրավիճակում ենք, որ գործոնները, որոնք կարող են նման լարվածության խթան լինել, բազմաթիվ են, հետևաբար շատ բարդ է գնահատել՝ որ գործոնի ազդեցությամբ է Բաքուն գնացել այսպիսի լարվածության հրահրման, կամ արդյոք մե՞կ գործոնով է դա պայմանավորված, թե՞ դրանք շատ ավելին են։ 

Խնդիրը ավելի խորքային իմաստով պայմանավորված է այսօրվա աշխարհում տեղի ունեցող փոփոխություններով, աշխարհի ազդեցության գոտիների վերաբաժանման, բաժանման, տնտեսական, քաղաքական, ռազմական խորքային վերանայումների գործընթացով, ու այդ առումով մեր տարածաշրջանին անմիջականորեն առնչվող երկու խնդիր կա: 

Մեկը Իրանի միջուկային ծրագրի ու, ընդհանրապես, նոր աշխարհակարգում Իրանի դերակատարության հարցն է ու նաև Ռուսաստանի խնդիրը։ 

Հեռանկարային իմաստով, իհարկե, կա նաև այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանը դեպի Կենտրոնասիական տարածաշրջան ճանապարհի մի մասն է, ու այնտեղ էլ արդեն Չինաստանի զսպման հարցերն են առաջանում, բայց Կովկասին անմիջականորեն առնչվող երկու առանցքային հարցը Իրանի խնդիրն է՝ Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի համար չափազանց զգայուն, ու իհարկե Ռուսաստանի հարցը։ 

Այս առումով ուշադրություն կդարձնեի լարվածության նոր փուլին այն իմաստով, որ դա տեղի է ունենում երկու նշանային իրադարձությունից հետո․ հուլիսի 19-ին Թեհրանում տեղի ունեցած եռակողմ բանակցությունը և քննարկումները՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա, մյուսը՝ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազանգերը Բաքու ու Երևան, որոնք հաջորդել էին Թեհրանի հանդիպմանը ու նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի տարածաշրջանային այցը։ Այս իրադարձություններից հետո փաստացի տեսնում ենք իրավիճակի լարում, իսկ թե ի՛նչն է ավելի կոնկրետ բերել այդ լարմանը, շատ դժվար է ասել։

– Պարո՛ն Բադալյան, այս սադրանքներն ավելի շատ ուղղված են Հայաստանի՞ն, թե՞ Ռուսաստանին, որովհետև Արցախում անվտանգության ու հրադադարի պահպանման հիմնական պատասխանատուն հենց Ռուսաստանն է։

– Ինչպես նշեցի, անխուսափելիորեն առնչվում է Մոսկվային, որովհետև կա խաղաղապահների գործոնը: Իհարկե, Բաքուն օգտվելով իրավիճակից ու տեսնելով, որ կարող է իրեն թույլ տալ խաղալ լարվածության գործիքով, բնականաբար կփորձի որևէ քաղաքական միավոր հավաքել՝ ինչքան կստացվի, ինչպես կստացվի։ 

Անշուշտ, Ադրբեջանը, տեսնելով, որ միջավայրն այնպիսին է, որ կա հնարավորություն այդ լարվածության գործիքը աշխատեցնելու, կա դրա որոշակի պահանջարկ այս կամ այն դերակատարի մոտ, փորձելու է այդ միջոցով լուծել իր համար քաղաքական հարցեր, կստացվի՝ կստացվի, եթե չէ՝ կարծես թե Բաքուն որևէ բան չի էլ կորցնում այդ համատեքստում։ 

Տեսնում ենք, որ Ադրբեջանը ինչ-որ քաղաքական պահանջներ է փորձում առաջ քաշել՝ կապված Լաչինի ճանապարհի հետ: Ինչպես Երևանն էր արձագանքել, այդ պահանջները բացարձակ լեգիտիմ չեն, ու դա շատ հստակ բացատրություն ունի: 

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում, այո՛, կա Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհի հարց, բայց այնտեղ շատ հստակ սահմանված է, ու Ադրբեջանն էլ ստորագրել է դրա տակ, որ այդ ճանապարհի հարցը պետք է լուծվի եռամյա ժամկետում, այսինքն՝ ժամկետի լրանալուն մեկ տարի ու մի քիչ ավելի դեռ կա, ու Ադրբեջանի այդպիսի պահանջները չեն կարող ունենալ որևէ հիմնավորում։ 

Այլ հարց է, որ Ադրբեջանը փորձում է այս ռազմական շանտաժի տակ ինչ-որ քաղաքական մոտիվներ դնել, ու այստեղ հարցն այն է, թե հայկական կողմն ինչպես կհակազդի Ադրբեջանին պաշտպանական ու դիվանագիտական-քաղաքական տիրույթում։

– Ռուսաստանի արձագանքն այս սադրանքներին ինչպե՞ս եք գնահատում։

– Այն արձագանքը, որ մենք տեսնում ենք, բնականաբար, զուտ հայկական շահերի տեսանկյունից չի կարող բավարար լինել, որովհետև մենք արդարացիորեն համարում ենք, որ ռազմավարական դաշնակիցը և հատկապես խաղաղության համար պատասխանատվության մանդատ ստանձնած խաղացողը պետք է շատ ավելի հստակ ու հասցեական գործի այս իրավիճակներում։ 

Միևնույն ժամանակ մենք չպետք է կտրվենք իրականությունից ու հասկանանք, որ Ռուսաստանը չի գնա Ադրբեջանի դեմ, քանի դեռ իր կենսական շահերը ոտնահարված չեն, ու այս տեսանկյունից մենք տեսնում ենք, որ ռուսները պարզապես փորձում են աշխատել Բաքվի հետ՝ անգամ այսպիսի խախտումների պարագայում, ու այդ աշխատանքը առավելապես հիմնված է դիվանագիտական միջոցներով խնդիրները հարթելու վրա: Ինչպե՛ս է ստացվում այդ աշխատանքը՝ պարզ կլինի ժամանակի ընթացքում, որովհետև ռուսները լուծելու են իրենց հարցերը և ոչ թե մերը։ 

Այս տեսանկյունից ուշադրության է արժանի այն, որ Շոյգու-Հասանով հեռախոսազրույցից առաջ ռուսական խաղաղապահ զորակազմը չէր արձագանքել օգոստոսի 1-ի սադրանքներին ու իրենց ամփոփագրում չէր նշել, որ հրադադարի խախտում է տեղի ունեցել։ 

Օգոստոսի 2-ին եղան Շոյգու-Հասանով հեռախոսազրույցը ու նաև Պուտին-Փաշինյան, Լավրով-Միրզոյան հեռախոսազրույցներ, ու դրանից հետո ռուսական կողմը օգոստոսի 2-ի երեկոյան արդեն իր ամփոփագրում նշել է, որ օգոստոսի 1-ին Ադրբեջանը թույլ է տվել հրադադարի երեք խախտում։ 

Սա հարց է առաջացնում՝ ի՞նչ տեղի ունեցավ, որ ռուսները օգոստոսի 1-ին լռեցին, իսկ 2-ին արդեն արձանագրեցին խախտումը։ Սա թույլ է տալիս խոսել այն մասին, որ Ռուսաստան-Ադրբեջան տիրույթում ամեն ինչ այնքան էլ համաձայնեցված չի ընթացել, ու Մոսկվան գոհ չի մնացել Շոյգու-Հասանով հեռախոսազրույցից, ու հաջորդիվ մենք տեսնում ենք ոչ միայն այդ արձանագրումը, այլ նաև՝ էսկալացիայի շարունակություն: Ինչպիսին կլինի՞ Ռուսաստանի հաջորդ գործողությունը՝ հարցական է։

– Ասում եք, որ Ռուսաստանն Ադրբեջանի դեմ դուրս չի գա, քանի դեռ իր կենսական շահերը չեն ոտնահարվել, բայց Արցախում հրադադարի խախտումը դեմ չէ՞ Ռուսաստանի շահերին, որովհետև ինքն է ստանձնել խաղաղապահ առաքելությունն ու հրադադարի պահպանման երաշխավորն է Արցախում։

– Նայած, թե ինչ աստիճանի են դրանք. եթե դիտարկում ենք այս աստիճանի լարվածությունը, չեմ կարծում, որ սա այն մասշտաբի է, որ շոշափի Ռուսաստանի կենսական շահերը, բայց, անկասկած, սա մարտահրավեր է Ռուսաստանի համար, որովհետև եթե էսկալացիան շարունակություն ունենա, բնականաբար, հետագա զարգացումները Ռուսաստանի համար կարող են անկանխատեսելի լինել, այսինքն՝ եթե այստեղ ստանա անկայունության բավականին մեծ մարտահրավեր, չեմ կարծում, թե դա այսօր պետք է Ռուսաստանին՝ հաշվի առնելով ուկրաինական զարգացումները։ 

Ամեն բան կախված է նրանից, թե Բաքուն մինչև ուր կփորձի խաղարկել այդ լարվածության խաղաքարտը։ Մեծ հաշվով՝ գործնական խնդիրն այն է, թե արդյոք Բաքուն ունի՞ երրորդ կողմի խրախուսանք ռուսների առաջ այսպիսի խնդիրներ դնելու հարցում։ Եթե այդ խրախուսանքը չունենա՝ չի էլ գնա շատ լուրջ քայլերի, բայց եթե այդ խրախուսանքը լինի՝ դա կարող է լինել լուրջ մարտահրավեր թե՛ տարածաշրջանի, թե՛, բնականաբար, Հայաստանի ու Արցախի համար։

– Երրորդ կողմը Արևմո՞ւտքն է, պարո՛ն Բադալյան։

– Եթե նկատի ունենանք, որ Իրանի խնդիրը բավական սրությամբ դիտարկում է Արևմուտքը, ու կա պետությունը, որ կաշխատի Արևմուտքի մոտ այդ սուր զգացողությունները ավելի խորացնելու ուղղությամբ, նկատի ունեմ Իսրայելը, բնականաբար, ռիսկերը տեսագործնական իմաստով բավական շոշափելի են՝ հաշվի առնելով այն, որ եթե Իրանի հանդեպ վարվում է ճնշման քաղաքականություն, ապա թիրախ կարող է դառնալ Իրան-Ռուսաստան կապը։ 

– Լաչինի ու հարակից տարածքների պաշտպանության ու անվտանգության պատասխանատուն ռուս խաղաղապահնե՞րն են, թե՞ Արցախի պաշտպանության բանակը։

– Ստույգ չեմ կարող ասել, թե հատկապես որ մասում է տեղի ունեցել փոխհրաձգությունը, բայց բոլոր դեպքերում հասկանալի է, որ այդ գոտին ընդհանրապես ռուս խաղաղապահներ պատասխանատվության գոտին է, բայց մենք տեսել ենք, որ այդտեղ կարող են լինել հրադադարի խախտումներ՝ անկախ խաղաղապահների ներկայությունից։ 

Պետք է արձանագրենք, որ Արցախի անվտանգության հարցում, եթե խոսքը լոկալ բնույթի սպառնալիքների մասին է ու ոչ թե լայնածավալ պատերազմական սպառնալիքի, ապա այստեղ գլխավոր անելիքը Արցախի բանակինն է, ու պատրանքներ չպետք է ունենալ։ 

Ընդհանրապես որևէ տեղ խաղաղապահները չեն ապահովում լոկալ բախումները, այսինքն՝ խաղաղապահները բացառում են լայնամասշտաբ գործողությունների հեռանկարը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am