Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կասեցրել է Արարատի մարզի Հնաբերդ գյուղում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ պահանջների խախտումների պատճառով։
ՍԱՏՄ-ի հաղորդմամբ՝ անհատ ձեռնարկատեր Մայիս Եգորյանին պատկանող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումներ։
Մասնավորապես՝ արտադրական տարածքի հատակը չի համապատասխանել սահմանված պահանջներին, պատերի ծեփը թափված է եղել, իսկ սարքավորումներն ու գործիքները չեն պահպանվել պատշաճ վիճակում։
Բացի այդ, արտադրամասում բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը։
Հայտնաբերված խախտումների հիմքով տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև դրանց վերացումը։



















