Իսրայելի խորհրդարանական ընտրություններում քվեների շուրջ 90%-ի հաշվարկից հետո վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած դաշինքը շարունակում է առաջատար մնալ, սակայն չի ապահովում Քնեսեթում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ մանդատների թիվը։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Նախնական տվյալներով՝ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած դաշինքը ստանում է 53 մանդատ, իսկ Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցության գլխավորած ընդդիմադիր դաշինքը՝ 48։
Արաբական երկու կուսակցություններին բաժին է ընկնում 19 մանդատ, ինչը նրանց համար պատմական արդյունք է համարվում։
Իսրայելի 120-տեղանոց խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ, որը քաղաքական ուժերից ոչ մեկը դեռ չի ապահովել։
Թե՛ Նեթանյահուն, թե՛ Այզենկոտը հայտարարել են կառավարող կոալիցիա ձևավորելու մտադրության մասին։
Վերջնական արդյունքների հրապարակումից հետո Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը խորհրդակցություններ կանցկացնի խորհրդարանական ուժերի հետ և կառավարություն ձևավորելու մանդատը կհանձնի այն քաղաքական գործչին, որն առավել մեծ հնարավորություններ կունենա կոալիցիա կազմելու համար։
Գործընթացը կարող է տևել մի քանի շաբաթ։ Եթե կառավարություն ձևավորել չհաջողվի, հնարավոր է՝ Իսրայելում անցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ։



















