«Տպավորություն է, որ բոլոր կոռուպցիոներներին արդեն բռնել ենք, բոլորը նստած են, հիմա զբաղվում ենք այսպիսի հարցերով». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իր նկատմամբ հարուցած վարույթին:

Նա ասաց, որ քաղաքապետ դառնալուց առաջ այլևս չի ղեկավարում իր ընկերությունը, այսինքն՝ անիմաստ էր վարույթի հարուցումն այդ հարցով:

«Կարծում եմ՝ այդքան ժամանակ, պետական ռեսուրս ծախսել մի բանի վրա, որն ակնհայտ է, ընդամնեը 3000 դրամ կարող էին վճարել և ՊԵտռեգիստրով տեսնել, որ ես նախքան քաղաքապետ դառնալը արդեն այդ ընկերության տնօրեն չեմ հանդիսացել: Եթե այդ 3000 դրամը չկար, ես պատրաստ եմ իմ աշխատավարձից տալ այդ կառույցին, որ իրենք մեր պետության ռեսուրսները դրա համար չծախսեն: Ես, ճիշտն ասած, ուզում էի դա անել, բայց վախեցա, որ դա էլ կարող են որպես կաշառք դիտարկել, մի հատ էլ վարույթ էդտեղ հարուցել: Իմ մոտ տպավորություն է, որ բոլոր կոռուպցիոներներին էս երկրում արդեն բռնել ենք, բոլորը նստած են, հիմա զբաղվում ենք այսպիսի հարցերով»,- ասաց Հայկ Մարությանը:

Հարցին, թե միտում տեսնո՞ւմ է իր նկատմամբ, քաղաքապետը պատասխանեց, որ հանձնաժողովի նախագահը Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածուն է: