Իրանի հարձակողական տեխնիկայի տեղափոխումը սահման ավելի շուտ կանխարգելիչ բնույթ էր կրում. Գարիկ Միսակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը

– Պարո՛ն Միսակյան, Գորիս-Կապան ճանապարհին իրավիճակը տևական ժամանակ է՝ անփոփոխ է մնում: Պաշտոնական Իրանի արձագանքներում այս խնդրի վերաբերյալ փոփոխություն նկատելի՞ է: 

– Գորիս-Կապան ճանապարհին առկա խնդրի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը, որը հնչել էր Իրանի արտգործնախարարի կողմից, կարծես փոփոխության չի ենթարկվել: Դրանից հետո որևէ պաշտոնական դիրքորոշում այս ուղղությամբ չի եղել, այսինքն՝ Իրանը հավասարակշռված, ավելի շուտ՝ սպասողական դիրքորոշում է որդեգրել, թե հայկական ու ադրբեջանական կողմերը, ավելի շուտ՝ հայկական կողմը ինչ գործընթացներ կսկսի:

Հայաստանում Իրանի դեսպանի արած հայտարարությունը, որ իրանական կողմը սպասում է, որ Հայաստանը պետք է այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ ավարտին հասցնի, խոսում է այն մասին, որ, հավանաբար, հայկական կողմից հայտարարվել է, որ ճանապարահատվածը կամ հայ-իրանական տարանցումը տեղափոխվելու է Տաթևի ճանապարհային հատված:

– Ստացվում է, որ Գորիս-Կապան ճանապարհի, որը մինչ այս անխոչընդոտ օգտագործվում էր Հայաստանի ու Իրանի կողմից, այժմյան կարգավիճակում փոփոխություն չի՞ լինելու, ու այն մնալու է ադրբեջանցիների հսկողության տա՞կ:

– Փաստացի այս պահին այն գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, բայց թե ի՛նչ ու ինչպե՛ս է ստացվում, երևի սպասենք պաշտոնական հայտարարությունների, հատկապես մեր կողմից, որովհետև կարծես թե իրավիճակ է ստեղծվել, որի հետ համակերպվել է նաև հայկական կողմը:

– Պարո՛ն Միսակյան, իրանական կողմը պատրաստվո՞ւմ է այլ քայլերի դիմել՝ խնդրի կարգավորման համար: 

– Իրանի ռազմավարությունը կարծես թե ներկա պահին կենտրոնացված չէ միայն Գորիս-Կապան ճանապարհի վրա, այլ, ընդհանրապես, հարավկովկասյան, հատկապես հայ-ադրբեջանական հարաբերություններն է ընդգրկում, նաև մեծ ուշադրություն է դարձնում թուրքական ներկայությանը Ադրբեջանի Հանրապետության տարածքում:

Կասպից ծովում թուրքական ուժերի կողմից իրականացված զորավարժությունները ևս ուշադրության կենտրոնում են, ինչն Իրանում բացահայտ բացասական արձագանքի է արժանացել և՛ պետական, և՛ հասարակական մակարդակներում: 

Այսօր նաև տեղեկատվություն տարածվեց, որ Նյու Յորքում Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը որոշում է կայացվել Թեհրանում արտգործնախարարների մակարդակով անցկացնել թուրք-իրանա-ադրբեջանական եռակողմ հանդիպում՝ հավանաբար հենց տարածաշրջանային այս խնդիրները քննարկելու նպատակով:

– Իսկ ի՞նչ նպատակով է Իրանը Ադրբեջանի հետ սահմանային հատված տեղափոխել հիմնական հարձակողական զինտեխնիկա ու զինուժ, ինչպես նշում են իրանական լրատվամիջոցները:

– Իրանի, մասնավորապես, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակողական ու հետախուզական ուժերի տեղափոխման նպատակը նախ՝ ուժի ցուցադրումն էր տարածաշրջանում, երկրորդ՝ հարվածային ներուժի ցուցադրումը, ինչը նշանակում էր, որ իր դեմ որևէ ոտնձգության, իր շահի դեմ ակնհայտ գործողությունների պարագայում Իրանն ունակ է ամեն կարգի պատասխանները տալ:

Իրանական կողմից ցուցադրաբար տեղափոխվեցին և՛ ԱԹՍ-ներ, որոնք ի զորու են պայքարելու «Բայրաքթարների» դեմ, և՛ հրթիռային համակարգեր, և՛ բալիստիկ հրթիռներ, մի խոսքով, ցուցադրվեց այն ամենը, ինչն անհրաժեշտ էր, որպեսզի տարածաշրջանային մյուս կողմերը հասկանան, որ Իրանի դեմ որևէ ռազմական գործողություն կամ Իրանի ազգային շահի դեմ որևէ գործողություն հանգեցնելու է համարժեք պատասխանի:

Այդ հարձակողական տեխնիկայի տեղափոխումն ավելի շուտ կանխարգելիչ բնույթ ուներ: Իրանական կողմում սա բացատրում են որպես զգուշացում տարածաշրջանում բոլորին, նկատի ունենալով Թուրքիային, Դաղստանին և Ադրբեջանին:

– Պարո՛ն Միսակյան, այդ տեխնիկան դեռ շարունակո՞ւմ է մնալ Իրան-Ադրբեջան սահմանին:

– Դեռ շարունակում է, ու այն գործընթացը, որն ընթանում է, դեռ ավարտին չի հասել, ու որևէ տեղեկություն, թե այդ տեխնիկաները երբ են վերադարձվելու իրենց նախկին տեղակայման վայրեր կամ, ընդհանրապես, վերադարձվելո՞ւ են, թե՞ ոչ, իրանական դաշտում չկա: Հավանաբար կմնան այնտեղ մինչև արտգործնախարարների հանդիպումը, որովհետև Իրանը, կարծում եմ, պահանջներ կներկայացնի:

– Այդ հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունենանք, մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհի խնդրի լուծման վերաբերյալ:

– Դատելով, թե ովքեր են հանդիպման մասնակից կողմերը, խնդիրը միայն Գորիս-Կապանը չի լինելու, այլ նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակը կքննարկվի: Եկեք կանխատեսումներ չանենք, քանի որ և՛ Իրանը, և՛ Թուրքիան անկանխատեսելի են արտաքին քաղաքականության հարցում, բայց քանի որ նախաձեռնությունը Իրանինն է, ու դա կայանալու է Թեհրանում և Իրանի ուժի ցուցադրությունից օրեր անց, ապա Իրանը մյուս երկու պետություններին ներկայացնելու է իր պահանջներն ու նպատակը, ինչի համար իրականացվեցին զորքերի այս տեղաշարժն ու հակաադրբեջանական քարոզչական մեծ ալիքը:

– Ռազմական բախման լուրջ նախադրյալներ այս պահին տեսնո՞ւմ եք, պարո՛ն Միսակյան:

– Այդ նախադրյալները գրեթե բացակայում են մի քանի պատճառներով. նախ՝ Ադրբեջանը՝ որպես առանձին պետություն, միայնակ չի կարող Իրանի հետ որևէ բախման գնալ՝ և՛ ռազմական, և՛ քաղաքական առումով, իսկ Թուրքիան երբեք Իրանի հետ անմիջականորեն որևէ ռազմական բախման չի գնացել ՝ հաշվի առնելով նաև, որ գրեթե հավասարազոր ռազմական ուժ ունեցող պետություններ են, ու այդ պատերազմում հաղթողներ չեն լինելու:

Իրանի ու Թուրքիայի միջև պրոքսի պատերազմներն ընթանում են հիմնականում ազդեցության ուժերի կողմից ամբողջ տարածաշրջանում՝ Սիրիայում, Իրաքում, նույնիսկ Աֆղանստանում, Ադրբեջանի Հանրապետության տարածքում:

Եթե Սիրիայում և Իրաքում դրանք զինված բնույթ են կրում, ապա մյուս տեղերում՝ քարոզչական ու ազդեցության գործակալների միջոցով: Այսինքն՝ հակամարտությունը, մրցակցությունը կան, բայց որևէ զինված բախման չի տանելու մոտ ապագայում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am