Խտրականության դեմ պայքարի արդյունավետությունը պետք է մեծացնել

Խտրականության դեմ պայքարի արդյունավետությունը պետք է մեծացնել
Խտրականության դեմ պայքարի արդյունավետությունը պետք է մեծացնել

Հայաստանում խտրականության տարատեսակ դրսևորումները և դրա դեմ պայքարը մշտապես մնում են իրավապահ հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։

Հայաստանում խտրականության պատկերի մասին վերջին ուսումնասիրություններից մեկն իրականացվել է 2016 թվականին «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի» կողմից։ Այդ ուսումնասիրության առանձին՝ ազգային փոքրամասնություններիփախստականների և հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ կետերին անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներում։

Հայաստանում խտրականության վերաբերյալ մեկ այլ ուշագրավ հետազոտություն՝ «Խտրականության փորձագիտական ընկալումները Հայաստանում», իրականացրել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Նիդերլանդների աջակցությամբ 2015 թվականին։

Այդ ուսումնասիրության մեջ բազմաթիվ փորձագետների հետ զրույցների արդյունքում փորձ է արվել գտնել խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի արդյունավետ լուծումներ։

Ուշագրավ է, որ ուսումնասիրությանը մասնակցած բոլոր փորձագետները խտրականության դեմ պայքարում առաջնային են համարել կրթության ոլորտը, կրթության և դաստիարակության ճանապարհով հանդուրժողական մոտեցումների սերմանումը և ամրապնդումը երեխաների շրջանում՝ որպես հասարակության մեջ խտրականության արգելման արմատական, երկարաժամկետ, արդյունավետ ուղի:

Բացի սա, բոլոր փորձագետները, որպես գործիք, առանձնակի կարևորել են հանրության իրազեկմանն ուղղված աշխատանքների իրականացումը, գիտելիքների շարունակական տարածումը: Այս առումով, էական նշանակություն է տրվել քաղաքացիական հասարակության կառույցներին, որոնք, ըստ փորձագետների ակնկալիքների, լուրջ դերակատարություն ունեն հասարակական լայն շրջաններում աստիճանական փոփոխությունների ներմուծման գործում, գիտելիքների տարածման, հանրային իրազեկման, տեղեկատվական արշավների, նոր մոտեցումների տարածման խնդիրներում:

Առանձնակի կարևորության գործիք են համարվել նաև զանգվածային լրատվության միջոցները, որոնք սոցիալական գովազդների, երկխոսության, հանդուրժողականության զարգացման և իրազեկման իմաստով պիտի կարևոր գործառույթներ ստանձնեն խտրական մոտեցումները բացառելու համար:

Ինչ վերաբերում է խտրականությունն արգելելու և կանխելու իրավական կողմին, ապա փորձագետների մեծ մասն այդ նպատակով առանձին մարմին ստեղծելու անհրաժեշտություն չի տեսել։ Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանում արդեն իսկ բավարար կառույցներ կան, որոնց գործունեությունն ուղղված է խտրականության բացառմանը, խտրականության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը:

Այստեղ, սակայն, հիմնական խնդիրն այն է, որ խտրականության դեմ պայքարում այդ կառույցների լիազորությունները պետք է ավելի կիրառելի դառնան։ Ընդհանուր առմամբ, ըստ ուսումնասիրության, խտրականության դեմ պայքարի հարցում օրենսդրության և պրակտիկայի միջև առկա է անջրպետ, և նույնիսկ գործող օրենսդրության շրջանակներում խտրականության հիմնախնդիրը առաջ է գալիս ոչ թե օրենսդրական խնդիրներից կամ դրանց անբավարար լինելուց, այլ իրավակիրառ պրակտիկայից:

Հայաստանում խտրականության վերաբերյալ վերոնշյալ ուսումնասիրությունները, ինչպես նշեցինք, իրականացվել են 2015 և 2016 թվականներին։

2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը կանգնած է նոր բարեփոխումների հնարավորությունների առջև, և քաղաքացիական հասարակության հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է որակական նոր և ավելի արդյունավետ հիմքերի վրա դնել խտրականության դեմ պայքարը։

Աղբյուրը՝ uic.am