Սատանան մանրուքների մեջ է. Փաշինյանը՝ Թովմասյանից ստացած գրիչի մասին. Տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Սահմանադրական դատարանի և նրա նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վարչապետը մեկ անգամ ևս հայտարարեց՝ կեղծիքով ՍԴ անդամ ընտրված մարդը չի կարող գտնվել ՍԴ-ում և պաշտոնավարել. «Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է՝ կեղծիքների միջոցով ընտրված մարդը իրավունք չունի ՍԴ նախագահ լինել։ Նրա դեմ այդ կեղծիքի գործոնը օգտագործվելու է այլ կեղծարարների կողմից։ Կեղծիքով ընտրված մարդը չի կարող լինել ՍԴ անդամ։ Կոռումպացվածներին չի հաջողվի խառնակչություններով կոտրել մեր տնտեսական հեղափոխության թափը, որովհետև ժողովուրդը և կառավարությունը միասնական են։ ՍԴ-ի այս նախագահը գործում է այն կեղծիքի հիման վրա, որով դարձել է ՍԴ նախագահ։ Համոզված եմ՝ Հայաստանի ժողովուրդը սրա հետ համաձայն է»։

Վարչապետ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու անմիջապես հեղափոխությունից հետո չեն բաղվել ՍԴ-ի խնդրով։ Նա ասաց, որ սկզբում գոյություն է ունեցել նաև օպերատիվ կառավարման խնդիր, ու թեև տարբեր իրավաբաններ իրեն ներկայացրել են փաստեր, դրանց իշխանությունը անդրադարձել է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակից հետո։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության հետ գործակցելու չհաջողված փորձերից հետո Հրայր Թովմասյանը պաշտպանություն է փնտրել․ «Հրայր Թովմասյանը սկսել է պաշտպանություն փնտրել, որոնք ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ։ Երբ ՍԴ նախագահը տեսել է, որ իշխանությունը չի հետաքրքրվում իր ծառայություններով, ներքաշվել է քաղաքականության, հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ։ Եվ կարծում եմ՝ պետք է հետաքննվի՝ ում հետ է հանդիպել և այլն»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հրայր Թովմասյանի շուրջ իրադրությանը ողջ տեղեկատվությանը տիրապետում է երեք անձ․ «Այս պատմությանը տիրապետում է 3 հոգի, որոնցից երկուսը ո՛չ միայն ընդդիմադիր են, այլև թշնամական դիրքերից են հանդես գալիս իշխանության նկատմամբ։ Այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար դիմում են ամեն ինչի։ Կապանում ասուլիսում ես խոսում էի․․․ այժմ բացահայտ դա արտահայտվեց և ապացուցվեց։ Սա է ճշմարտությունը։ Սատանան մանրուքների մեջ է»։ Հիշեցնենք, ասուլիսում վարչապետը խոսել է հիբրիդային հեղաշրջման մասին։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: