Կոնդի տների հարցն առկախված է. նոր ժամկետներ են նշվում. Fip.am

Երևանի Կոնդ թաղամասի տասնյակ բնակիչներ ավելի քան 10 տարի սպասում են իրենց օտարված տարածքների փոխհատուցմանն ու բնակեցման հարցի լուծմանը։ 

Կառավարության որոշմամբ 2007-ին Կոնդի Լեոյի փողոցից մինչև Դեմիրճյան փողոց ընկած հատվածը ճանաչվել էր գերակա շահ և օտարվել «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ին: Տարածքում գտնվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ էր սահմանվել 2009 թ. հունվարի 1-ը, այնուհետև հետաձգվել էր մինչև 2012 թ. հունվարի 1-ը։ 

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում, որտեղ բնակվել են շուրջ 200 ընտանիքներ, տները քանդել էին` խոստանալով, որ շուտով բնակարաններ կտրամադրեն, իսկ մինչ այդ, իրացնող ընկերությունը կփոխհատուցի նրանց վարձակալած բնակարանների վճարները: 

2012 թ. հունիսի 1-ից, վերակազմակերպման արդյունքում, «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ից առանձնացվել է «Դիվելոփմենթ Սուփորթ» ՓԲԸ-ն, որին փոխանցվել են արդեն իսկ իրացված (քանդված) անշարժ գույքերի սեփականատերերի մասով «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի ստանձնած պարտավորությունները:

2014 թվականին կառավարության 06.11.2014 թ. թիվ 1227-Ա որոշմամբ բնակիչներին խոստացել են բնակարաններ տրամադրել «Դվին» հյուրանոցի տարածքում՝ Պարոնյան 42/1 հասցեում կառուցվող շենքում, որը նույն որոշման մեջ նշվում է, որ շինթույլտվություն չունի։

2015-ին Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, հանդիպելով քաղաքացիներին, հավաստիացրել էր, որ Պարոնյան 42/1-ի շինարարությունը կտևի 1,5 տարի, և բնակիչները վերջապես տուն կունենան։ 

Այդ շենքը, սակայն, մինչ օրս կառուցված չէ: Կոնդի 107 բնակչի շուրջ 13 տարի տևած պայքարը դեռևս վերջնական լուծում չի ստացել։ Անօթևան ընտանիքներին շարունակում են վճարել վարձի գումար՝ յուրաքանչյուրին 60.000 դրամ, թեև երբեմն բնակիչները դրանք ստանում են բավականին ուշացումներով։

Կոնդի բնակիչների հարցը բազմաշերտ է

Կոնդ թաղամասի նախկին բնակիչ Իռա Նազինյանը, որի հետ «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն նույնպես կնքել էր օտարման պայմանագիր, Fip.am-ին պատմեց, որ իրենց՝ Կոնդի բնակիչների հարցը բազմաշերտ է, և բնակիչների մի մասի խնդիրը մասամբ է լուծվել։ 

«Մենք բնիկ երևանցիներ ենք՝ 4-5 սերունդ ապրած։ Պոչտայի (Հայփոստ) հետևն ենք ապրել, դեպի եկեղեցի գնացող հատվածը մեր սեփականությունն է եղել, որը 1800 թվականներից էինք ժառանգել։ Մեր տունը 214 քմ է եղել, որից ձևակերպվել է 200-ը։ Ես մասնագիտությամբ շինարար եմ և հետաքրքրվեցի, թե Կոնդի տեղը ի՞նչ է նախատեսված։ Ասում էին, որ նոր, գեղեցիկ շենքեր պետք է կառուցեն։ Կոնդի սեփական տները փաստաթղթավորվեցին, և բնակիչներով համաձայնեցինք, պայմանագրեր կնքեցինք 2006-2007 թթ․-ին։ Ըստ պայմանագրի՝ կոնկրետ մեզ պետք է 3 բնակարան հատկացնեին՝ մեկը 1 սենյականոց՝ 37 քմ, մյուսը՝ 2 սենյականոց՝ 50 քմ և երրորդը 3 սենյականոց՝ 95 քմ, նաև մեկ ավտոտնակ՝ 18 քմ։ 2008-ից մենք գնացինք վարձով բնակարաններ։ Մինչև 2011 թիվը նորմալ վճարում էին, հետո սկսվեցին խնդիրները։ Պռոշյան փողոցը 19 անգամ փակել ենք, Սերժ Սարգսյանն իջել է, մեզ հետ խոսել և ասել «կանենք, կանենք»»,- նշեց Կոնդի նախկին բնակչուհին։

Բողոքի ակցիաներն ու քաշքշուկները տևել են մինչև 2016 թվականը, երբ բնակիչներին առաջարկել են 1 քմ-ի դիմաց 450 դոլար փոխհատուցում։

«Ոչ մեկ չէր համաձայնվում, ասում էին՝ այդքան գումարով ի՞նչ պետք է անենք, ասացին՝ ուզում եք ուզեք, չեք ուզում՝ եկող տարի սա էլ չի լինելու։ Անցավ 10 օր, ինձ տեղեկացրին, որ մեծ թվով բնակիչներ արդեն գումար են վերցրել։ Ես վարձով 7 բնակարան եմ տեղափոխվել, ամբողջ գույքս հավասարվեց զրոյի, մենք մեծ պարտքերի տակ ընկանք, հիվանդություններ և այլն, որոշեցինք, որ առաջարկվող գումարը՝ շուրջ 20 մլն դրամ, վերցնենք։ Հիմնականում նրանք, որոնք ծանր վիճակում էին, փողը վերցրեցին, Երևանին մոտ բնակավայրերում կարողացան տուն առնել, մենք Եղվարդում տուն գնեցինք, բայց հետո դա էլ վաճառեցինք և հիմա էլի վարձով ենք ապրում»,- պատմում է Նազինյանը։ 

Գումարը վերցրած բնակիչները թեև պայմանագրի մեջ ամրագրել են, որ այսուհետ ընկերությունը պարտավորություն չունի իրենց նկատմամբ, բայց ներկայում պահանջ ներկայացնում են։ 

«Թող պատասխան տա այն անձը, որը նշանակել է 450 դոլար 1 քմ մետրի համար։ Ասում են, որ դուք ոչինչ չեք կարող անել, քանի որ համաձայնագիր եք ստորագրել: Ես էլ ասացի՝ եթե 2016 թ. իմ պայմանագրի բոլոր դրույթները կկատարեն, ես այդ համաձայնագրին համաձայն եմ, բայց խախտել են դրույթները, որտեղ նշված է եղել, որ վերանորոգված տուն պետք է ստանամ՝ փայտե դռներով, եվրապատուհաններով, իսկ ինձ այստեղ տվել են շինարարության մեկ քառակուսու արժեքը։ Ես շինարարության պայմանագիր չեմ կնքել, ես բնակարանի պայմանագիր եմ կնքել՝ սա քրեական գործ է»,- պնդում է բնակչուհին՝ հավելելով, որ համաձայնել են, որովհետև «ահաբեկել են, որ հաջորդ տարի դա էլ չի լինի»։ 

Ի դեպ, Իռա Նազինյանը նշեց, որ հանրային գերակա շահ ճանաչված տարածքում այսօր որևէ շինություն չկա, կոնկրետ իր տան տարածքում մեքենաների լվացման կետ է։ «Հավանաբար դրա համար են գերակա շահ ճանաչել»,- նշեց նա։ 

Ում էին օտարում տարածքները 

Ինչպես նշեցինք, ի սկզբանե գերակա շահ ճանաչված տարածքը օտարվել է «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ին։ Այս ընկերության սեփականատերն էր լիբանանցի գործարար Պիեռ Միշել Ֆատուշը, որը 2002 թ. Լեռնային Ղարաբաղում հիմնադրել էր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն։ Ֆատուշների ընտանիքը 2004 թ. Հայաստանում հիմնադրել էր «Ղ-Տելեկոմը», որը 2005 թ. մուտք էր գործել որպես բջջային օպերատոր «ՎիվաՍել» ապրանքանիշի ներքո: Ֆատուշների ընտանիքի բաժնետոմսերի 80 տոկոսը 2007 թ.-ին ձեռք էր բերել ռուսական ՄՏՍ ընկերությունը։ 2019-ի օգոստոսին լիբանանյան գործարարները վաճառել են «ՄՏՍ Հայաստան» ընկերության բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը։ 

«Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի վերակազմակերպման արդյունքում առանձնացված «Դիվելոփմենթ Սուփորթ» ՓԲԸ—ի սեփականատերը, ըստ պետական ռեգիստրի, կրկին Պիեռ Միշել Ֆատուշն էր։ Այս ընկերությունն էլ սնանկ է ճանաչվել 2015 թվականին։ 

Կառավարության 2014 թ. թիվ 1227-Ա որոշմամբ, ի վերջո, «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն է ձեռք բերել Երևանի Կոնդ թաղամասում կառուցվող Պարոնյան 42/1 կիսակառույց շինությունը և պարտավորվել սպասարկել «Դիվելոփմենթ Սուփորթ» ՓԲԸ-ի ունեցած կրեդիտորական պարտավորությունների որոշակի մասը, այդ թվում՝ Երևանի Կոնդ թաղամասի իրացված գույքային միավորների պայմանագրային արժեքը հատուցելու պարտավորությունները։

Ինչ վերաբերում է «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի սեփականատերերին, ապա այդ մասով պետական ռեգիստրում տվյալներ չկան։ Սակայն հատկանշական է, որ ինչպես «Դաունթաուն Երևան» ընկերությունը, «Ի ԷՄ ՍԻ»-ն ևս գրանցված է Սայաթ-Նովա 19 հասցում։ 

Հատկանշական է, որ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն պարտավորվել էր նաև իրացնել Երևանի Գլխավոր պողոտայի հատվածում՝ Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով պարփակված տարածքում գտնվող կառույցների մի մասը, որտեղ նախատեսված է «Հին Երևան» նախագիծը, ինչը, սակայն, կրկին չէր կատարել։ 

Շենքը բնակիչներին հանձնելու նոր վերջնաժամկետ է սահմանվել

Քաղաքապետարանից «Փաստերի ստուգման հարթակին» հայտնեցին, որ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն 2020 թ. հունվարի 10-ին գրությամբ տեղեկացրել է, որ ներկայում իրականացվում են Պարոնյան փողոց թիվ 42/1 և 42 հասցեներում բազմաբնակարան շենքի կառուցապատման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է մինչև 2021 թվականի հունվար ամիսը: 

Ինչ վերաբերում է իրացված գույքային միավորների նախկին սեփականատերերին բնակարան տրամադրելու պարտավորությանը, ապա ընկերությունը հայտնել է, որ նրանց մի մասը կնքել է հրաժարագրի պայմանագրեր և ստացել գումարներ:

«Ճնշող մեծամասնությունն ընտրել է բնակարանային փոխհատուցում ստանալու տարբերակը, և ընկերությունը շարունակում է վերջիններիս վճարել բնակվարձերի գծով գումարներն ու կնքել վերը նշված հասցեներում կառուցվող շենքից անշարժ գույքերի գնման իրավունքի պայմանագրեր: Մինչ այժմ կնքվել է թվով 69 պայմանագիր»,- նշվում է պատասխանում:

Նելլի Լազարյան

www.Fip.am