Գառնի-Երևան մայրուղային ջրատարը վերանորոգվում է

Վթարված Գառնի-Երևան մայրուղային ջրատարը վերանորոգվում է։ Հնարավոր է, որ փետրվարի 21-ի առավոտյան սպառողների ջրամատակարարումը կվերսկսվի։

«Ինչպես տեղեկացրեց «Էրեբունի» շահագործման տեղամասի պետ Հենրիկ Մարտիրոսյանը, ավարտվել է մնացորդային ջրի հեռացումը այս խոշոր, շուրջ 40 կմ երկարություն ունեցող խողովակաշարից և սկսվել են վերանորոգման աշխատանքները:

Վթարը տեղի է ունեցել Նուբարաշենի աղբավայրից քիչ հեռու՝ ձորում: Ջրատարի երկու խողովակներ, թերևս հողի սողքի պատճառով, իրարից հեռացել են 5-6 սմ, որով պայմանավորված ջուրն ուժեղ շիթով դուրս է մղվել ու շուրջբոլոր հողը քանդել:

Նախատեսվում է աշխատել նաև գիշերը՝ լուսարձակների լույսով՝ վերանորոգումը հնարավորինս արագ ավարտելու համար: Սակայն ևս մի քանի ժամ կպահանջվի խողովակաշարը նորից ջրով լցնելու ու բաշխիչ ցանցում բավարար ճնշում ապահովելու համար: Այնուամենայնիվ, «Էրեբունիում» աշխատում են այն հաշվով, որ վաղն առավոտյան վերսկսեն սպառողների ջրամատակարարումը»,- տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։