Սարդարապատին մտահոգում է Կազանի հանդիպումը

Սարդարապատին մտահոգում է Կազանի հանդիպումը
Սարդարապատին մտահոգում է Կազանի հանդիպումը

Հունիսի 24-ին Կազանում, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում տեղի ունենալիք եռակողմ նախագահական հանդիպմանն ընդառաջ հայտարարությամբ է հանդես եկել Սարդարապատ շարժման նախաձեռնող խումբն`մտահոգություններն արտահայտելով:

«Կազան քաղաքում Արցախյան հարցի կարգավորման հերթական հանդիպումը ուղեկցվում է միջազգային ճնշումների աննախադեպ մեծացմամբ եւ բանակցող ուժերը հայկական կողմին փորձում են ստիպել ընդունելու հայ ժողովրդի կենսական շահերին հակոտնյա կարգավորման սկզբունքներ, ինչի կատարումը կբերի ազատագրված հայրենիքի կորստին եւ Արցախում օտարերկրյա զինուժի ներկայությանը: Մինսկի խմբի համանախագահ երկրները հետապնդելով սեփական երկրների շահերը այս տարածաշրջանում, կրկին փորձում են Հայաստանից կորզել առավելագույն զիջումներ և խախտել առկա ստատուս-քվոն, ինչը տարածաշրջանում կտրուկ կփոխի ուժային որոշ կենտրոնների մարտավարական և ռազմավարական քայլերը հարցի կարգավորման առընչությամբ և կառաջացնի պատերազմական գործողությունների վերսկսման մեծ վտանգ»,- մասնավորապես գրված է հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության հեղինակների, «Հայաստանի իշխանությունների լեգիտիմության բացակայությունը մեծացնում է վերջիններիս խոցելիությունը եւ պարտվողական կեցվածքը Արցախյան հարցի կարգավորման գործընթացում, և միջազգային հանրությունն ու Բաքուն բանակցություններում ելնում են այդ իրողություններից»:

«Հայության ներուժը, հայրենիքը պաշտպանելու հայ մարդու պատրաստակամությունը, բարոյականության եւ արդարարության հենքի վրա խարսխված պետական կառավարման համակարգն ու ազգընտիր իշխանություններն այն հիմնական կռվաններ են, որոնք կկանխեն եւ կվիժեցնեն Հայոց հայրենիքի մի մասը օտարելու ցանկացած մտադրության իրականացում:

«Սարդարապատ» նախաձեռնությունը, շարժման համախոհները սկզբունքային եւ վճռական են իրենց կեցվածքում հայրենիքի սակարկմանն ուղղված ցանկացած գործողություն կասեցնելուն, Արցախում օտարերկրյա զինուժի ներկայությունը բացառելուն, եւ պատրաստակամ են նպաստել հայության ներուժի կազմակերպմամբ ազատագրված Արցախի բազմակողմանի զարգացմանը, Արցախի, որպես Հայաստանի անքակտելի մաս հանդիսանալու իրավա-քաղաքական ամրագրմանը, այն կյանքի կոչելու կարևորագույն երաշխիք համարելով Հայաստանում պետության կայացումը եւ աշխարհասփյուռ հայության ջանքերի մեկտեղումը”, ասված է հայտարարության մեջ»,- գրված է հայտարարության մեջ:

© Medialab.am